Սննդամթերքի անվտանգության ծառայության պետը՝ «Monsanto»-ի մասին
«Առհասարակ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասով գիտության մեջ տարբեր քննարկումներ կան։ Մեր ծառայությունը տվյալ պարագայում գործողություններ է իրականացնում օրենսդրության շրջանակներում վերապահված լիազորությունների շրջանակներում և ուսումնասիրում է ներկրման ու շրջանառության գործընթացները։ Ներկայումս տվյալների համաձայն (եթե ես, իհարկե, չեմ սխալվում)՝ Ձեր նշած ընկերության կողմից ներկրված սերմերի ծավալը չի գերազանցում սերմերի ներկրման ընդհանուր ծավալի 1 տոկոսը։ Եվ ես չեմ կարծում, որ այս պահի դրությամբ դա մեծ ռիսկ է պարունակում»,- այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը՝ անդրադառնալով «Monsanto» ընկերության գործունեությանը։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ ծառայությունը նախատեսել է 2018թ. իրականացնել լայնածավալ մոնիտորինգային ծրագրեր։
«Կիրականացվեն մոնիտորինգային ծրագրեր բուսական ծագման մթերքում պեստիցիդների, նիտրատների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասով։ Ես կարծում եմ, որ եկող տարի արդ արդյունքներն ամփոփելուց հետո կունենանք արդեն ամբողջական պատկեր, որը հնարավորություն կտա վերահսկողության մասով կատարելու համապատասխան գնահատականներ»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ որպես մարդ և որպես քաղաքացի՝ չի գտնում, որ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ պարունակող սննդամթերքը կամ դրա տարրերը նպատակահարմար է իրացնել ՀՀ-ում։
«Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ գիտության մեջ կան քննարկումներ, և մինչ օրս այդ բանավեճերը շարունակվում են՝ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների վնասար ազդեցությունը մարդու կյանքի և առողջության վրա, թե դրա առավելությունները՝ գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից։ Այսինքն՝ այս տեսանկյունից գիտության մեջ դեռ վեճ կա, բայց ես՝ որպես քաղաքացի, բնականաբար, չէի ցանկանա օգտվել նման ապրանքից»,- ասաց նա։
Անդրադառնալով մակնշմանը՝ նա նշեց, որ ոչ միայն պետք է իմանանք, թե ինչ ենք ուտում, այլ շատ ուշադիր պետք է լինենք այդ հարցերին։
«Մենք՝ որպես սպառողներ, պետք է տեղյակ լինենք, թե տվյալ սննդամթերքի մակնշումը, մակնշման պայմաններն ինչ են ներառում, համապատասխանո՞ւմ են օրենսդրության պահանջներին, թե՞ ոչ, և մեզանից յուրաքանչյուրը գնում կատարելիս պետք է հնարավորություն ունենա ծանոթանալու մակնշման պայմաններին և որոշում կայացնելու՝ արդյոք իր համար՝ որպես սպառող, նպատակահարմա՞ր է գնել տվյալ ապրանքը, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մակնշմանը, սննդամթերքի անվտանգության մասին օրենսդրությամբ սահմանված է պահանջ՝ սննդամթերքի մասով (վերամշակված արտադրանքի մասով) ԳՄՕ պարունակությամբ բաղադրիչների առկայության վերաբերյալ մակնշումն անպայման պետք է կատարվի»,- ասաց ՍԱՊԾ պետը։