
Ինչպես է ալկոհոլն ազդում հայր դառնալու ունակության վրա

Տղամարդկանց կողմից ալկոհոլի գործածումը բացասաբար է ազդում սերմնահեղուկի որակի եւ ծնելիության վրա եւ կարող է հանգեցնել նորածինների առողջության հետ կապված խնդիրների: Այդ մասին ասված է Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի գիտնականների մետավերլուծության մեջ:
Կենսաբժիշկները մեջբերում են իրենց հայրենակիցների՝ վերջերս կատարած հետազոտությունը, որտեղ ապացուցվում է, որ ալկոհոլի գործածումը բացասաբար է ազդում տղամարդու վերարտադրողական համակարգի բոլոր մակարդակների վրա: Իր հերթին, իտալացի գիտնականների հետազոտությունը որձ առնետների մոտ սերմնահեղուկի որակի լուրջ անկում է բացահայտել տասը շաբաթվա ընթացքում ալկոհոլի ներարկումից հետո: Նրանց տվյալներով՝ սերմնահեղուկի պարունակությունը նվազել է, իսկ սպերմատոզոիդները շարժվել են անկանոն կերպով, բացի դրանից, ալկոհոլի ներգործությանը ենթարկված կենդանիներից ոչ մեկը չի բեղմնավորել էգերին, չնայած հաջող զուգավորման հաստատմանը: Դանիացի գիտնականները, որոնց հետազոտության օբյեկտներ են դարձել հազար երիտասարդներ, սերմանահեղուկի որակի անկում են հայտնաբերել շաբաթական հինգ եւ ավելի անգամ ոգելից խմիչքների գործածության դեպքում:
Ամերիկացի գիտնականներն, իրենց հերթին, ապացուցել են, որ ալկոհոլի օգտագործմամբ բեղմնավորված սերունդն աչքի է ընկնում ավելի թեթեւ քաշով, ինչպես նաեւ ցածր ակտիվությամբ եւ սովորելու թույլ ունակությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: