«Քյարամ Սլոյանին գլխատել են ոչ թե ԻՊ զինյալները, այլ «Գորշ գայլերի» հետևորդները». Աշոտ Մովսիսյան
«Փաստ է, որ Հարավային Կովկասի երկրներից «Իսլամական պետություն» կառույցին ամենաշատը հենց Ադրբեջանից են անդամակցում։ Դա ցույց է տալիս, որ Ադրբեջանում բարձիթողի վիճակ է, և ծայրահեղ իսլամի հետևորդ ադրբեջանցիները կարողանում են հեշտությամբ անցնել Իրաք, Սիրիա և անդամակցել այդ կազմակերպությանը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը։
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն լուրերին, թե «Իսլամական պետություն» խմբավորման ադրբեջանցի և թուրք անդամների զգալի մասը զոհվում են նաև Արցախում՝ դիվերսիոն հարձակումներ կատարելու ընթացքում, ադրբեջանագետը հետևյալն ասաց. «Ադրբեջանը չունի ԻՊ զինյալների կարիքն Արցախի հարցում։ Հիմա սահմանում համեմատաբար խաղաղ է։ Ադրբեջանն ԻՊ զինյալների կարիքը գուցե զգա այն ժամանակ, երբ հասկանա, որ հատուկ նշանակության զորքերը չեն կարողանում մարտական խնդիր կատարել։ Իսկ այս պահին կարելի է նույնիսկ բացառել, որ ԻՊ զինյալները ներգրավված լինեն ադրբեջանական բանակում, հատկապես՝ ռազմական գործողություններին, քանի որ նրանք առաջինը վտանգ են ներկայացնում հենց Ադրբեջան պետության, զինված ուժերի, գործող իշխանության և կլանի համար»։
Ապրիլյան պատերազմի ժամանակ Քյարամ Սլոյանի գլխատումը շատերը կապում էին «Իսլամական պետություն» կառույցի հետ՝ այդ գործողության մեջ տեսնելով նույն ահաբեկչական տարրերը, ինչ հատուկ է այդ կառույցին։ Աշոտ Մովսիսյանը նույնպես ահաբեկչական տարր է տեսնում դրանում, բայց դա, ըստ նրա՝ «Իսլամական պետության» զինյալների գործը չէ. «Այնտեղ ԻՊ մարտիկներ չեն եղել, այլ եղել են «Գորշ գայլերի» հետևորդներ, որոնք փորձում են այդկերպ վրեժ լուծել հայ ժողովրդից։ Նրանք իրենց 2 մատը ցուցադրելով՝ ցույց են տալիս, որ «Գորշ գայլերի» հետևորդներ են, այլ ոչ «Իսլամական պետության» անդամներ կամ Սիրիայում և Իրաքում կռված մարտիկներ»։
Ադրբեջանագետը հավելեց. «Հաճախ կարող ենք լսել, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը վնասազերծել է ԻՊ զինյալներին Ադրբեջանի ներսում։ Որոշ դեպքերում դրանք ուղղակի քողարկված գործողություններ են ԻՊ անվան տակ, այդկերպ փորձում են Ադրբեջանի հյուսիսում բնակվող տեղաբնիկ ժողովուրդների ակտիվ ներկայացուցիչներին շարքից հանել, որպեսզի ապագայում նրանք էթնիկ հողի վրա հնարավոր գործողությունների ժամանակ արդեն վնասազերծված լինեն»։