«Եթե մարդը ծառայում է բանակում, ապա ինչո՞ւ չեն վարձատրում. դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է». Հրայր Ազիզբեկյան

ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրայր Ազիզբեկյանն այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Տարկետման իրավունք.  կրթության և գիտության զարգացման վրա ազդեցության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ «Ազգ-բանակ» կոնցեպտն այլասերված ձևով են փորձում ներկայացնել:

«Դա ներկայացվում է՝ որպես ինչ-որ կառույցին պարտքի, հարկի տեսակ, և դառնում է ազգ՝ բանակի համար: Պաշտպանությունը պարտադիր չէ՝ արվի բանակի միջոցով, դրա համար կա դիվանագիտություն, արտաքին կապեր, որոնք շատ ավելի լուրջ ազդեցություն կարող են ունենալ: Մարդիկ կարող են ծառայել հայրենիքին՝ առանց զենք վերցնելու»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ բակալավրիատն ավարտած ուսանողներն անցնում են բարձր վճարվող աշխատանքի, վճարում հարկեր, որոնցով մոտ 2-3 պայմանագրային զինծառայող կարելի է պահել. «Դա լուրջ թիվ է կազմում, և դա անում են կրթված մարդիկ, որոնք ամեն կերպ փորձում են խուսափել բանակից»:

Հրայր Ազիզբեկյանը նկատեց՝ պարտադիր զինվորական ծառայությունը ենթադրում է կրթական բաղադրիչ, դրա համար էլ տանում են 18 տարեկաններին.

«Դրա հիմնական խնդիրը պետք է լիներ կրթական նորմ սահմանելը, որպեսզի հետագայում ունենաս ռազմական բոլոր գործողություններին պատրաստ ռեզերվ: Երբ գնում ենք բանակ, մեկ ամիս ենթադրում է ՆԶՊ, որից հետո կես տարի տարբեր հմտություններ են սովորեցնում, և միայն կես տարի անց թույլ տալիս՝ գնալ-կանգնել սահմանին: Այդ կես տարվա աշխատանքն իմաստ ունի անցնել բոլորին: Հիմա, եթե կրթական ծառայություն է մատուցում բանակը, ապա ինչո՞ւ են բոլորը փորձում խուսափել: Ակնհայտ է, որ շատ խնդիրներ կան, և դրանց մեծ մասը գալիս է այն պատճառով, որ փորձում են այս ֆունկցիան այլասերել: Որոշել ենք, որ դա պարտքի տեսակ է, և կարելի է որպես ձրի աշխատուժ՝ այդ մարդկանց ևս 1.5 տարի աշխատեցնել, որովհետև բոլորս պարտք ենք: Դա նույնիսկ մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Եթե մարդը ծառայություն  է մատուցում, ապա ինչո՞ւ չեն վարձատրում»:

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ, եթե սկսեն վարձրատրել, ապա իմաստ չի ունենա երիտասարդներին բանակում պահելը, և ծառայությունը կդառնա պայմանագրային. «Մոտ 50-100 դոլար տարեկան ներդնելով՝ կարելի է այդ հարցը լուծել: Դա մեծ ծախս չի ենթադրում: Գումարները երկրում հաստատ կան: Իմ համոզմամբ՝ իրականում շատ լուրջ կոռուպցիոն բաներ են առաջանում. դա ձեռք է տալիս որոշ չինովնիկների, որովհետև մարդիկ փորձում են խուսափել բանակից և դրա համար գումարներ են վճարում: Դա վնասում է և՛ կրթությանը, և՛ գիտությանը: Սկսվում է հասարակության հիվանդացում, քանի որ դպրոցական տարիներից մարդու հիմնական նպատակը դառնում է բուհ ընդունվելը, և սովորելու խնդիր չկա»:

Ըստ նրա՝ գիտության համար այս օրենքը մեծ վնաս է տալիս այն առումով, որ ընդամենը 7000 երիտասարդից 700-ին առաջարկում են բարձր աշխատավարձով աշխատանք 3 տարի, որի հիմնական բացասական կողմն այն է, որ, երբ երիտասարդը 3 տարի ծառայում է, դրանից հետո սովորելու մոտիվացիան կորչում է»:

Տեսանյութեր

Լրահոս