Խաղալիքի և կոսմետիկ միջոցների շուկաներում հայտնաբերվել են խախտումներ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց ոչ պարենային ապրանքների ոլորտում առկա իրավիճակը, խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված աշխատանքները։
«Ցանկացած ոլորտում ստուգումներ սկսելուց առաջ տեսչական մարմինը հանրային իրազեկում է կազմակերպում տվյալ ոլորտի աշխատակիցների համար։ Տեխնիկական կանոնակարգ ունեցող ոլորտներից յուրաքանչյուրի դեպքում ստուգումներից առաջ իրազեկում ենք անցկացնում։ Մենք չենք ուզում՝ անսպասելի մտնենք ու տուգանենք, մենք ուզում ենք՝ սպառողն անվտանգ ապրանք գնի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սպառողների հետ կապված ևս խնդիր կա Հայաստանում։
Սպառողները, ըստ Խալիկյանի՝ ամաչում են սերտիֆիկատ հարցնել. «Սպառողը պետք է հասկանա, որ իր ամենալավ պաշտպանն ինքն է. նա մեկ թուղթ հարցնելով՝ ապահովագրում է իրեն հետագա բոլոր խնդիրներից»։
Սերտիֆիկատ չունեցող տնտեսվարողների համար տեսչական մարմնի կողմից տրվում է կարգադրագիր՝ տվյալ ապրանքի վաճառքի դադարեցման վերաբերյալ։ Խալիկյանն ասաց, որ այդ դեպքում տվյալ ապրանքն էլ չի վաճառվի, մինչև չսերտիֆիկացվի։ Բացի այդ՝ կա նաև տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրից երեքհարյուրապատիկի չափով։
«Նախկինում Հայաստանում չկար տեխնիկական կանոնակարգ, ոչ ոք չգիտեր, թե, օրինակ՝ կոսմետիկ միջոցների դեպքում ինչպիսի արտադրանք պետք է ներկրվի և վաճառվի։ Այդ ոլորտում նախկինում ստուգում չէինք կարողանում իրականացնել և չէինք կարող ասել՝ այսինչ կոսմետիկ միջոցը մարդու կյանքի համար ինչ վտանգ է ներկայացնում։ Այս տարի ստուգում ենք իրականացրել առավել խոշոր ներմուծողների մոտ, և 90%-ի մոտ հայտնաբերվել է խախտում, այսինքն՝ վաճառքն իրականացվում էր՝ առանց համապատասխան սերտիֆիկատների»,- ասաց Խալիկյանը՝ ընդգծելով, որ նախորդ տարի բավականին շատ դեպքեր են եղել, երբ կոսմետիկ միջոցների օգտագործումից սպառողների մոտ առաջացել են մաշկային տարբեր խնդիրներ։ Իսկ 2017թ., ըստ նրա՝ 24%-ով ավելացվել է սերտիֆիկատների քանակը։
«Շուկայից հնարավորինս հանվել են նաև առանց սերտիֆիկատի խաղալիքները։ Միակ փաստաթուղը, որը փաստում է տվյալ ապրանքի անվտանգ լինելը, սերտիֆիկատն է։ ԵՏՄ-ում գործող բոլոր հավատարմագրված լաբորատորիաները, որոնք գտնվում են ընդհանուր ռեեստրում, տալիս են փաստաթուղթը, որը հիմք է մեզ համար, որ տվյալ ապրանքը անցել է համապատասխան փորձարկում և համապատասխանում է չափանիշներին»,- նշեց նա։
Խալիկյանի խոսքով՝ կապ չունի, թե տվյալ ապրանքը որ երկրից է գալիս՝ Թուրքիայի՞ց, Չինաստանի՞ց, թե՞ Եվրոպայից, եթե այն անցել է համապատասխան ստուգում, ստացել է սերտիֆիկատ, ուրեմն՝ անվտանգ է սպառողի համար. «Խաղալիք ներկրողների 70%-ը սերտիֆիկատ չի ունեցել: Ամեն տարի Ամանորից և սեպտեմբերի մեկից առաջ անհայտ ծագման խաղալիքներ են հայտնվում շուկայում, որոնք ավելի շատ են խնդիր դառնում։ Դրա համար սպառողին խորհուրդ ենք տալիս ապրանքը գնելիս սերտիֆիկատ պահանջել»։
168.am-ը հետաքրքրվեց, թե հայերեն մակնշումների խնդիրն ի՞նչ փուլում է, և արդյո՞ք դա հավելյալ ծախս է տնտեսվարողների համար, ինչպես նրանք են նշում։ «Հայերեն մակնշումների խնդիրն առկա է։ 1 մակնշումն արժե 1 դրամ, և չեմ կարծում, թե դա կազդի տնտեսվարող սուբյեկտի վրա։ Եթե մարդը զբաղվում է խաղալիքների կամ կոսմետիկ միջոցների բիզնեսով, նա պարտավոր է հայերեն մակնշումն անել, որպեսզի վնաս չպատճառի սպառողին։ Ստուգումներ անցկացվել են, հայտնաբերվել են ոչ պատշաճ մակնշումներ, մեր կողմից կարգադրագրեր են տրվել, որ վերացվեն այդ խախտումները»,- ի պատասխան՝ ասաց Լևոն Խալիկյանը։