««Տարկետում լինելու ա» սկզբունքն արդեն դառնում է իրականություն». Դավիթ Պետրոսյան
Այսօր ԱԺ-ում տարկետման իրավունքը սահմանափակող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի շուրջ կլոր-սեղան քննարկման արդյունքներով որոշվեց 2 շաբաթից ստեղծել աշխատանքային խումբ` «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ մինչ այդ ուսանողները կներկայցնեն իրենց փաստավորված առաջարկները:
«Բանակցությունների առաջին փուլը հաջողությամբ ավարտվեց և մենք անցնում ենք ավելի առարկայական քննարկումների»,- լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփեց քննարկումը համակարգող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` շնորհակալություն հայտնելով ուսանողներին` կառուցողականության համար, նաև կառավարության գործընկերներին, ԱԺ պատգամավորներին, որոնք փորձել են սուր կետերը շտկել և տանել կառուցողական փուլ:
«Շատ լավատես և երջանիկ եմ, որ այն, ինչ նախատեսել էի, ստացվեց` իրականացնել առարկայական կառուցողական քննարկում` առանց ավելորդ էմոցիաների, և այդ քննարկման արդյունքում մոտեցնել կողմերի դիրքորոշումները:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ կար 2 խնդիր` տարկետման տեղերի ապահովում, որի շուրջ կա համաձյանություն, մնում է պարզվեցվեն և համաձայնեցվեն չափանիշները:
«Տարկետում լինելու ա» սկզբունքն արդեն դառնում է իրականություն, խնդիրը մնում է, թե որքան տեղ և ինչ հայտանիշներ կորոշվեն»,- ասաց Դ.Պետրոսյանը:
Երկրորդ խնդիրը, ըստ նրա, ծառայության 1.5 տարին բակալավրում ուսման 4 տարիների մեջ ներառելն է, այսինքն` ոչ թե բուհը տարվի բանակ, այլ բանակը բերվի բուհ, որի նպատակն է` կրթության անընդհատության սկզբունքը պահպանելով արական սեռի ավելի շատ ներկայացուցիչներ անցնեն զինծառայություն, բայց որպեսզի դա չխանգարի իրենց կրթությանը, անձնական կյանքին, այսինքն` «Պատիվ ունեմ» ծրագրին զուգահեռ կլինի այլ տարբերակ, որը դեռ կքննարկվի:
«Փողոցում և դասադուլներով ակտիվությունն այս պայմանավորվածության գրավականն էր»,- նկատեց Դ.Պետրոսյանը` հավելելով, որ շահելու է թե՛ կրթությունն ու գիտությունը, թե՛ բանակը: