Բաժիններ՝

Վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում հաշմանդամ չճանաչված անձին կտրամադրվի անվճար վերականգնողկաան բուժօգնություն

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության սահմանման չափորոշիչները որոշակի փոփոխությունների են ենթարկվել: Հանրային ռադիոյի «Սպառողի ժամը» հաղորդման շրջանակներում փոփոխությունների և չափորոշիչների սահմանման նոր մոդելի մասին խոսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համակարգող խորհրդատու՝ Անուշ Սիմոնյանը:

Ոլորտի պատասխանատուն նշել է, որ հաշմանդամության սահմանման գործընթացը դինամիկ պրոցես է և ամեն տարի հաշմանդամություն ունեցող անձը՝ անցնելով անհրաժեշտ ախտորոշիչ բուժական-վերականգնողական միջոցառումներ, ներկայացնում է համապատասխան բժշկական փաստաթղթեր, որոնց հիման վրա էլ դիմում է գրում, ապա փորձաքննվում, իսկ արդեն փորձաքննությունն իրականացնող հանձնաժողովները՝ ԲՍՓ-ները, արձանագրում են՝ արդյո՞ք տվյալ անձի մոտ վերականգնվել է օրգանիզմի համապատասխան ֆունկցիան, ինչի հիման վրա էլ որոշում է կայացվում:

«Այսօր դեռ գործում է 2003թ.-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված N780 որոշումը՝ չափորոշիչները դեռևս չեն փոխվել: Այսինքն մեր գործող օրենսդրական ակտերում անձը հաշմանդամ կարող է ճանաչվել այն դեպքում, երբ ունի հիվանդություն, վնասվածք, խեղում և բուժումների արդյունքում նրա օրգանիզմի ֆունկցիան կայուն խանգարվել է, ինչը հանգեցրել է կենսագործունեության սահմանափակման որևէ տեսակի կամ տեսակների զուգորդմանը: Այս երեք բաղադրիչները պարտադիր պայման են հաշմանդամությունը սահմանելու համար: Եթե նշվածներից ոչ մեկն առկա չէ, ապա անձը չի կարող ճանաչվել հաշմանդամ»,- մանրամասնել է տիկին Սիմոնյանը:

Անդրադառնալով փոփոխություններին՝  վերջինս նշել է, որ 2003 թվականի որոշման մեջ ոչինչ չի փոխվել, պարզապես մարտի 31-ին փոփոխության է ենթարկվել  հիվանդությունների վերաբերյալ մեթոդական ուղեցույցը, որում հստակեցվել են օրգանիզմի ֆունկցիաների գնահատման բժշկագիտական նոր չափորոշիչները, որպեսզի դրանց հիման վրա բժիշկ-փորձագետները միատեսակ մոտեցում ցուցաբերեն միևնույն երևույթին: Ըստ այդմ, հաճախակի հաշմանդամության բերող 16 հիվանդություններն ավելի մանրակրկիտ են ուսումնասիրվում ու պարզվում բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում, և եթե  օրգանիզմում չկա կայուն խանգարում, կենսագործունեության սահմանափակում, ապա անձը չի կարող ճանաչվել հաշմանդամ:

«Եթե անձն ունի աննշան խանգարում, ապա նա չի կարող ճանաչվել հաշմանդամ՝ ինչքան էլ ունենա որևէ տեսակի հիվանդություն: Հիվանդությունը պայման չէ, պետք է լինի օրգանիզմի կայուն կամ տևական խանգարում կամ կենսագործունեության որևէ սահմանափակում՝ ինքնուրույն տեղաշարժվելու, կողմնորոշվելու, հաղորդակցվելու, երեխաների համար՝ խաղալու և սեփական վարքագիծը հսկելու: Այս կենսագործունեության սահմանափակումներից մեկի առկայության, չափավոր ֆունկցիայի խանգարման դեպքում միայն անձն ընդգրկվում է հաշմանդամության 3-րդ խմբում»,- մանրամասնել է Անուշ Սիմոնյանը:

Անդրադառնալով հասարակության այն մտավախությունը, թե երրորդ խումբ այլևս չի սահմանվում, տիկին Սիմոնյանը հավաստիացրել է,  որ նման բան չկա, քանի որ չափորոշիչները չեն փոխվել, ընդամենը մեթոդաբանություն է փոխվել և հունվարից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում 29 910 անձ հաշմանդամության երրորդ խմբում են, 6804 հաշմանդամության՝ երկրորդ խմբում, 841-ը՝ առաջին խմբում, իսկ 2236-ը հաշմանդամ երեխաներն են:

«Եթե անձը տարիներ շարունակ ունեցել է երրորդ խմբի հաշմանդամություն և հիմա հաշմանդամ չի ճանաչվել, ապա նա ունի իրավունք 2 ամսվա ընթացքում բողոքել վերադաս մարմնին. վերափորձաքննության բաժնում այն մեկ ամսում փորձաքննվում է և եթե արձանագրվում է, որ տարածքային մարմինները՝ ԲՍՓ-ները, մարդու նկատմամբ օրենսդրական ակտը ճիշտ չեն կիրառել, ապա վերափորձաքննության բաժինը չեղարկում է այդ որոշումը՝  ընդունելով նորը: Վերջին տվյալներով 1584 անձի դիմում-բողոք ունենք, որոնք փորձաքննվել ու դեռ փորձանքննվում են: Դիմում-բողոք ներկայացրած անձանցից 22-ի իրավունքներ վերականգնվել են»,- նշել է Անուշ Սիմոնյանը:

Վերջինս հավելեց, որ այս նոր հիմնաքարով կարևորվելու է անձի նկատմամբ վերականգնողական անհատական ծրագիրը, ինչն անձին հնարավորություն է տալու պետական պատվերի շրջանակներում ստանալ այն բուժօգնությունը, որն այսօր հաշմանդամություն ունեցող անձը ստանում է: «Այն անձն, ով բժշկասոցիալական փորձաքննություն է անցել և հաշմանդամ չի ճանաչվել, ձեռնունայն չի հեռանա՝ բուժման կարիք ունենալու դեպքում նրան ուղեգրով անվճար կտրամադրվի վերականգնողական-անհատական ծրագիր: Նոր մոդելի հիմքում անձի իրական կարիքը գնահատելն ու ծառայության նպատակային մատուցումն է»,-ամփոփելով՝ նշել է պաշտոնյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս