Բաժիններ՝

«Դոկումենտալ կինոն ցանկացած նկարողի ասում է՝ էստի համեցեք»

Նախօրեին Կինեմատոգրաֆիստների միության Փոքր դահլիճում ռեժիսոր Արամ Շահբազյանի ֆիլմերի ցուցադրությունների երեկոն էր: Հանդիսատեսը մեկ անգամ ևս հնարավորություն ունեցավ վերհիշելու ռեժիսորի հեղինակած դոկումենտալ հեռուստաֆիլմերից մի քանիսը, որոնք նույնանուն խորագրի ներքո ներկայացնում են «Աշխարհի մի անկյունը». ֆիլմեր, որոնք հայկական ազգագրության վառ նմուշներ են, պատումներ՝ միջմարդկային ամենապարզ հարաբերությունների, մեդիահասարակության լայն շերտերի համար մոռացության մատնված կենսաձևի և բնականության մասին:

Ֆիլմերի ցուցադրումից հետո Արամ Շահբազյանը միայն իրեն բնորոշ լեզվամտածողության նրբերանգներով կիսվեց երիտասարդ լսարանին հուզող հարցերի պատասխաններով: Իր սեփական ֆիլմերի օրինակով նա խոսեց վավերագրական կինոյի գաղտնիքների ու դժվարությունների մասին:

Ցուցադրությանը ներկա էր նաև «Հայֆիլմի» լեգենդար օպերատոր Լևոն Աթոյանցը։

Կարդացեք նաև

Հիմա մի բան պատմեմ, որ բոլորդ շատ կափսոսաք

«Ֆիլմերիցս մեկի հերոսին եմ նկարում: Սարերում է ապրում: Չոբան է: Պատմում է՝ սարում ոչխար էի պահում, մեկ էլ՝ մի հատ ուղղաթիռ եկավ, ասեց՝ արի քեզ մի կռուգ ման ածեմ: Ասեց՝ ի՞նչ ես ուզում քո համար անեմ, ինչ որ ասես՝ կանեմ: Դե ես էլ հիշեցի, որ էն տանձի վերևի ճղերը չէի քաղել, ասի՝ եկեք-գնանք տանձը հավաքենք… Ահա, սա ենք մենք կորցրել վավերագրական կինոյում ու սա վերագտնելու արդյունքում կարող ենք ստանալ էս անմիջական վավերագրությունը, որ տեսաք ֆիլմերում: Ուղղակի պետք է կարողանալ որսալ պահը: Դու իրեն (հերոսին) կարող ես փորձես հարցնես՝ ի՞նչ էր դա, որտե՞ղ քեզ ման տվեցին, ու ինքը նորից ավելի ոգևորված կպատմի կամ էլ չի պատմի… Բայց պետք է կարողանալ որսալ՝ պահը, հերոսին, իրավիճակը»:

Վավերագրականը շատ բազմաժանր է

«Սրանք, իհարկե, մաքուր վավերագրական ֆիլմեր են, բայց վավերագրականը շատ բազմաժանր է: Այս շարքի վավերագրականները (նկատի ունի «Աշխարհի մի անկյունը») շատ ունիկալ մի բան ունեն. եթե ուշադրություն դարձնեք՝ սա հավաքված պատմությունների մի շարք է, բայց այս շարքի որևէ ֆիլմում դուք պրոբլեմ կամ կոնֆլիկտ չեք տեսնի: Սրանք վավերագրողի աչքերով պատկերված մաքուր աշխարհ են, ուրիշ որևէ առավելություն չունեն այս ֆիլմերը: Դուք քանի՞ ֆիլմ կարող եք հիշել, որոնք կոնֆլիկտ չունեն, բայց հետաքրքրությամբ նայում եք: Սա էլ վավերագրության իմ լեզուն է, այս շարքում»:

Գյուղն ավելի կոսմոպոլիտ տեղ է, քան քաղաքները կամ նույնիսկ մեգապոլիսները

«Իմ կարծիքով՝ աշխարհի բոլոր գյուղերը նման են իրար, կապ չունի, թե որ ազգի գյուղ է: Գյուղն ավելի կոսմոպոլիտ տեղ է, քան քաղաքները կամ նույնիսկ մեգապոլիսները: Քաղաքներն անպայման իրարից տարբերվում են՝ քաղաքակրթություններով, տվյալ պետությանը բնորոշ սոցիալ-տնտեսական դիրքով, բայց գյուղերը ամեն տեղ համարյա նույնն են: Ձեզ մի բան պատմեմ. իտալական մի գյուղում զեյթուն վաճառող պապիկի կողքը նստած էի: Ես իր հետ խոսում էի ֆրանսերենով, որովհետև իտալերեն չգիտեի, սա էլ մտածեց, թե ֆրանսիացի եմ, անցավ ֆրանսերենին, ու թե՝ Ֆրանսիան ջեբս դրած ունեմ ես… Զեյթուն վաճառող պապիկ էր ընդամենը:

Ինքը էն մեր հայ չոբանից ոչ մի բանով չի տարբերվում: Բոլոր տեղերի գյուղացիները նույնն են: Շվեդիայի գյուղերից մեկով էինք անցնում, որտեղ մի գյուղացի, չգիտեմ որտեղից՝ մի ուղտ էր բռնել-բերել, պահում էր: Պատկերացրեք՝ Շվեդիայի գյուղերից մեկով գնում ես, մեկ էլ տեսնում ես՝ մի տեղ ուղտ է նստած: Սա, որ տեսավ իրեն նկարում ենք՝ լկստված շների նման՝ մեջքի վրա պառկեց ու սկսեց թավալ գալ: Աշխարհի բոլոր գյուղերում ամեն ինչ նույնն է: Հենց իրենց կոսմոպոլիտ լինելով էլ նրանք դառնում են համամարդկային»:

Երբ ինձ հարցնում են՝ ի՞նչ խորհուրդ կտամ վավերագրական կինո նկարող ռեժիսորներին, ես պատասխանում եմ՝ իսկ ո՞ր վավերագրականին

«Վավերագրական կինոն իր ժանրերով ու տարատեսակներով շատ տարբեր է, սկսած «чернуха» նկարելուց՝ մինչև լիամետրաժ ֆիլմերը: Ես մի վավերագրական ունեմ, որ պատմում է Հայաստանում նարկոմանիայի աճի տեմպերի մասին: Դա էլ վավերագրական կինո է: Եվ կան վավերագրականներ, որոնք ուղղակի սիրուն են, ասենք՝ постановочные կադրերով: Պատահում է, որ ինձ հարցնում են՝ ո՞րն է գեղեցիկ բնապատկերներ որսալու իմ գաղտնիքը… Որսալու բան չկա: Դոկումենտալ կինոն միշտ անակնկալներ ունի, որ հանում ու փռում է դիմացդ: Դոկումենտալ կինոն ցանկացած նկարողի ասում է՝ էստի համեցեք, տեսեք, թե հիմա ես ձեզ ի՜նչ պատկերներ եմ նվիրելու: Գեղարվեստական կինոն դա «закон подлости»-ն է, ինչ մտածել ես՝ չի ստացվելու, ոչ մի բան քո ուզածով չի լինելու: Դոկումենտալ կինոն ճիշտ հակառակ սկզբունքով է գործում: Դու գնում ես նկարելու, ու բոլոր անակնկալները քեզ համար են՝ եղանակային, բնապատկերային և այլն: Որսա՛: Ուրիշ բան է, որ ես՝ որպես ռեժիսոր, բավականություն եմ ստանում գեղարվեստական ֆիլմից: Գեղարվեստական ֆիլմը շատ դժվար արտադրություն ունի, ու դա ինձ դուր է գալիս»:

Սրանք բոլորը մի օրում նկարած ֆիլմեր են

«Ամենաշատ ժամանակը, որ ծախսել եմ այս ֆիլմերի ստեղծման վրա, եղել է օր ու կես: Դրանից ավել ոչ ոք ինձ ժամանակ չէր տրամադրի՝ այս ձևաչափի ֆիլմեր անելու համար: Հեռուստատեսությունը մի բան է, որ ինձ գլխից խփեց: Դե ես անում էի, իրենք ուրախ էին, որ ես անում էի, ես ուրախ էի, որ վատ բան չեմ անում, ու էս ամենի համար դեռ վճարվում էի ու ապրում իմ համար: Էլի եմ ասում, ես երեք, չորս տարի շարունակ հեռուստատեսությունում բացառիկ ազատություն եմ ունեցել՝ անելու այն, ինչ ուզում եմ, և որն իր բովանդակային իմաստով չէր հակասում իմ գեղագիտական պատկերացումներին, բայց նույն հեռուստատեսությունում մշտապես կա գլխից խփվելու վտանգը՝ մենք ինչի՞ տեր ենք, որ դու Երևանից գնաս, հասնես Բասարգեչար, նկարես տասնվեց րոպե ու հետ գաս…

Այս շարքից հետո ես սկսեցի ուշադրություն դարձնել՝ գրեթե ոչ մի հեռուստատեսություն նման նախագծեր այլևս չարեց: Ամեն տեսակի ամբախ-զամբախության վրա փողեր են ծախսում: Էս կարգի բաներ ես էլի ունեմ, որ ժամանակին անում էի՝ «Գյուղական էսքիզներ»-ը, որն իրենից հինգ րոպե տևողությամբ տեսահոլովակ էր ներկայացնում, և որը միաժամանակ իր մեջ պարունակում էր հինգ հատ մեկ րոպեանոց պատում՝ գյուղում քարկտիկ խաղացող երեխաների մասին, կամ քալագյոշ եփող տատիկի, մարդ ու կին, որ երկուսով իրենց տրակտորն էին վերանորոգում, կամ շունը, որ ձագերին էր կերակրում, տատիկն ու թոռը սուջուխ էին պատրաստում… Դրանք տեսահոլովակի պես օրը մի քանի անգամ պտտվում էին եթերում՝ օրական մինչև քսան անգամ՝ եթերը անվերջ լցնելով որակյալ ինչ-որ բանով: Ափսոսում եմ, որ սա այլևս չկա, չեմ տեսնում, կամ կարո՞ղ է՝ ես եմ վատ տեսնում…»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս