Ինչու է Պուտինը Ղարաբաղի հարցով մերժել Էրդողանին

«Կարգավորման գործընթացում ադրբեջանական կամ թուրք-ադրբեջանական օրակարգ այսօր լինել չի կարող»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի քաղաքական խնդիրներում մասնագիտացած գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող զարգացումներին, մասնավորապես՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցին, Պուտին-Էրդողան, Պուտին-Էրդողան-Ռուհանի բանակցություններին, Սարգսյան-Պուտին բանակցություններին և  համանախագահների դիրքորոշումներն:

Ուվե Հալբախն արձանագրեց, որ բանակցային գործընթացում ակնհայտ ակտիվություն է նկատվում վերջին մի քանի շաբաթների ընթացքում, և այդ ակտիվությունը պայմանավորված է թուրք-ադրբեջանական պայմանավորվածություններով:

«Թուրքիայի նախագահն օգտագործելով ինտենսիվացած ռուս-թուրքական բանակցությունների պահը՝ փորձեց ԼՂ հակամարտության կարգավորման հարցը քննարկման թեմա դարձնել Պուտինի հետ բանակցությունների ընթացքում վերջին շրջանում երկու անգամ, արծարծելով 5 շրջանի վերադարձի թեման, այդ ընթացքում Ադրբեջանի իշխանությունները փորձում էին սպառնալի հռետորաբանություն կիրառել հայկական կողմի դեմ՝ նշելով, որ վերադարձնելու են Ղարաբաղը, սակայն ակնհայտ էր նաև այն, որ Ռուսաստանը չզարգացրեց այդ թեման, ավելին, Լավրովն իր տարածաշրջանային այցի ընթացքում շեշտը դրեց հակամարտության երկարաձգման և կարգավորման հարցում բարդությունների վրա, որը շատերը մեկնաբանում են՝ որպես սառեցման փորձ, ինչը մասամբ համապատասխանում է իրականությանը, հակամարտության ստատուս-քվոյի պահպանմանն այլընտրանք չկա, երբ կողմերից մեկը ցանկանում է ստանալ ամեն ինչ՝ չզիջելով դրա դիմաց ոչ մի հարցում, ներկայումս սա նույնիսկ համանախագահների համար է պարզ:

Ռուսաստանը չի կարող զարգացնել միակողմանի կարգավորման թեմաները, քանի որ կարգավորումը չի բխում իր շահերից, երկրորդ` ներկայումս Հայաստանին «նեղացնելը» ևս իր շահերից չի բխում, քանի որ ՀՀ իշխանությունների ներկայիս քաղաքականությունն ամբողջությամբ Կրեմլի տրամաբանության մեջ է տեղավորվում, չնայած ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, որը համաձայնեցված էր Մոսկվայի հետ, երրորդ` Ռուսաստանը նույնիսկ Հայաստանին չի կարող պարտադրել հակամարտության կարգավորում լիովին ադրբեջանական սցենարով, չորրորդ՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանն ակտիվ ուղերձներ են հղում միմյանց, որ այս հարցում միակամ են գործում, հինգերորդ` Ռուսաստանը չի կարող թույլ տալ Թուրքիայի միջամտություն այս հարցին, վեցերորդ` Ռուսաստանը հասկացել է, որ Ադրբեջանը մերժում է նաև ռուսական նախաձեռնությունը Սանկտ Պետերբուրգում, և այս պահին նման հանգամանքները շատ-շատ են:

Կարգավորման գործընթացում ադրբեջանական կամ թուրք-ադրբեջանական օրակարգ այսօր լինել չի կարող»,- նման տեսակետ հայտնեց Հալբախը: Նրա խոսքով՝ մեծ առաջընթաց չի սպասվում նաև կարգավորման գործընթացում, քանի որ Ադրբեջանը՝ չկարողանալով առաջ մղել իր սցենարները, պետք է փորձի ամեն կերպ տապալել ԵԱՀԿ ՄԽ խաղաղ բանակցային գործընթացը:

«Սա հաշվի առնելով՝ որևէ ակնկալիք չունեմ այս ամիս Վիեննայում սպասվող նախարարական հնարավոր հանդիպումից: Կողմերի միջև բանակցային գործընթացում շփման կետերը վերացել են, դժվար է այս պայմաններում նույնիսկ հանդիպելը և ինչ-որ հարցեր քննարկելը: Սակայն շփման գծում կայունությունը ևս վտանգի տակ է, քանի որ մոտենում են ներքաղաքական զարգացումները, որոնք կարող են հրահրել լարվածություն շփման գծում, պետք է պատրաստ լինել անկայունության»,- ասաց Հալբախը:

Տեսանյութեր

Լրահոս