Բաժիններ՝

«Դրամի արտաքին տեսքը, դիզայնը շատ կարևոր է պետության համար»

ՀՀ Կենտրոնական բանկում նոյեմբերի 22-ին ներկայացվեցին շրջանառության մեջ դրվող 2017թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները, ինչպես նաև ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության 2018 թ.-ին շրջանառության մեջ ներդրվող երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները: Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին, 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000-դրամանոցի դիմերեսին Վիլյամ Սարոյանն է, 10․000-դրամանոցին՝ Կոմիտասն է, 20․000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկու պատկերով է, 50․000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչի, իսկ 100․000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի: Ներկայացվել է նաև 500 դրամ անվանական արժեքով 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» հավաքորդական (կոլեկցիոն) թղթադրամի էսքիզը։

Նոր թղթադրամների նմուշների ի հատ գալուն զուգահեռ՝ հասարակությունն ակտիվորեն քննարկում է դրանց արտաքին տեսքը, որակական չափորոշիչները, փորձում հասկանալ թղթադրամի դիմերեսին պատկերված հայ հայտնիների ընտրության սկզբունքը և այնուամենայնիվ տարակուսում՝ արդյո՞ք որպես ՀՀ քաղաքացի՝ ստիպված է լինելու պարզապես անխուսափելիորեն, որովհետև փողը կենցաղային սպառման ապրանք է, ամենօրյա ռեժիմով շփումներ ունենալ, մեծ իմաստով, դրամի ձևավորման ձախողված տարբերակի հետ:

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցեց «Startup Factory» ընկերության արտ տնօրեն, գրաֆիկ դիզայներ Վահան Բալասանյանի հետ, ով մասնակցել է Կենտրոնական բանկի կողմից հայտարարված նոր թղթադրամների ձևավորման մրցույթին և առաջին փուլից դուրս մնացել:

«Հայտարարված տենդերը մանրամասն նկարագրված պահանջներ ուներ՝ ներկայացման ձևաչափի, թեմաների ընտրության, գունային լուծումների շրջանակներում: Պահանջվող չափորոշիչների համաձայն, ես ներկայացրեցի նոր թղթադրամների՝ իմ կողմից առաջարկվող ինտերպրետացիաները, որոնք մերժվեցին: Հիմա ունենք այն, ինչ ունենք: Որպես տենդերին մասնակից, չէի ցանկանա հատուկ անդրադարձ կատարել Կենտրոնական բանկի կողմից տարածված նմուշների որակական կամ այլ չափանիշերին:

Կարդացեք նաև

Միայն կասեմ, որ առաջին հերթին՝ ես այնտեղ տեսնում եմ կոմպոզիցիոն առումով իդեոլոգիայի հետ կապված խնդիրներ: Հարց է ծագում՝ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ դրամը, ի վերջո, և ինչի՞ համար է դա արված: Ես այն կարծիքին եմ, որ որպես պետական խորհրդանիշերից մեկը՝ դրամի արտաքին տեսքը, դիզայնը շատ կարևոր է պետության համար: Դա մի սիմվոլ է, որի հետ պետության քաղաքացին ստիպված է շփվել՝ օրը մի քանի տասնյակ անգամներ: Թղթադրամի վրա պետության ներկայացումը պետք է շատ հստակ նկատելի լինի»,- ասաց Վահան Բալասանյանը:

Խոսելով ներկայացված թղթադրամների նմուշների տեխնիկական թերացումների մասին՝ Վահան Բալասանյանն առանձնացնում է.

«Թղթադրամներից մեկի վրա պատկերված է Պարույր Սևակը, ում դեմքը չորս անգամ կրկնվում է թղթադրամի դիմերեսին ու դարձերեսին: Կուզենայի հասկանալ՝ ի՞նչ նպատակով է դա արվել, ի՞նչ իդեոլոգիա է կրում չորս անգամ նրա դեմքի կրկնությունը թղթադրամի վրա: Պարզ է, որ կլինեն մարդիկ, որոնց դա դուր կգա, բայց կան մասնագիտական հարցեր: Մասնագիտական տեսանկյունից՝ փողի դիզայնի վերլուծության տեսակետից, շատ սխաներ կգտնենք: Ակնհայտ է, որ ներկայացված տարբերակներն էսքիզային բնույթ ունեն, դրանց վրա դեռևս վերջնական աշխատանքներ կկատարվեն, հույս ունեմ՝ հասցնելով դրանք փողի տպագրական և տեխնոլոգիական ճշգրտության»:

Թղթադրամների վրա պատկերված անձանց ընտրությունը, ըստ Վահան Բալասանյանի, պայմանավորված է ազգի կամ պետության ներսում որոշակի ներդրում ունենալու հանգամանքով.

«Փողի վրա անձի դիմապատկերի առկայությունը տենդերի պարտադիր պայմաններից մեկն է եղել: Այստեղ կարևոր նշանակություն ունի պետական քարոզչության ու պետական գաղափարների տարածումը: Թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել հենց այն հայտնի դեմքերը, որոնք մենք արդեն տեսանք, ես չգիտեմ, չեմ կարող ասել: Տենդերի մասնակցության ընթացքում, իմ կողմից առաջարկվող թղթադրամների տարբերակների մշակման ընթացքում այս առնչությամբ ես բավական լայնածավալ ուսումնասիրություններ կատարեցի:

Հանդիպեցի փողի բազմաթիվ նկարազարդումների՝ հուշարձանների, անձանց և այլ պատկերազարդումներով: Սա մեծապես կախված է այն հանգամանքից, թե ինչ տեսանկյունից է պետությունն ուզում ներկայացնել ինքն իրեն՝ իր ազգային դրամի վրա: Կային պետություններ, որ իրենց դրամի վրա պատկերել էին միայն տվյալ երկրի հայտնի մշակութային անձանց, կամ, օրինակ, բոլորս էլ գիտենք՝ ամերիկյան դոլարի վրա պատկերված են տվյալ երկրի նախագահները, և այլն»:

Նոր թղթադրամների վերջնական տարբերակնե՞րն են արդյոք նախօրեին Կենտրոնական բանկի կողմից հրապարակված նմուշները, ըստ Վահան Բալասանյանի՝ այո.

«Որքան հասկացա՝ Կենտրոնական բանկն այդ նմուշները ճանաչել է՝ որպես տենդերում հաղթած տարբերակներ, որովհետև Կենտրոնական բանկը պաշտոնապես հայտարարում է միայն տենդերում հաղթած տարբերակները»:

«Այն, ինչ մենք տեսել ենք նոր թղթադրամների էսքիզների տեսքով, սարսափելի խայտառակություն է»

ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության 2018 թվականին շրջանառության մեջ ներդրվող երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզների թեմայով 168.am-ը լսեց նաև «Triada Studio» ընկերության տեխնիկական տնօրեն, ծրագրավորող և դիզայներ, Shadowmatic խաղի համահեղինակ Բագրատ Դաբաղյանի կարծիքը.

«Այն, ինչ մենք տեսել ենք նոր թղթադրամների էսքիզների տեսքով, սարսափելի խայտառակություն է: Պարզ չէ, թե այդ տենդերներում ո՞վ է վերջնական ընտրություն կատարել՝ ի՞նչ չափանիշով է մեկը համարվել լավը, ընդունելի, իսկ մյուսը՝ ոչ: Ես ծանոթ եմ Վահան Բալասանյանի առաջարկած տարբերակին, որը շատ ավելի ընդունելի, գեղեցիկ և ճաշակով տարբերակ էր, քան այն, ինչ ներկայացվել է: Իհարկե, Վահանի տարբերակը ևս հղկելու որոշակի կարիք ուներ, բայց համեմատել դրանք իրար հետ, ուղղակի անթույլատրելի է: Առնվազն խայտառակություն է ու ամոթ՝ հանրությանը կամ, առավել ևս, օտարներին դրանք ներկայացնել՝ որպես մեր պետության պետական թղթադրամ: Անձամբ ես կամաչեմ իմ արտասահմանյան ընկերների կողքին գրպանիցս հանել և օգտագործել դրանք»:

Շրջանառության մեջ ներդրվող թղթադրամների դիզայնի մասնագիտական վերլուծություն կատարել Բագրատ Դաբաղյանը հրաժարվեց: Դրանք խիստ անճաշակ են, արված տեխնիկապես անհասկանալի որակով, և այլն: Անդրադառնալով դրանց վրա պատկերված հայտնիների ընտրության հարցին՝ Բ. Դաբաղյանը նկատում է.

«Այն, որ դրամի վրա կարող են պատկերել նաև հայտնի կամ պետության համար մեծ նշանակություն ունեցող մարդկանց, ես անընդունելի չեմ համարում: Բայց կան մարդիկ ու սիմվոլներ, որոնք ուղղակիորեն չեն կարող լինել փողի վրա, ինչպես, օրինակ՝ Կոմիտասն է»:

Նախատեսվում է, որ հայկական նոր հիբրիդային (կամ կոմպոզիտային) թղթադրամների որակը նախկինների նկատմամբ կունենա մի շարք առավելություններ:

Դրանք մաշվածության նկատմամբ առավել դիմացկուն կլինեն երկարացնելով շրջանառության մեջ լինելու տևողությունը: Նոր շարքի թղթադրամների հումքը հիբրիդային է, որտեղ ներքին շերտը թուղթ է, իսկ արտաքին շերտերը՝ պոլիմեր: Հիբրիդային հումքով պատրաստված թղթադրամների կյանքի տևողությունը 2-3.8 անգամ ավելի է, քան ներկայիս՝ թղթային հումքով պատրաստված թղթադրամներինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս