
Սխալն ուղղելու բացառիկ հնարավորություն

«Վրաստանում շատ խոսակցություններ կային, որ ԵՄ-Վրաստան համագործակցությունն ազնիվ չի լինելու, իշխանությունները փորձելու են բարեփոխումների անվան տակ գումարներ ստանալ Եվրամիությունից, վստահ եմ` հայաստանյան խոսակցությունները ևս այս տրամաբանության մեջ են տեղավորվում: Երկուսն էլ հնարավոր է:
Հնարավոր է՝ լինեն իրական բարեփոխումներ, բայց հնարավոր է և՝ չլինեն, դժվար է ասել, քանի որ, ինչպես տեսնում ենք, այս համաձայնագիրն առաջիններից է իր տեսակի մեջ, երբ համաձայնագիր է կնքվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի հետ, մեզ հայտնի չէ, թե ինչպես են այս համաձայնագրի վավերացումը պատկերացնում ՀՀ իշխանություններն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությունը:
Հայաստանը չի կարող չվավերացնել համաձայնագիրը ողջ ծավալով, որոշ կետեր գուցե փորձ արվի բաց թողնել, բայց դրանք միանշանակ լինելու են ՀՀ-ԵՄ բանակցությունների թեմա, քանի որ ԵՄ-ում կարծում են, որ այս համաձայնագրով հնարավորություն են տվել Հայաստանի իշխանություններին ուղղել իրենց սխալը, սա դիտարկվում է՝ որպես զիջում, կարծում եմ, հաշվի առնելով այս հանգամանքը՝ համաձայնագիրը կվավերացվի, ԵՄ-ն բացառիկ հնարավորություն է տալիս, բացառիկ ծավալի ներդրումներ է անում այն երկրներում, որոնք անկեղծ են բարեփոխումներ իրականացնելու հարցում»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը:
Նա վստահ է, որ Հայաստանում ամեն ինչ չէ Ռուսաստանի վերահսկողության տակ, կան ոլորտներ, որոնցում Հայաստանի իշխանությունները կարող են իրականացնել անհրաժեշտ աշխատանքը:
«Մոսկվան միայն արհեստական պատրվակ կարող է լինել: Ես այս կարծիքին եմ: Այս ամենը չի հակասում Եվրասիական տնտեսական միությանը: Ուստի ՀՀ իշխանությունները կիրականացնեն վավերացումը, սա բացառիկ հնարավորություն է, ինչո՞ւ պետք է չանեն»,- ասել է նա:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: