Բաժիններ՝

«Frida Day» Երևանում՝ Ֆրիդա Կալոյի վերափոխված և հանրահայտ «Կապույտ տանը»

Երեսուներկու վիրահատություն, տառապանքի քսանինը տարիներ, երջանկության ակնթարթներ՝ հափշտակած ստեղծագործական կյանք, կիրք, գույներ, գրավչություն։

Նախօրեին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը վերափոխվել էր հանճարեղ Ֆրիդա Կալոյի հանրահայտ «Կապույտ տանը»՝ 20-րդ դարասկզբի Մեքսիկա՝ հեղափոխությունների թեժ մթնոլորտ, սիրո կիզակետ և կարմիր արվեստ։ «Լոֆթում» Ֆրիդայի օրն էր՝ «Frida Day»-ը:

«Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնի ստեղծագործական ղեկավար Ալեքս Միրզոյանը 168.am-ի հետ զրույցում պատմում է՝ նման միջոցառում կազմակերպելու նախաձեռնությունն իրենն է: Միտքը ծագել է դեռևս երկու տարի առաջ, բայց իրականություն դարձնել չեն շտապել.

Կարդացեք նաև

«Ուզում էինք անել ամեն ինչ, որ այս օրը հանդիսատեսին ներկայանանք ու ներկայացնենք Ֆրիդա Կալոյի ներկապնակին համահունչ շքեղությամբ: Մեր թիմը սեր ու ջանք չի խնայել այս գեղեցիկ, գունեղ ու յուրօրինակ միջոցառումը կազմակերպելու համար: Ֆրիդայի սիմվոլիզմի նման՝ ամեն մի փոքր դետալի վրա երկար մտածել ու աշխատել ենք: Շատ ուրախ եմ, որ կարողացանք իրականություն դարձնել այս մեծ նախագիծը։ Մեզ հաճելի զարմանքի առիթ տվեց նաև հանդիսատեսի ջերմ արձագանքը։ Կարծում եմ՝ «Frida Day»-ը կայացավ՝ անմոռանալի և հիշարժան պահեր պարգևելով բոլոր ներկաներին»։

Միջոցառման գրաֆիկը խիստ հագեցած էր: Իրար հաջորդող մի քանի ժամերի ընթացքում հետաքրքրված լսարանը հնարավորություն ունեցավ լսելու արվեստի քննադատ Աննա Գալստյանին, ով ներկայացրեց իր «Ֆրիդայի դրախտի ճանապարհը» թեմայով դասախոսությունը.

«Ներկայացրեցի Ֆրիդայի արվեստն ու կենսագրությունը: Հայտնի է, որ այս նկարչուհու արվեստն անքակտելիորեն կապված է նրա կենսագրության հետ՝ հիմնված լինելով նկարչուհու ֆիզիկական, հոգեբանական և հոգեկան տրավմաների հետ: Նրա արվեստը եվրոպական, միաժամանակ նաև ազգային՝ մեքսիկական էթնիկ առանձնահատկությունների ամբողջականություն է: Դասախոսության ընթացքում Ֆրիդայի արվեստը ներկայացրեցի տարաբնույթ սիմվոլիկաներով՝ կապելով դրանք նախակոլումբոսյան արվեստի սիմվոլիկայի հետ, որովհետև Ֆրիդայի արվեստը հիմնված է ացտեկյան առանձնահատկությունների վրա:

Միաժամանակ ասել միայն, որ նրա արվեստը սիմոլիկ է, դա կարող է նսեմացնել և սահմանափակել Ֆրիդա երևույթը: Որքան էլ փորձես որևէ կերպ բնութագրել Ֆրիդային, միևնույն է՝ նա փախչում է կոնկրետ բնորոշումներից: Նա ստեղծագործողի բացառիկ տեսակ է, ով սեփական կերպարով նույնիսկ սքողում է իր ստեղծած արվեստը՝ մեծ ուշադրություն դարձնելով և հրավիրելով սեփական կերպարին՝ կոստյումներին և հագուկապին, և դա ուղղակիորեն կապված է իր մարմնական խնդիրներով: Չգիտեմ՝ բարեբախտաբա՞ր, թե՞ հակառակը, բայցևայնպես բոլորովին պատահական չէ, որ առավել հաճախ քննարկման թեմա է դառնում հենց Ֆրիդայի կերպարը, քան նույնիսկ արվեստը»:

«Frida Day»-ը հագեցած էր նաև պերֆորմանսների յուրատեսակ շարքերով: Բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանը Ֆրիդայի կերպարում էր: Հանդիսատեսին նա ներկայացավ Ֆրիդային նվիրված իր «Գարուն»-ով: Պոետի ստեղծագործական կյանքում նկարչուհի Ֆրիդա Կալոն բացառիկ տեղ ու նշանակություն ունի. «Սա իմ շնորհակալությունն է Ֆրիդային: Շատ հաճախ Ֆրիդան իմ ալտեր էգոն է: Ես իրենից սովորել եմ լինել ուժեղ, երբեք չստել արվեստում, որովհետև իմ կարծիքով՝ իր մեջ հավաքված է արվեստում երբեք չստելու ամենամեծ բաղադրիչը»:

Երաժիշտ Վիգեն Հովսեփյանը «Frida Day»-ին իր մասնակցությունն էր բերել երաժշտական կատարումների տեսքով, կոնստրուկտոր, հագուստի մոդելավորող Սվետլանա Մկրտչյանը ներկայացրել էր «Ո՞վ ես, Ֆրի՛դա» հագուստի հավաքածուի ցուցադրությամբ, կենտրոնի պատերը զարդարում էին Սաթէ Խաչատրյանի մասնակցությամբ «Ֆրիդա» ֆոտոշարքի լուսանկարները: Գեղանկարչական ցուցադրություն-պերֆորմանսն իրականացնում էր Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը: Միջոցառման ընթացքում թեմատիկ ֆոտոանկյուն էր կազմակերպել նաև «Մարաշլյան» ֆոտո-ատելիեն՝ ֆրիդայական օրվա մեջ հավերժանալու գեղեցիկ պահեր նվիրելով հանդիսատեսին:

Ֆրիդայի արվեստով հիացած հանդիսատեսը հնարավորություն ուներ ճաշակելու
մեքսիկական խոհանոցի և խմիչքի հյուրասիրությունը, միջոցառումը եզրափակվեց «Frida by Julie Taymor» ֆիլմի ցուցադրությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս