Տարեկան կորցնում ենք 100-130 կին. նոր պատվաստում՝ քաղցկեղի կանխարգելման նպատակով
Հայաստանում աղջիկներին կպատվաստեն մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ: Գործադիրն այսօրվա նիստի ընթացքում փոփոխություններ կատարեց ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 17-ի N 10 արձանագրային որոշման մեջ:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ասաց, որ նպատակ ունեն պատվաստումներ իրականացնել 2017թ. դեկտեմբեր ամսից: «Պատվաստումը կիրականացվի 13 տարեկան աղջիկների շրջանում՝ երկու դեղաչափ սխեմայով՝ 6 ամիսը մեկ անգամ: Վերջինս համահունչ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշման հետ, համաձայն որի՝ պլանային պատվաստումներն առաջարկում են 9-14 տարեկան աղջիկներին՝ երկու դեղաչափ սխեմայով: Պատվաստումների իրականացումն արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման միջոցառումներից մեկն է՝ ի լրումն սկրինինգային հետազոտությունների:
ՀՀ-ում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի պարանոցի քաղցկեղը երկրորդ տեղում է կրծքագեղձի քաղցկեղից հետո: ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային երկրներում Հայաստանն արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացության մակարդակով դասվում է բարձր մակարդակի: Հայաստանում տարեկան գրանցվում է 250-300 նոր դեպք: Մտահոգիչ է, որ դրանք հայտնաբերվում են բավական ուշ ստադիաներում: Տարեկան կորցնում ենք 100-130 կին: 2015թ. արձանագրվել է՝ 127, իսկ 2016 թ.՝ 116 դեպք: 100 հազար բնակչի հաշվարկով դա կազմում է 8.1 և 7.4 ցուցանիշ: Ֆինլանդիայում, օրինակ, այդ ցուցանիշը 1-1.2 է»,- ասաց նա:
Ըստ Լևոն Ալթունյանի՝ մարդու պապիլոմավիրուսների դեմ պատվաստումներն ունեն բարձր արդյունավետություն. նույնիսկ մեկ դեղաչափ պատվաստումը 80-85 տոկոս դեպքերում առաջացնում է հակամարմինների պաշտպանիչ մակարդակ, ինչը համարվում է բարձր արդյունավետության ցուցանիշ: Նախարարի խոսքով՝ ԳԱՎԻ (Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք) կազմակերպության միջոցով ձեռքբերման ժամանակ մեկ դոզա պատվաստանյութի արժեքը 4.5 դոլարին համարժեք դրամ է: Պատվաստումը կսկսվի դեկտեմբերի երկրորդ տասնօրյակին, ավարտը նախատեսվում է 2018թ. առաջին կիսամյակին: