Ֆրանսիայում ավարտվել են Արտավազդ Փելեշյանի մասին պատմող դոկումենտալ ֆիլմի նկարահանումները
Ֆրանսիացի ռեժիսոր, Գրենոբլի համալսարանական դասախոս, մի շարք կենսագրական և գիտական գրքերի հեղինակ Վինսենթ Սորելի (fr. Vincent Sorrel) հեղինակած դոկումենտալ ֆիլմաշարի հերթական մասն անդրադարձ է աշխարհահռչակ վավերագրող Արտավազդ Փելեշյանի ստեղծած արվեստին:
Ինչպես մեր զրուցակիցը՝ դերասան Սերժ Ավեդիքյանն է պատմում, Վինսենթ Սորելը հեղինակ է աշխարհահռչակ ռեժիսորների կյանքի և գործունեության մասին պատմող դոկումենտալ ֆիլմաշարի, որն այս անգամ պատմելու է մեր հայրենակցի՝ համաշխարհային կինոյի պատմության մեջ շրջադարձային հայտնությամբ հայտնի Արտավազդ Փելեշյան կինոպոետի մասին.
«Այս ֆիլմի նկարահանումներին Արտավազդ Փելեշյանը ֆիզիկապես չի մասնակցել, թեև ռեժիսորի հետ հանդիպում և զրույց եղել է ամռանը՝ Վարպետի փարիզյան այցի ընթացքում: Եթե հաշվի առնենք, որ Արտավազդ Փելեշյանն առանձնապես խոսել չի նախընտրում, ապա ռեժիսոր Վինսենթ Սորելի հետ նրա 1.5 ժամ տևած հանդիպումը մեծ ձեռքբերում կարելի է համարել:
Վինսենթին հաջողվել է տեսնել և հասկանալ, թե ինչ գործ է արել Արտավազդ Փելեշյանն իր ֆիլմերում՝ պատկերի, ձայնի և հնչյունի հետ հարաբերությունուններում, դիտարկելով դրանք ժամանակի տրյուկաժների ենթատեքստում: Ողջ ֆիլմի ընթացքում, որ մոտավորապես 45 րոպե տևողությամբ՝ «Ռեժիսորը տիեզերագնաց է» (fr. «Le réalisateur est un cosmonaut») աշխատանքային վերնագրով լիովին դոկումենտալ ֆիլմ է, ռեժիսորը փորձ է անում պատկերել Փելեշյանի ժեստը՝ մարմնային ժեստը, սկսած նրանից, թե ինչպես է այդ հզոր անհատականությունը շփվում տեսախցիկի և ժապավենի հետ, վերցնում ձեռքը, տեղադրում տեսախցիկի մեջ, իջեցնում կամ քիչ սեղմում կադրը, փոխում պատկերի արագությունը, հետո շուռ տալիս դրանք, որպեսզի հավասարակշռվեն, և այլն:
Այլ կերպ ասած՝ նա, իր հերթին՝ սեփական պոետիկ ֆիլմն է անում կինոյի հանճարեղ պոետ Արտավազդ Փելեշյանի մասին՝ լիովին մտնելով փելեշյանական աշխարհ, հարգելով, հասկանալով և զգալով նրա ցուցաբերած մոտեցումները կինոյում, փորձելով նաև ցույց տալ, թե ինչպե՞ս է այդ մարդուն հաջողվել այդքան վարպետորեն իրենով դարձնել կինոաշխարհը և բացահայտել կինոյի թաքնված լեզուն: Արտավազդ Փելեշյանի ստեղծած կինոյից վերցված հատվածներով նա ցույց է տալիս կինովավերագրողի արվեստի ժեստը, ինչպես, օրինակ, կարելի է ցույց տալ նկարիչի ժեստը, թե ինչպես է նա կտավին հանձնում պատկերները:
Վինսենթ Սորելին հաջողվել է գտնել այն տեսախցիկը, որով Արտավազդ Փելեշյանը նկարահանել է Մոսկվայում, նա փնտրել և գտել է այն հատվածները, որտեղից Փելեշյանը վերցրել է իր կինոյին անհրաժեշտ երաժշտությունները, նույնիսկ, երբ դրանք դասական գործեր են՝ կատարված երկրորդական նվագախմբերի միջոցով, որտեղ, բնականաբար, հեղինակային իրավունքների հարց կա, որպեսզի կարողանա աշխատել հենց օրինակ ասենք՝ Վիվալդիի կամ Մոցարտի ստեղծագործությունների հետ, բայց աշխատի այնպես, ինչպես պահանջում է այս անգամ իր ֆիլմը, որ պատմում է Փելեշյանի մասին: Նա շատ լավ է հասկացել Արտավազդ Փելեշյանի մոտեցումը՝ ոչ միայն մոնտաժի (դիստանցիոն մոնտաժ) թեորիայի առնչությամբ, որին նույնպես կանդրադառնա ֆիլմում, այլ առավել շատ հենց պատկերի և հնչյունի ձուլման տեխնիկայի հարցերում, որի վրա էլ կենտրոնացել է:
Կարծում եմ՝ սա կլինի շատ զուսպ և մտերիմ մի ֆիլմ՝ Արտավազդ Փելեշյանի արվեստի մասին, որի նմանը մենք մինչ այսօր դեռ չենք ունեցել: Կոնկրետ Ֆրանսիայում չափազանց մեծ հետաքրքրություն կա փելեշյանական արվեստի նկատմամբ՝ սկսած կինո սերտող ուսանողներից՝ մինչև նրանց դասավանդող պրոֆեսորադասախոսական կազմը, ովքեր մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում են կինոյում Փելեշյանի ստեղծած լեզուն»: