«Շատ հաճախ, երբ մարդիկ խոսում են կոռուպցիայի մասին, պայքարը կապում են անձանց բանտեր նստեցնելու հետ»
Եվրախորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում պետությունների հատուկ խումբը ողջունում է Հայաստանի քայլերը՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը:
Այսօր «Կոռուպցիայի կանխարգելումը և մարդու իրավունքների պաշտպանությունը» խորագրով համաժողովի ժամանակ այս մասին ասաց ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոսիտոն: Նրա խոսքով` 49 պետություններում իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ երկրները միտված են թերագնահատել կոռուպցիայի կանխարգելման ինստիտուտը:
«Շատ հաճախ, երբ մարդիկ խոսում են կոռուպցիայի մասին, պայքարը կապում են անձանց բանտեր նստեցնելու հետ: Պետք է, նախ և առաջ, հավաստիանալ, որպեսզի կոռուպցիոն հանցանքները հետագա փուլերում չնյութականացվեն: Ցանկանում եմ շեշտադրել, որ կոռուպցիայի ճնշումը և դրա կանխարգելումը հավասարապես կարևոր են»,- ասաց Էսպոսիտոն:
ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղարը նշեց, որ 49 պետություններում նկատվում է նաև օրենքի կիրառման հետ կապված խնդիրներ:
«49 պետություններում իրականացված հետազոտությունը ցույց է տալիս, որ բոլոր երկրները ջանքեր են գործադրում համապատասխանեցնելու իրենց օրենքները միջազգային հակակոռուպցիոն նորմերի հետ, սակայն ուշադրությունը պետք է նաև կենտրոնացնել օրենքների կիրառման վրա»,- նշեց Էսպոսիտոն: