«Կոնյակի շուկայում մենք այն Հայաստանը չենք, որ կար մինչև 2008 թվականը․հայկական արտադրանքը պահանջարկ չունի». Ավագ Հարությունյան

«Արդեն երկրորդ տարին է՝ մենք ունենք լավ տեսակի գինու և կոնյակի արտահանման աննախադեպ աճ՝ և՛ որակի, և՛ քանակի առումով։ Խոսքը նվազագույնը 30% աճի մասին է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ ընդգծելով, որ արտահանման հիմնական ուղղությունը ԵՏՄ շուկան է։

Նա նկատեց՝ թեպետ արտադրության և արտահանման ծավալներն աճ են գրանցում, բայց արժեքի առումով հակառակն է. «Արտահանում ենք շատ էժան արտադրանք։ Եվրոպական երկրներ կոնյակ ու գինի հիմնականում արտահանում ենք հայկական սփյուռքի համար։ Եվրոպացիները հայկական գինի չեն օգտագործում որակի պատճառով․ իրենք չէին փորձել, որովհետև ենթադրում էին, որ որակը վատն է։ Հիմա էլ չեն գնում արժեքի պատճառով։ Հայկական գինին միջին գնային սեգմենտում է գտնվում Եվրոպայում՝ 1 շիշը նվազագույնն արժե 7-8 եվրո, առավելագույնը՝ 15 եվրո, այն պարագայում, որ նույն որակի 2 եվրոյանոց գինի կա շուկայում։ Եվրոպացի սպառողը նախընտրում է 2.5-3 եվրոյանոց իրենց հասկանալի և ընկալելի գինին, քան 10 եվրոյանոց անծանոթ գինին։

10-15 եվրոյանոց շերտը եվրոպական շուկայում պահանջում է խիստ բարձր որակ և խիստ բարձր ճանաչելիություն։ Հայաստանը շատ մեծ գործ ունի անելու, որպեսզի կարողանա իր գինու ճանաչելիությունը բարձրացնել»։

Ինչ վերաբերում է ռուսական շուկային, ապա նա նշեց, որ Ռուսաստանում ամենաներքևի սեգմենտի համար պահանջում են անորակ գինի. «Վերևի սեգմենտում նույն քաղաքականությունն է, ինչ Եվրոպայում։ Ռուս սպառողը, որ նախընտրում է 15 եվրոյանոց գինի, ծանոթ է եվրոպական գինուն և նախընտրում է դա գնել։ Եթե ես ասում եմ, որ պահանջում են վատորակ գինիներ, ապա պահանջում են ամենաներքևի շերտի համար»։

168.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված խաղողի արտադրության նվազումը, ինչո՞ւ են արտադրողները քանդում այգիները, խուսափում այգեթաղ անելուց։ Ի պատասխան՝ Հարությունյանը հետևյալն ասաց.

«Հայկական խաղողի 95 տոկոսը գնում է կոնյակի արտադրությանը, գինու խաղողը չի հերիքում, և այդ շուկայում գները բարձրացել են։ Այդ տենդենցը կշարունակվի։ Կոնյակի առումով իրադրությունը վատ է, որովհետև գները չեն բարձրանում։ Իմաստ չկա կոնյակի համար նախատեսված խաղողին բարձր գին վճարել։ Այսինքն՝ մոտիվացիա չկա այգեթաղ անելու, լավ մշակելու։

Այգիները մնում են նույն չափսի, ինչքան քանդվում է, այդքան տնկվում է։ Խոսքը 16 հազար հեկտար պաշտոնական թվի մասին է։ Այգիները նվազում են երկու պատճառով, առաջին, որ ֆիլոսքերան է տարածվում, և մարդիկ հուսահատված են, չեն ուզում նոր այգիներ տնկել, և երկրորդ՝ կոնյակի գինը չի բարձրանում, որովհետև Ռուսաստանը չի թողնում։ Ռուսական շուկայում մեր տեղը կորցրել ենք։ Կոնյակի շուկայում մենք այն Հայաստանը չենք, որ կար մինչև 2008 թվականը․ ծավալների առումով նույն տեղում ենք, բայց իմիջի և որակի առումով զիջել ենք մեր դիրքերը։ Գներն իջան ինքնաբերաբար, որովհետև ռուբլին արժեզրկվեց։ Դա բերեց նրան, որ մեր կոնյակները հայտնվեցին ամենահետին պլանում»։

Խնդրի լուծման համար, ըստ Հարությունյանի՝ հիմա պետք է կտրուկ իջեցնել կոնյակի արտադրության ծավալները և որակական փոփոխություն կատարել, որպեսզի քիչ կոնյակ դուրս գա Հայաստանից, և գինը բարձրանա. «Բայց դա երկար տարիների աշխատանք է պահանջում»։

Տեսանյութեր

Լրահոս