Թերսնվող Հայաստան

«Դա ցուցիչ չէ, դա ցուցանիշ չէ…»,- անցած շաբաթ ԱԺ-ում ասում էր ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ արձագանքելով իր գործընկերների այն դիտարկումներին, որ 2018 թվականի բյուջեով աշխատավարձերի և թոշակների բարձրացում չի նախատեսվում։

Պրն Հակոբյանի համար հիմնական ցուցիչն աղքատության ցուցանիշն է, սակայն դա էլ կասկածի տակ առավ՝ նշելով, որ ըստ տարբեր հաշվարկների՝ Հայաստանում աղքատությունը վերացնելու համար բավարար կլինի 240 մլրդ դրամ, որից 120 մլրդ դրամը հասցեական պետք է ուղղվի աղքատներին։

Սակայն, ըստ հանրապետական պատգամավորի, ամեն տարի ռուսաստաններում աշխատող մեր հայրենակիցներն այստեղի իրենց հարազատներին են ուղարկում 240 մլրդ-ից մի քանի անգամ  շատ գումար։ Հանրապետական պատգամավորը սրանով ցանկանում էր ասել, որ աղքատության 30% մակարդակն ուռճացված է։ Իհարկե, մենք չէ, որ պրն Հակոբյանի համար պետք է պարզաբանենք, որ այդ 240 մլրդ դրամ հասցեական օգնության գնահատականը տրված է՝ հաշվի առնելով նաև դրամական փոխանցումները։

Ավելին, Ազգային վիճակագրական ծառայությունը մանրամասն հրապարակում է, թե բնակչության եկամուտների որ մասն է աշխատավարձը, որը՝ թոշակն ու նպաստը, որը՝ դրսից ստացվող դրամական օգնությունը։ Օրինակ, 2016 թվականին ՀՀ բնակչության անվանական դրամական եկամուտները տնային տնտեսության մեկ շնչի հաշվով (միջին ամսական) կազմել են

56 544 դրամ, որից 4 932 դրամն է եկել տրանսֆերտներից։ Վերադառնալով աղքատության մակարդակին՝ նշենք, որ աղքատության մակարդակից բացի՝ պաշտոնական վիճակագրության մեջ կան բնակչության սոցիալական վիճակը բնութագրող այլ ցուցանիշներ, որոնք, մեղմ ասած, տխուր են։ Մինչ առաջ անցնելը՝ մի փոքր պարզաբանում մտցնենք պարենային զամբյուղի մասին։ Պարենային զամբյուղը 11 անուն սննդային ապրանքախմբերի «հավաքածուի» արժեքն է, որով 1 մարդն օրական ստանում է 2412.1 կկալ էներգիա։

Ավելի պարզ ասած՝ պարենային զամբյուղը սննդի նվազագույն քանակն է, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին։ Ֆիքսենք այս թիվը՝ 2412.1 կկալ։ Իսկ գիտե՞ք, թե որքան է Հայաստանի բնակչության կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան՝ 1 շնչի հաշվով։ 2016 թվականին այդ ցուցանիշը կազմել է 2090 կկալ։ Ընդ որում, այդ ցուցանիշը վերջին տարիներին նվազել է. օրինակ՝ 2012 թվականին 1 շնչի կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան 2169 կկալ էր, 2013 թվականին՝ 2090։ 2016 թվականին միայն Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում է էներգետիկան մոտ եղել պարենային զամբյուղի համար սահմանված մակարդակին՝ 2305 կկալ։

Մայրաքաղաքում և մյուս մարզերում ցուցանիշն ավելի ցածր է (ամենացածրը՝ Արմավիրում՝ 1878)։ Իհարկե, մեր իշխանական և իշխանամետ այրերից շատերը նախանձելի տաղանդ ունեն՝ բաժակը միշտ կիսով չափ լիքը տեսնելու. ցանկացած վատ ցուցանիշի և վատ երևույթի մեջ կարող են լուսավոր կամ արդարացնող կետ գտնել։

Օրինակ՝ թերսնման մասին վկայող այս տվյալները՝ չի բացառվում, որ մեկնաբանեն առողջ դիետա պահելու մոդայով։ Ասել է թե՝ մարդիկ կարող են նորմալ սնվել, պարզապես չեն ցանկանում։

Սակայն այս նույն աղյուսակի մեջ կա նաև մեկ այլ տվյալ՝ սպառված սննդամթերքի էներգետիկան՝ ըստ քվինտիլային խմբերի։ Օրինակ՝ 5-րդ քվինտիլային խմբում (ամենաունևոր խավը) 1 շնչի սպառած սննդի միջին էներգետիկան 3500 կկալ-ից շատ է։ Իսկ 1-ին քվինտիլային խմբում (սոցիալապես ամենաանապահով խավը)՝ 1372 կկալ։  Սա էլ դեռ ամենը չէ։

Պաշտոնական վիճակագրությունը պարզապես ամեն ինչ անում է՝ համոզելու համար, որ Հայաստանում թերսնվածությունը լուրջ խնդիր է։ Ըստ ԱՎԾ-ի նույն զեկույցի՝ օրական 2 100 կկալ-ից  պակաս ստացող բնակչության մասնաբաժինը 2016 թվականին եղել է 62.9%։ Այսինքն՝ Հայաստանում յուրաքանչյուր 3 հոգուց 2-ը թերսնված են։ Ընդ որում, սա ոչ միայն լուրջ խնդիր է, այլև՝ տարեցտարի խորացող. 2012 թվականին օրական 2 100 կկալ-ից  պակաս ստացող բնակչության մասնաբաժինը  եղել է 52.9%, 2013 թվականին՝ 59.2%, 2014 թվականին՝ 60.2%, 2015 թվականին՝ 60.8%։

Մեկ այլ ուշագրավ ու մտահոգիչ տվյալ. բնակչության մասնաբաժինը, որոնց սննդակարգի 70 %-ից ավելին բաժին է ընկնում հացամթերքին և կարտոֆիլին, 2016 թվականին եղել է 14.9%։ Ընդ որում, կան մարզեր, որտեղ միայն հացով և կարտոֆիլով սնվող մարդկանց կշիռը 20%-ից բարձր է (Արմավիր, Կոտայք, Լոռի, Շիրակ)։ Ի դեպ, երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն, 2017 թվականի հունվար-սեպտեմբերին» զեկույցը։

Սպասվում էր, որ այդտեղ վերջապես պետք է հրապարակված լիներ 2016 թվականի աղքատության մակարդակը, սակայն վիճակագիրները դեռ չեն շտապում մեզ ծանոթացնել այդ թվի հետ։ Զեկույցում նշված է, որ աղքատության մակարդակի վերաբերյալ տվյալները կհրապարակվեն դեկտեմբերին։

Տեսանյութեր

Լրահոս