Բաժիններ՝

«Ես կողմ եմ, որ ծեծեն էն բժշկին, որ հիվանդին վիրահատարանում թողած՝ գնում կողքի սենյակում սուրճի բաժակ ա նայում». Բժշկին ծեծելը կպատժվի 3-7 տարի ազատազրկմամբ

«Մի ժամանակ բժշկին ծեծելը համարվում էր սպորտաձև: Ես այդպիսի դեպքերի շատ եմ ականատես եղել: Այստեղ պաշտպանվող հատկանիշը կյանքն է: Կարելի է քննարկել պատժաչափի հարցը, բայց կարևոր է պաշտպանել բժիշկներին այն ոտնձգություններից, որ հաճախ տեղի են ունենում: Կարևոր եմ համարում այս օրենքի ընդունումը»,- այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը` ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ:

Հրայր Թովմասյանի և Կարեն Ավագյանի առաջարկած նախագիծը քրեաիրավական ոլորտում է, առաջացնում է դատվածություն: Այն պատասխանատվություն է առաջացնում բուժաշխատողին և բուժօգնություն իրականացնող անձին իր մասնագիտական գործունեության իրականացմանը խոչընդոտելու համար` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Պատասխանատվություն է նախատեսվում ոչ միայն բուժաշխատողին, այլ նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց խոչընդոտելու համար: Իսկ բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի դեպքում առաջարկվում է պատժել ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով:

Կ.Ավագյանը հիշեցրեց, որ բժշկի աշխատանքը խոչընդոտվում է, նույնիսկ ծեծելով մահ ենք ունեցել, գրեթե ամեն օր վերակենդանացման բաժանմունքների դիմաց նման դեպքեր են լինում: Ըստ նրա` եթե բժիշկն իր գործունեություն արդյունքում սխալ է արել, պետք է ենթարկվի հստակ քրեական պատասխանատվության:

Ըստ Ա.Զեյնալյանի` վիճակագրություն չկա, թե քանի բժիշկ է բռնության ենթարկվում, բայց բազմաթիվ դեպքեր արձանագրվել են:

Կարդացեք նաև

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի խոսքով` շատ դեպքերում պացիենտը կամ նրա հարազատները գիտակցում և համակերպվում են իրավիճակի հետ, սակայն դեպքեր էլ կան, որ մահվան ելք է լինում: Նա նշեց, որ այստեղ ոչ միայն բժշկի անձի պաշտպանության խնդիրն է լուծվում, այլ մյուս անձանց պաշտպանությունը ևս, քանի որ, եթե բժշկի դեմ բռնություն է իրականացվում, ի վերջո, տուժում է նաև հիվանդը:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նկատեց, որ ցանկացած բռնություն մնում է բռնություն, ցանկացած ազդեցություն ունի հակազդեցություն. «Այս դաշտն անկանխատեսելի է, և այս փոփոխությամբ մենք գնում ենք դաշտի կանոնակարգման: Կարևոր հանգամանք է, որ բժիշկն օրենքի ուժով կարողանա պաշտպանել իրեն: Եթե պացիենտը կամ նրա հարազատը ներվայնանա և բռնություն կիրառի, բժիշկն էլ կարող է ներվայնանալ»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը բուռն կերպով դեմ արտահայտվեց նախագծին` պաշտպանելով պացիենտներին, սակայն, ի վերջո, կողմ քվեարկեց դրան. «Տպավորություն է, որ ես բժշկական աշխարհի հետ լուրջ խնդիրներ ունեմ, ու վաղը եթե գրիպ ընկնեմ, դիմեմ բժշկի, ինձ էն աշխարհ կուղարկեն: Բայց ես կողմ եմ, որ ծեծեն էն բժշկին, որ հիվանդին վիրահատարանում թողած՝ գնում կողքի սենյակում սուրճի բաժակ ա նայում, որ տեսնի, թե երբ ա ամուսնանում»:

Ս.Խաչատրյանը հորդորեց պատգամավորին նման արտահայտություններ չանել, իսկ եթե իրականում կա նման բժիշկ, անուն-ազգանունը տալ:

Օրինագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ առաջիկա նիստերի օրակարգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս