Բաժիններ՝

Որո՞նք են «Յունայթեդի» խնդիրները, և ինչպե՞ս գտնել ելքեր

«Մանչեսթեր Յունայթեդի» ցուցադրած ձանձրալի ֆուտբոլն ակումբի միակ խնդիրը չէ այս մրցաշրջանում: Եթե անգամ մանչեսթերյան ակումբը հիմա մարզեր Գվարդիոլան, ով կրկին զարմացնում է Անգլիայում և Եվրոպայում, ապա ակումբի խնդիրները դժվար թե լուծվեին: Չմոռանանք, որ ակումբը հիմա գլխավորում է մարզիչ, ով մեկ անգամ չէ, որ ապացուցել է, որ լավագույններից մեկն է աշխարհում:

Փորձենք հասկանալ, թե որոնք են մանկունյանցիների հիմնական խնդիրներն այս մրցաշրջանում, և ինչպես է հնարավոր լուծել դրանք:

1. Տրանսֆերային քաղաքականություն

Սկսենք ամենասկզբից: 2013 թվականից Էդ Վուդվորդն աշխատանքի անցավ մանչեսթերյան ակումբում: Նրա իրավասությունների տակ էին նաև տրանսֆերային գործերը: Իր առաջին աշխատանքային տարին Վուդվորդը տապալեց. թիմը ստորագրեց միայն Ֆելաինիին, այնինչ ակումբի տրանսֆերային թիրախում Ֆաբրեգասը, Էրերան և Բեյնսն էին:

Կարդացեք նաև

Աշխատանքային առաջին օրերին Էդ Վուդվորդը հայտարարել էր, որ կարմիր սատանաները կարող են գնել այն ֆուտբոլիստին, որ ուզում են, և խնդիրներ չեն ունենա: Գուցե որոշ մարդկանց մոտ այս հայտարարությունը բարձրացրեց Վուդվորդի հեղինակությունը, բայց իրականությունն այլ բան է ասում:

Վերջին տարիներին «Յունայթեդի» տրանսֆերային թիրախներից քչերն են պայմանագիր ստորագրում ակումբի հետ:

Իրականում, մանչեսթերյան ակումբը մի շարք հաջող տրանսֆերներ իրականացրեց՝ ձեռք բերելով շատ տաղանդավոր ֆուտբոլիստների, այդ թվում՝ գնելով Մխիթարյանին, ում Դորտմունդի «Բորուսիան» պահում էր ատամներով: Սակայն անգլիական ակումբի կողմից հնչող շատ անուններ կիսատ թողեցին բանակցությունները: Խոսքս, մասնավորապես, Ֆաբինիոյի, Գրիզմանի, Պերիշիչի, Դայերի և Մորատայի մասին է:

2. Պետք է կազմի թարմացման երկրորդ ալիքը

Երկրորդ կետն առաջինի տրամաբանական շարունակությունն է:  Լուի վան Գալի օրոք թիմում եղավ մասսայական մաքրում, ինչի արդյունքում թիմը լքեցին Նանին, Ռաֆայելը, Ռոբին վան Պերսին: Սակայն, մյուս կողմից՝ հոլանդացի մասնագետի օրոք թիմը համալրեցին մի շարք ֆուտբոլիստներ, որոնք այդպես էլ ոչ մի օգուտ չտվեցին՝ Դեպայ, Դի Մարիա, Ֆալկաո, Վալդես և այլք:

Մոուրինիոյի օրոք այս ֆուտբոլիստների մեծ մասը լքեց թիմը, բայց չի կարելի ասել, որ Յուրահատուկի գնած ֆուտբոլիստները մեծ օգուտ են տալիս թիմին:

Հնչեղ անուներ թիմում շատ կան, բայց նրանց ՕԳԳ-ն շատ փոքր է:

Օրերս անդրադարձել էինք այն խնդրին, որ Մոուրինիոն, անգամ եթե ցանկանա ռոտացիաներ իրականացնել, ապա շատ քիչ հնարավորություններ ունի: Օրինակ՝ հիմա  ոչ վստահ հանդես եկող Մխիթարյանին փոխարինելու տարբերակներ գրեթե  չկան:

3. Երիտասարդական համակարգ

«Մանչեսթեր Յունայթեդը» միշտ ունեցել է ոսկե երիտասարդություն: Նախկինում ակումբի երիտասարդները դառնում էին անմրցելի, իսկ իրենց կարիերայի վերջում՝ լեգենդներ: Հիմա շատ բան է փոխվել:

«Մանչեսթեր Սիթին» այսօր ունի լավագույն երիտասարդական համակարգը: Քաղաքայինների ակադեմիան համարվում է լավագույններից մեկը ոչ միայն Անգլիայում, այլև ամբողջ Եվրոպայում: Այս ակադեմիայի վրա ծախսվել է ավելի քան 200 մլն ֆունտ:

Մանչեսթերյան մյուս ակումբն այստեղ ունի խնդիրներ: Մինչև 17 տարեկանների Աշխարհի չեմպիոն դարձած Անգլիայի հավաքականում կա միայն մեկ ֆուտբոլիստ, որ ներկայացնում է Յունայթեդը: Բացի այդ, անգամ ակումբի լեգենդներն իրենց երեխաներին ընդունում են մրցակիցների դպրոցներ: Այդպես են վարվել Ուեյն Ռունին, Ֆիլ Նևիլը, Ռոբին վան Պերսին, Դարեն Փլեթչերը և այլք:

4. Անհատի դերը

Անցել է 4 տարուց ավելի, ինչ հեռացել է Ալեքս Ֆերգյուսոնը, սակայն երկրպագուները դեռ չեն դադարել հիշել, թե ինչ հրաշալի էին Ֆերգյուսոնի ժամանակները: Իհարկե, ակումբի ոսկե դարաշրջանը պետք չէ մոռանալ, սակայն պետք է նայել առաջ:

Մոյեսը, վան Գալը եկան Ֆերգյուսոնից հետո և պարզապես չկարողացան դիմանալ նման ճնշմանը:

Հիմա ակումբը ղեկավարում է Մոուրինիոն՝ Յուրահատուկը, սակայն անգամ նա ևս դեռ չի կարողանում դառնալ հեղինակություն երկրպագուների համար: Բոլորը գիտեն, որ Ժոզեի և սըր Ֆերգյուսոնի ֆուտբոլային գաղափարախոսությունը ծայրահեղ տարբեր է:

Միակ ելքն այն է, որ երկրպագուները հասկանան, որ գոնե առաջիկա տասնամյակում ոչ մի մարզիչ չի կարողանա նմանվել Ֆերգյուսոն-ֆենոմենին:

5. Պրեմիեր լիգայի թիմերի մակարդակը փոխվում է

Հիմա Անգլիայում խաղում են աշխարհի 20 ամենահարուստ ակումբներից 9-ը: Սա ոչ միայն հովանավորների շնորհիվ է, այլև հեռուստատեսային մեծ վարկանիշերի: Պրեմիեր լիգայում վերջին տեղը զբաղեցրած թիմը ստանում է 117 միլիոն եվրո:

Անգլիական ակումբները գնալով հարստանում են, ինչը նշանակում է, որ անգամ միջին մակարդակ ունեցող անգլիական ակումբը կարող է իրեն թույլ տալ գնել ֆուտբոլիստների եվրոպական թոփ-լիգաների լավագույն եռյակներից:

Սրա արդյունքում՝ անգլիական ակումբների մակարդակները պարբերաբար հավասարվում են,  և ոչ միայն՝ մանչեսթերյան ակումբների, այլև՝ մյուս առաջատարների գործերը համապատասխան բարդանում են:

Սա արդարացնում է այն տարածված կարծիքը, որ Պրեմիեր լիգան ամենաանկանխատեսելի առաջնությունն է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս