«Հայաստանի թռչնաբուծությունում շատ տարածված են հորմոնալ կերերը, որոնք մարդու մոտ ուռուցքներ են առաջացնում». Հրաչ Բերբերյան
«Նույնիսկ ծիծաղելի էր, որ իմ կողմից հարգված մի երաժիշտ դիմեց հայ ժողովրդին, ասելով, թե ամերիկյան խնձորը վատն է, քանի որ Monsanto-ն է զբաղվում դրանով։ Monsanto-ն ընդհանրապես խնձորի հետ գործ չունի, նա հիմնականում 4-5 ուղղությամբ է զբաղվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Սերժ Թանկյանի գրառմանը, այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
Հիշեցնենք, որ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ էր արել Հայաստանին՝ հեռու մնալ ամերիկյան ագրոքիմիական և գյուղատնտեսական ոլորտում կենսատեխնոլոգիական արտադրությամբ զբաղվող Monsanto ընկերությունից: Նա, մասնավորապես, գրել էր. «Հայաստաՙն, խնդրում եմ, հեռու մնա: Կան շատ ապացույցներ, որ Monsanto-ն թունավորել է մեր շրջակա միջավայրը՝ մասնավորապես՝ նպաստելով մեղուների ոչնչացմանը: Նրանց կողմից մշակված գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներն օրգանական սննդի վերջն են նախանշում: ԱՄՆ-ում և Եվրոպայում Monsanto-ն իր վարվելակերպով հայտնի է՝ որպես չարիքի կորպորացիա: Նրանք չեն ընդունում և դատապարտում են ֆերմերներին:
Երբ ես Հայաստան եմ այցելում և այդտեղ խնձոր եմ ուտում, այն իսկական է և համեղ, քանի որ հանդիսանում է հազարավոր տարիների գյուղատնտեսական աշխատանքի արդյունք: Թող ամեն ինչ այդպես էլ մնա: Monsanto-ի «շնորհիվ» ես ԱՄՆ-ում նման խնձոր չեմ կարող գտնել»:
Հրաչ Բերբերյանը նկատեց. «Այո, Monsanto-ի թունաքիմիկատներն իրոք վտանգավոր են։ Ասում են, թե մեղուները սատկում են, բայց ես էլ կարող եմ ապացուցել, որ մեղուները սատկում են բջջային հեռախոսներից։ Հեռախոսների հիմնական կայանների մոտ մեղու չկա, ռադիոալիքը սպանում է մեղուներին, ո՞վ չգիտի դրա մասին։ Բայց քանի որ դա մեր կյանքի մի մասն է դարձել, օգտագործում ենք ու ձայն չենք հանում։ Հիմա Monsanto-ի թույները կարող է և՝ մեղու են սպանում, բայց, համենայնդեպս, Monsanto-ն լուրջ գիտական ընկերություն է, որտեղ ես եղել եմ»։
Բերբերյանի խոսքով՝ բոլորս էլ ԳՄՕ-ով ցորեն օգտագործում ենք. «Դա ավելացնում են երշիկի, մայոնեզի, հրուշակեղենի մեջ, որի մասին դուք չգիտեք էլ։ Սոյան ԳՄՕ է, եգիպտացորենը ԳՄՕ է։ Հիմա դուք Նոր տարուն եգիպտացորեն ինչքա՞ն եք առնում։ Ոչ ոք չի կարող ասել, որ դա վտանգավոր է»։
Դիտարկմանը, թե ԳՄՕ պարունակող մթերքների օգտագործումից ուռուցքներ են առաջանում, Բերբերյանն այսպես արձագանքեց. «Ուռուցքներ առաջանում են ավելի շատ հորմոնալ կերերից, որոնք Հայաստանի թռչնաբուծությունում շատ տարածված են․հավի մսի մեջ համ չի մնացել։ Այդ հորմոնալ կերերը, այո, ուռուցքների խթանիչներ են։ ԳՄՕ-ն կապ չունի հորմոնալ կերի հետ։ Վերջինս չի լուծվում, անցնում է մկանային հյուսվածքի մեջ, այդպես էլ մենք ենք ուտում, մեր մկանային հյուսվածքի մեջ է անցնում, դրա համար էլ մարդիկ գեր են»։
Նա հավելեց, որ ԳՄՕ-ների մասսայական մշակությունը վաղ է Հայաստանում, բայց պետք է փորձարկումներ անել։