Աշխարհում ազդարարվեց ֆրանսիական «Beaujolais Nouveau» գինու տոնը
Նոյեմբերի երրորդ հինգշաբթին Ֆրանսիայում, ինչպես նաև աշխարհի շատ այլ վայրերում նշվում է ավանդական «Beaujolais Nouveau» («Բոժոլե նուվո») գինու տոնը: Ֆրանսիայում տոնակատությունների մեկնարկը տրվում է Բոժոյում, որտեղ գինեգործները շրջում են քաղաքի փողոցներով՝ ավանդական կոստյումներով և խաղողի թփերից պատրաստած ջահերով: «Beaujolais Nouveau» տոնի ավանդույթը շատ պարզ է՝ Լիոնից մի փոքր հյուսիս գտնվող Բոժոլե բնակավայրում պատրաստված երիտասարդ գինին համտեսում են ամեն տարի՝ նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրը: Կանոնները հստակ են՝ երբ բարձրացվում են գավաթները, բոլորը միահամուռ վանկարկում են՝ «Le Beaujolais Nouveau est arrive!» (Եկավ երիտասարդ Բոժոլեի պահը): «Beaujolais Nouveau»-ն գամեյ տեսակի խաղողի վերջին բերքից ստացված գինին է` չհնեցված, թեթև, թարմ, մրգային, վառ և սուր համերով:
Նախօրեին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Նորին գերազանցություն պարոն ժոնաթան Լաքոտի, ֆրանսիական համայնքի և տեղաբնակ հայերի մասնակցությամբ նշվեց ավանդական «Beaujolais Nouveau»-ի տոնը:
Դեսպան Ժոնաթան Լաքոտը հյուրերին ներկայացեց «Beaujolais Nouveau»-ի պատմությունն ու տոնի առանձնահատկությունը: Նա նշեց, որ այն պատրաստվում է հատուկ խաղողատեսակից, որի վազերն աճեցվում են Լիոնից ոչ հեռու, սարահարթային լանջերին:
Սա ամենահին խաղողագործական ավանդույթներով հարուստ վայրն է, որի արմատները հասնում են ընդհուպ մինչև միջնադար.
«Ինձ իհարկե, ծանոթ է «Beaujolais Nouveau»-ի պատրաստման ողջ առանձնահատկությունները, բայց ես կգերադասեմ չխոսել այդ մասին՝ թողնելով ձեզ բոլորիդ ըմբոշխնել տարբեր մրգերի և բանանի խառնուրդով պատրաստված գինու համային հատկանիշները: Սա յուրատեսակ գինի է, որի խցանված շշերը մինչև նոյեմբեր ամսվա երրորդ շաբաթ իրավունք չկա բացելու և միայն նախանշված օրը Ֆրանսիայում և աշխարհի բոլոր երկրներում իրավունք է վերապահված հանելու գինու խցանը: Այնուամենայնիվ, պետք է ընդգծեմ, որ այսօր միայն գինին չէ, որ մեզ բոլորիս հավաքել է այստեղ:
Սա պարզապես լավ առիթ է՝ հանդիպելու իրար երևանյան այս հիանալի աշնանային երեկոյի ընթացքում, հատկապես իմ Հայաստանում գտնվելու վեց շաբաթ ժամանակահատվածից հետո, որտեղ ես բացառիկ ջերմ ընդունելության արժանացա: Հետևաբար՝ ես ցանկացա այսօր այստեղ հավաքված տեսնել Հայաստանում ֆրանսիական համայնքի գերակշիռ մասին՝ ֆրանսիական կրթական, տնտեսական և մշակութային ընտանիքի ներկայացուցիչներին, ինչպես նաև հայկական համայնքի մեր բարեկամներին, որոնց հետ մենք ամեն օր այս կամ այն կերպ առնչվում և աշխատում ենք: Հունիսի 14-ից հետո նոյեմբեր ամսվա երրորդ հինգշաբթին խորհրդանշում է Հայ-ֆրանսիական բարեկամության օրը, և այս ամենը՝ ընդամենը 11 ամիս անց Հայաստանում անցկացվելիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախօրեին»:
«Beaujolais Nouveau» գինու պահպանման ժամկետը վեց ամիս է: Այն լայն սպառում է գրանցել աշխարհի 120 երկրներում, ինչպես նաև Հայաստանում: «Beaujolais Nouveau»-ն Ֆրանսիայում ժողովրդական գինու համարում ունի և ամենամեծ սպառման տեմպերը գրանցում է հատկապես նոյեմբերի երրորդ շաբաթից սկսած:
Իր անվանման համար գինին «պարտական է» Լյուդովիկոս 11-րդի դստերը` արքայադուստր Աննային` ի պատիվ վերջինիս գեղեցկության (Beaujolais` թարգմանաբար նշանակում է՝ «գեղեցիկ»): 1951-ից սկսած այն հանդես է գալիս պիտակավորված տարբերակով, և վաճառքի բացթողնման ժամկետը ևս խստագույնս պահպանվում է. այն վաճառքի է հանվում յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 3-րդ հինգշաբթի օրը: Սրճարաններում ու ռեստորաններում փակցվում է փոքրիկ պաստառ, որն ազդարարում է գինու մուտքը: