«Էրդողանը Պուտինին կառաջարկի բացել հայ-թուրքական սահմանը». Արման Մելիքյան. «ՀԺ»
Արցախյան հիմնախնդրի շրջանակներում վերջին օրերին շատ է ակտիվացել Ադրբեջան-Թուրքիա տանդեմը, որ սպառնում է Ռուսաստանի հետ լուծվելիք ինչ-ինչ հարցերով: Այս թեմայի շուրջ armtimes.com-ը զրուցել է քաղաքագետ, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:
-Պարոն Մելիքյան, օրերս Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողության շրջանակում, Թուրքիայի նախագահ Էրդողանը Բաքվում հայտարարեց, թե Թուրքիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման լուրջ նախաձեռնությամբ, եւ Էրդողանի խոսքով՝ «Ադրբեջանին աջակցելու և ադրբեջանական հողերի ազատագրման համար, որոնք զավթվել են հայերի կողմից, բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»: Ձեր կարծիքով՝ ի՞նչ հարցեր կարող է արծարծել Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ:
– Հարավային Կովկասում բարդ, բազմաշերտ քաղաքական խաղ է ընթանում` ինչպես ռուսները, այնպես էլ թուրքերը ձգտում են այստեղ նոր դիրքեր ձեռք բերել: Հետևաբար Էրդողանի առաջարկը Մոսկվայի համար ընդունելի կլինի միայն այն պայմանով, եթե նպաստի մեր տարածաշրջանում ռուսների ազդեցության ընդլայնմանն ու ամրապնդմանը: Թերևս առավել հավանական է այն, որ թուրք առաջնորդը ռուսական կողմին կարող է առաջարկել պաշտոնական Անկարայի կողմից հայ-թուրքական սահմանի բացման և Հայաստանի ապաշրջափակման դիմաց Ադրբեջանին տարածքներ հանձնել Արցախում և չխոչընդոտել այնտեղ ռուս խաղաղապահների տեղակայմանը: Առերևույթ, այս կերպ բոլոր շահագրգիռ կողմերն ինչ-որ բան են ստանում` ռուսները կընդլայնեն իրենց ռազմական ներկայությունը և հենակետեր կստանան նաև արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող ներկայիս հայկական տարածքներում, Ադրբեջանի վերահսկողության տակ կանցնեն Արցախի ներկայիս տարածքի կեսից ավելին, առանց Ստեփանակերտի վերահսկողության տակ մնացող տարածքում բնակվող արցախահայության ինքնորոշման իրավունքը ճանաչելու նախապայմանի, Հայաստանը դեպի Արևմուտք տանող ցամաքային հաղորդակցության ուղիներ կստանա, իսկ Թուրքիան նաև Հայաստանով դեպի Ադրբեջան տարանցման նոր հնարավորություններ ձեռք կբերի, ինչպես նաև էապես կավելացնի սեփական բազմաբնույթ ազդեցությունն արդեն ողջ Հարավային Կովկասում:
Խնդիրն այն է, որ այսպիսի գործարքից Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը կստանան երկարաժամկետ ռազմավարական առավելություններ, մինչդեռ հայկական կողմերի ձեռքբերումները կլինեն ժամանակավոր և լիովին կախված կմնան թուրքերի կամ ռուսների բարի կամքից, որովհետև Թուրքիան այսօր կարող է սահմանը բացել, իսկ տարածքներն ադրբեջանական կողմին հանձնվելուց հետո շատ չանցած կրկին մի ինչ-որ պատրվակով փակել դրանք: Նույն կերպ կարող են վարվել նաև ռուսները, որոնց վերահսկողությանն է հանձնված հայ-թուրքական սահմանը: Այսինքն տարածքների հանձնումն ինքնին չի կարող երկարաժամկետ կտրվածքով ապահովել մեր կենսական շահերի հարգումն այդօրինակ գործարքի մյուս մասնակիցների կողմից ու, հետևաբար, նաև տևական խաղաղության պահպանումը:
-Ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլուն ֆեյսբուքի իր էջում գրեց, թե իր ունեցած տեղեկություններով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման նախաշեմին, առանց նախապայմանների ԼՂ-ի շրջակա 5 շրջան ազատելու համար Ադրբեջանի առաջ երեք պայման է դրել: Առաջին պայմանն Ադրբեջանի անդամակցությունն է ԵԱՏՄ-ին: Երկրորդը` Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Երրորդը` ԼՂ-ում պիտի տեղակայվեն Ռուսաստանի խաղաղապահ ուժերը: Նախ՝ որքանո՞վ են Ձեզ համար նման լուրերը իրատեսական: Հետո՝ ադրբեջանցի քաղաքագետի մատնանշած յուրաքանչյուր պայման ի՞նչ է ենթադրում հայկական կողմերի համար և ի՞նչ իրավիճակ կստեղծվի Հայաստանի ու Արցախի համար:
-Այդ մոտեցումները ռուս և ադրբեջանցի տարբեր տրամաչափի քաղաքական դեմքերի ու փորձագիտական շրջանակների կողմից տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում են: Դրանք բոլորն էլ համապատասխանում են «տարածքներ ոչինչի դիմաց» նորահայտ այն բանաձևի տրամաբանությանը, ըստ որի՝ Ադրբեջանին պետք է հանձնվի Արցախի ներկայիս տարածքի երկու երրորդն «իրավիճակի բարելավման» դիմաց:
Այսինքն տարածքները պետք է հանձնվեն, իսկ փոխարենն Ադրբեջանը կդադարեցնի արդեն նոր ճակատային գծի երկայնքով ագրեսիվ գործողություններ նախաձեռնել: Պաշտոնական Բաքվի համար այս ամենի դիմաց Ռուսաստանին տրվելիք գինն էլ այն պետք է լինի, որ Ալիևը կհամաձայնվի անդամակցել Մոսկվայի հովանու տակ գործող տնտեսական ու ռազմական դաշինքներին:
Երևանյան դե ֆակտո կառավարիչներից պահանջվելու է ոչ միայն գործնականում համաձայնել տարածքների հանձնմանը, այլև հավանություն տալ Ադրբեջանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին:
-Թուրքիայի նախագահը նաեւ նշել է, թե իր նախաձեռնությունը առաջ կբերի ոչ միայն հայկական լոբբիի, այլև Արևմուտքում որոշ ուժերի անհանգստությունը. Ձեր կարծիքով՝ միջազգային հանրությունն ինչպե՞ս կարող է արձագանքել, կամ կփորձի՞ արդյոք հակազդել Արցախի խնդրի շուրջ թուրք-ռուսական որևէ նախաձեռնության:
-Պետք չէ պատրանքներ ունենալ` Արևմուտքը կողջունի հարցի այսօրինակ միջանկյալ լուծումը, քանի որ այն, ամեն դեպքում, հետագայում նպաստելու է Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրսմղման գործընթացին: Այստեղ Էրդողանը պարզապես էժանագին հնարքի է դիմում` ռուսների համակրանքն ու վստահությունն իր հանդեպ ամրապնդելու նպատակով:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: