Բաժիններ՝

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր գիտությունը տարածաշրջանում ունի բավականաչափ բարձր մակարդակ». Ռադիկ Մարտիրոսյան

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր գիտությունը տարածաշրջանում ունի բավականաչափ բարձր մակարդակ»,- Հրատապ թեմա ծրագրի շրջանակներում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի մեկնարկին հայտարարեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Հանդիպման թեման Հայաստանում գիտության զարգացման միտումներն էին, խոչընդոտներն ու հնարավորությունները: Ասուլիսի բուն թեմայից զատ, Ռադիկ Մարտիրոսյանը խոսեց նաև ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների մասին, ինչպես նաև անդրադարձավ զինապարտության մասին վիճահարույց նախագծի քննարկմանը:

Տեղական գիտության բարձր մակարդակի մասին պաշտոնական հայտարարությունը հաստատելու համար, բանախոսը նշեց՝ պետք է բերել համապատասխան օբյեկտիվ ցուցանիշներ: Գիտության արդյունքները գնահատելը մշտապես եղել է գիտության կարևորագույն խնդիրներից մեկը: Այսօր ողջ աշխարհում դա տեղի է ունենում հատուկ մշակված ծրագրի՝ գիտաչափական համակարգի միջոցով, որը միավորների տեսքով չափում է այս կամ այն գիտական արդյունքի գրանցումը: Ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանը մանրամասնում է՝ գիտաչափական միավորները մի քանիսն են՝ սկսած տարվա կտրվածքով միջազգային Faktor impak հեղինակավոր ամսագրերում տպագրված աշխատանքների թվից՝ մինչև դրանցով հետաքրքրված մարդկանց թիվը՝ հղումների միավորները, ինովացիոն արժեքները՝ արդյո՞ք տվյալ աշխատանքն ունի կիրառելի հետևանքներ, դրանց ածանցիալները, և այլն: Գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում նվաճումներ գրանցող, ըստ բանախոսի՝ թերևս, ամենահեղինակավոր միավորը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն, յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ հրատարակում է «Գիտությունն աշխարհում» վերնագրով բավականաչափ հաստափոր գիրք, որտեղ ներկայացված են այս կամ այն երկրի վերոհիշյալ նվաճումները:

Այսպիսով՝ վերջին հինգ տարում գիտության ոլորտում, ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի Վիճակագրական ինստիտուտի հրատարակած տվյալների, Հայաստանը տարածաշրջանում (ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ այս տարածաշրջանը համարվում է Սևծովյան երկրների տարածաշրջան, որն իր մեջ ներառում է թվով տասը պետություններ՝ Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Իսրայելը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը) գրանցել է հետևյալ ցուցանիշները՝ 2014 թվականի տվյալներով, յուրաքանչյուր միլիոն բնակչի հաշվով Հայաստանը գրանցել է 232 գիտական արդյունք՝ տպագրված աշխատանք, Իրանը՝ 326, Թուրքիան՝ 311, Ռուսաստանը՝ 204, Վրաստանը՝ 122, Բելառուսը՝ 116, Ուկրաինան՝ 109, Ադրբեջանը՝ 45: Ամենամեծ միավորներն իր հաշվին գրանցել է Իսրայելը՝ 1431 ցուցանիշով:

Բացի տպագրված հոդվածների թվաքանակից, հաջորդ ցուցանիշը, որով կազմվում է վարկանիշային աղյուսակը, հղումների ինդեքսն է՝ որքան ընթերցող է հետաքրքրված այդ հոդվածների բովանդակությամբ: Ռադիկ Մարտիրոսյանի բերած ցուցանիշները հաստատում են՝ այս տեսակետից ԱՊՀ երկրների համեմատությամբ, մեկ գիտնականի հաշվով Հայաստանն առաջին տեղում է՝ իր հաշվին գրանցելով 1559 միավոր, հետևաբար հաստատելով՝ հայաստանյան գիտական միտքն ամենաշատ թվով հղումներ է գրանցել իր հաշվին: Հղումների ցուցանիշով երկրորդ տեղում Մոլդովան է՝ 1115 միավորով, մնացյալ երկրների գրանցած ցուցանիշներն այստեղ կտրուկ անկում են գրանցում:

Ըստ բանախոսի, տարիների ընթացքում այս ցուցանիշները, իհարկե, փոփոխության են ենթարկվում: Հայստանում տպագրվող ամսագրերից մի քանիսն են միայն, որ ունեն Faktor impak՝ համապատասխանաբար՝ 0.3, 0.4 մինչև 1 միավորներով, ի տարբերություն միջազգային մամուլի, որտեղ տպագրվող գիտական ամսագրերը գրանցում են մինչև 10-20 միավորներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս