Մխիթարյանը՝ նոր Կագավա՞. M.E.N.-ի անդրադարձը
Հենրիխ Մխիթարյանը ոչ վստահ ելույթներ է ունենում մանչեսթերյան ակումբում: Փորձագետներից մեկը նկատել էր, որ այնքան հարցեր չի առաջացնում Մխիթարյանի խաղը, որքան Մոուրինիոյի պահվածքն ու մամուլի արձագանքը:
Այս անգամ Մխիթարյանի մասին է խոսել Manchester Evening News պարբերականը:
Պարբերականն անդրադարձել է այն շշուկներին, որ Մխիթարյանը կարող է վերադառնալ իր նախկին ակումբ՝ Դորտմունդի «Բորուսիա»: Նմանատիպ իրավիճակում էր հայտնվել նաև մանչեսթերցիների մեկ այլ ֆուտբոլիստ՝ Սինձի Կագավան, ով 2014-ին վերադարձավ Դորտմունդ՝ այդպես էլ չգտնելով իր խաղը մանչեսթերյան ակումբում:
Ըստ պարբերականի լրագրողի՝ եթե Մխիթարյանը շարունակի նույն կերպ, ապա շատ հավանական է, որ պտտվող շշուկները դառնան իրականություն:
Անգլիական մամուլը գրում է, որ Մխիթարյանը, ով վերջին խաղում 20 րոպե խաղալու հնարավորություն ստացավ, այդպես էլ չկարողացավ արդարացնել իրեն: Արդարության համար պետք է նշել, որ այդ խաղում շատ քչերը ցուցադրեցին իրենց լավագույն որակները, իսկ 20 րոպեն շատ քիչ էր Հենրիխի մասին կարծիք հայտնելու համար:
Հիմա Մխիթարյանը մրցակցության է բախվում թիմում, սակայն, ըստ լրագրողների՝ Անտուան Գրիզմանի՝ «Յունայթեդ» տեղափոխվելու դեպքում այդ մրցակցությունն էլ ավելի դաժան է լինելու:
Դորտմունդի «Բորուսիան» մեծ սիրով հետ կընդունի իր ֆուտբոլիստին: Մխիթարյանի վերադարձին կարող է դեմ լինել միայն ակումբի նախագահ Վատցկեն, ով այնքան էլ լավ չէր խոսում Մխիթարյանի մասին՝ հեռանալուց հետո անվանելով նրան դավաճան: Սակայն Վատցկեի համար Մխիթարյանի վերադարձը ևս լավ գործարք կլինի, որտեղ դորտմունդյան ակումբը կունենա շահույթ:
Մյուս կողմից՝ մանչեսթերյան ակումբ չի ցանկանա ունենալ ֆինանսական կորուստներ և դժվար թե շուտ բաժանվի Մխիթարյանից: Մոուրինիոն մեկ անգամ չէ, որ նշել է, որ հույսեր է կապում Մխիթարյանի հետ:
Ըստ պարբերականի լրագրողների՝ Մխիթարյանն Անգլիայում արդեն իսկ ցույց է տվել, թե ինչ հրաշալի ֆուտբոլիստ է, հիմա նա մարզչին և բոլորին պետք է ապացուցի, որ շատ ուժեղ բնավորություն ունի:
Սիրարփի Աղաբաբյան