«Այս համաձայնագիրն ունի լրջագույն ծածկույթ և՛ առևտրային, և՛ տնտեսական հարաբերությունների մասով». Գարեգին Մելքոնյան
Հայաստանը ներկայումս եվրոպական շուկա արտահանելիս օգտվում է GSP+ի արտոնությունից, որն ունեն ընդամենը 9 երկրներ, իսկ հաջորդ տարվանից կգործի նաև արտահանողների գրանցված համկարգը՝ REX-ը: Ինչպես այսօր ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ԱՀԿ շրջանակերում ԵՄ հետ ունենք գործող MFN ռեժիմը, և երկուսը միասին ՀՀ համար ապահովում են տեղում արտադրված ապրանքների գրեթե 90%-ի համար 0-ական մուտք դեպի եվրոպական շուկա։
REX համակարգը, ըստ նրա, ՀՀ-ում գործող կազմակերպություններին հնարավորություն կտա ԵՄ ապրանք արտահանելիս 1 անգամ գրանցվել համակարգում և դրա արդյունքում ապրանքն արտահանել դեպի ԵՄ առանց ծագման փաստաթղթի և օգտվել տրվող արտոնություններից:
«Այս համաձայնագիրն ունի լրջագույն ծածկույթ և՛ առևտրային, և՛ տնտեսական հարաբերությունների մասով: Համաձայնագիրն արտոնյալ առևտրի ռեժիմ չի նախատեսում, բայց ոլորտային և թեմատիկ ծածկույթի առումով ունի անհամեմատ ավելի մեծ և խորը ծածկույթ, քան ներկայումս ունենք ԵՄ հետ գործող համագործակցության համաձայնագրով»,- ասաց Գ. Մելքոնյանը՝ նշելով, որ ապրանքային առևտրում համագործակցությունը կանոնակարգվելու է Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների հիման վրա:
Ըստ նրա՝ համաձայնագրով փոխգործակցություն կա մաքսային ոլորտում, առևտրի տեխնիկական խոչընդոտների վերաբերյալ, մրցակցության բարձրացման ուղղությամբ, ծառայությունների մասով նախատեսվում է որոշակի ազատականացում և այլն։
Փոխնախարարը կարևորեց պետական գնումների ոլորտում համագործակցությունը, որ ազատականացում և հստակեցում է ենթադրում. «Առաջիկա 2-3 տարիների ընթացքում պետք է առանձին բանակցենք ներդրումների մասով, որն ուղղված է լինելու ներդրումների փոխադարձ պաշտպանությանը և խրախուսմանը»։
Գ.Մելքոնյանը նշեց, որ ԵՄ-ն կշարունակի նաև Հայաստանին բյուջետային աջակցության հատկացումը, մասնավորապես՝ 2016 թ-ին այն կազմել է 27.5 մլն եվրո, այս տարի նախատեսվում է 15-17 մլն եվրո բյուջետային հատկացում, հետագա տարիների հատկացումների մասով այս ծրագրի իրականացման հարցը քննարկվում է: