Բաժիններ՝

Թվայնացումը՝ որպես նոր հնարավորություն Հայաստանի տնտեսության համար. ինչո՞ւ և ինչպե՞ս

Ավարտվեց Դիլիջանում մեկնարկած 5-րդ ամենամյա  Բիզնես ինովացիոն միջազգային ֆորումը: Ֆորումի մասնակիցներն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ երկօրյա համաժողովին քննարկել են ոլորտի զարգացման հնարավորություններն ու սպասվելիք մարտահրավերները:

Կազմակերպիչների խոսքով՝ ինովացիոն ֆորումն ինովացիոն գաղափարների հավաքագրման արդյունավետ հարթակ է կրթական, տեխնոլոգիական և գործարար այլ ոլորտների տեղական ու միջազգային փորձագետների համար, ովքեր թեմատիկ քննարկումների և շփումների միջոցով կներկայացնեն ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, ինչպես նաև կձևավորեն հետագա գործողությունների պլան:

Ֆորումի ընթացքում քննարկվել են մի շարք թեմաներ, որոնցից առաջինը  «Թվայնացումը՝ որպես նոր հնարավորություն Հայաստանի տնտեսության համար» թեման էր:

Թեմայի շրջանակներում ձևավորվել էին աշխատանքային խմբեր, որոնք նպատակ ունեին  քննարկել Հայաստանի արդյունաբերության և կապակցված ծառայությունների համար թվայնացման հնարավորությունները:

Թվայնացման հնարավորությունների մասին ներածական ակնարկը ներկայացվել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից: Ելույթի ընթացքում ներկայացվել է «Թվային Հայաստան» հիմնադրամն ու թվայնացման հնարավորությունները Հայաստանում:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն օգոստոսի 3-ին որոշում էր կայացրել ստեղծել «Թվային Հայաստան» հիմնադրամ: Հիմնադրամը նպատակ ունի  կառավարման բոլոր ոլորտներում տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիական հենքի վրա ձևավորել միասնական թվայնացված միջավայր:

Ըստ խոսնակների՝ Հայաստանի թվայնացման գաղափարի տրամաբանությունը շատ պարզ է: Այն ենթադրում է պրոցեսների օպտիմիզացում, որն էլ ենթադրում է տնտեսության տրանֆորմացիա, որն էլ իր հերթին՝ բերում է տնտեսության զարգացմանը:

Թվայնացումից հետո ակնկալվում են  օպտիմալ պրոցեսներ, ավելի բարձր արտադրողականություն, ավելի բարձր մրցունակություն, ավելի թափանցիկ հաշվետվողական և ավելի վստահելի հանրային կառավարում: Թվայնացումն իրենից ենթադրում է նաև՝ ավելի բաց լինել աշխարհի նկատմամբ և ավելի հեշտ մուտք գործել թվային աշխարհ:

Այս նպատակներին հասնելու համար Հայաստանն ունի որոշակի առավելություններ՝ զարգացած տեխնոլոգիական ոլորտ, զարգացած հեռահաղորդակցության ոլորտ և բավականին զարգացած էլեկտրոնային կառավարման համակարգեր:

Կան նաև որոշակի խոչընդոտներ, որոնցից են ներկա համակարգերի միջև ցածր փոխգործելիությունը, էլեկտրոնային կառավարման ծառայությունների   օգտագործման ցածր աստիճանը և մասնավոր ոլորտի կողմից թվային ծառայությունների առաջարկի փոքր քանակը:

Հիմա ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ աշխատում է  տրանսֆորմացիայի ռազմավարության վրա, որը պատրաստ կլինի մինչև  2017 թվականի ավարտը: Ռազմավարության հիմնական 6 ուղղություններն են՝ էլեկտրոնային կառավարությունը, թվային ենթակառուցվածքը, մասնավոր ոլորտի թվայնացումը, ինստիտուցիոնալ կառավարումը, կիբեռանվտանգությունը և թվային հմտությունների զարգացումը:

Ֆորումի ընթացքում մասնակիցները երկու աշխատանքային խմբերով քննարկել են  թվայնացման գործընթացը՝ որպես տեղական տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման  հնարավորություն, ինչպես նաև փորձել են հասկանալ, թե ինչպես է պետք նպաստել մասնավոր հատվածում թվայնացման գործընթացին  թե՛ տեխնոլոգիական, և թե՛ ոչ տեխնոլոգիական ոլորտներում:

168.am-ը փորձել է ամփոփել աշխատանքային խմբերի աշխատանքը՝ առանձնացնելով աշխատանքային խմբերի քննարկած ամենակարևորն հարցերն ու եզրակացությունները:

Որքանո՞վ է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) սեկտորը պատրաստ կամ ոչ պատրաստ խելացի կառավարությանը սպասարկել տարբեր լուծումներով 

Աշխատանքների արդյունքում իրավիճակը գնահատվում է բավականին դրական: Հայաստանում արդեն իսկ առկա են բավական դրական և արդյունավետ ծրագրերի պորտֆեյլներ,  և հիմա հիմնականում ՏՏ հատվածը պատրաստ է խելացի կառավարությանը մատուցել  համապատասխան որակի լուծումներ: Սակայն այս հատվածում առկա են նաև խնդիրներ: Դրանցից է, օրինակ, այն, որ պատվիրատուն հաճախ չի խոսում կատարողի լեզվով: Այսինքն՝ կառավարության ներկայացրած տեխնիկական պահանջներն այնքան էլ հստակ չեն, ինչը խնդիր է առաջացնում:

Ի՞նչ է առաջարկվում

• Բարեփոխումներ կրթական ոլորտում՝ դպրոցական մակարդակից մանագիտացումը տանելով դեպի տեխնոլոգիաներ:
• Մասնավոր և պետական սեկտորների միջև երկխոսության հարթակների ձևավորում, ինչի շնորհիվ կլուծվի իրար չհասկանալու հարցը:
• Պետք է լրացվի վենչուրային ֆինանսավորման պակասը:

Ինչ վերաբերում է նորարարությանը, ապա, ըստ աշխատանքային խմբի անդամների՝ պետք է ընտրվի innovate not copy սկզբունքը:

Որքանո՞վ են թվայնացմանը  պատրաստ հաճախորդները

Ըստ աշխատանքային խմբի եզրակացությունների՝ կա հաճախորդների հետ կապված 3 հիմնական խնդիր:

1. Հարմարվողականություն և ոչ բավարար ճկունություն

Սպառողները հարմարվող են և պահպանողական: Ոչ այնքան հարմարավետ  լուծումների առաջարկներ ստանալուց հետո հաճախորդները հարմարվում են և չեն պահանջում ավելի լավ լուծումներ: Մարդիկ շատ հետաքրքրասեր չեն, և իրենք  չեն փնտրում նոր լուծումներ։

2. Անվստահություն

Սպառողները շատ քիչ վստահություն ունեն ծառայություններ մատուցող ընկերությունների նկատմամբ: Խոսքը հիմնականում անձնական տվյալների պաշտպանության մասին է: Մարդիկ անձնական տվյալներ տալիս չեն հասկանում, թե ինչի համար են օգտագործվելու այդ տվյալները: Բացի այդ, մարդիկ վստահ չեն, որ տեղեկատվություն տրամադրելու դեպքում այն կօգտագործվի նույն պայմաններով  և նույնությամբ:

3. Ոչ բավարար թվայնացված լինելը

Սոցիալական մեդիայի տեսանկյունից թվայնացման մակարդակը բավարար է, բայց նույնը չի կարելի ասել ծառայություններից օգտվելու մասին:

Տնտեսության թվայնացման գործում խնդիրներից մյուսն այն է որ մասնավոր ընկերությունները, որոնք ՏՏ ոլորտից չեն, չունեն ինֆորմացիա այն մասին, թե ինչ լուծումներ կարող են առաջարկել տեխնոլոգիական ընկերությունները: Մյուս կողմից՝ տեխնոլոգիական ընկերությունների առաջարկած լուծումները որոշակի առումով սահմանափակ են, և, եթե պատկերացնենք, որ թվանացումն արդեն իրականություն է, ապա կան շատ ոլորտներ, որտեղ չկան լուծումներ:

Ի՞նչ պետք է անել իրավիճակը շտկելու համար

Ըստ աշխատանքային խմբի եզրակացությունների՝ մասնավոր ՏՏ և այլ ոլորտների ընկերությունների միջև պետք է լինի համագործակցություն: Պետք է ցույց տալ թվայնացման բենեֆիտները՝ հստակեցնելով, թե թվայնացման և IT տեխնոլոգիաների կիրառմամբ ինչ արդյունքներ կարող են լինել: Որպես ամփոփում՝ նշվում է այն, որ պետք է լինի մտածելակերպի փոփոխություն թե՛ տեխնոլոգիա սպառող և տեխնոլոգիա մշակող ընկերությունների, թե՛  սպառողի, և թե՛ կառավարության մոտ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս