«Մեր հիմնական նպատակը մեր քաղաքացիների կյանքը բարելավելն է, որին հասնելու ենք». Արտեմ Ասատրյան
«Բյուջեի հիմնական տրամաբանությունը հայտնի է` ուղղված է քաղաքացիների համար սոցիալական պաշտպանության ծրագրերի շարունակականության ապահովմանը, և նաև, որը պակաս կարևոր չէ հենց այդ խնդիրները լուծելու համար, կապիտալ ներդրումներին: Ցանկացած պարագայում, ես կարծում եմ, որ թիվ 1 խնդիրը մեր իրավիճակում գտնվող երկրի համար սոցիալական ծրագրերի շարունակականությունն ապահովելն է, և կապիտալ ծախսերը նույն նպատակին են ուղղված` Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքը Հայաստանի Հանրապետությունում լավացնելուն: Բնականաբար, ես այն կարծիքին չեմ, որ մեկ օրում կամ մեկ ամսում հնարավոր է միանվագ որևէ միջոցառում իրականացնելու միջոցով այդ խնդիրներին լուծում տալ, բաց որ հենքը և նպատակը պետք է լինեն դա, ես երկրորդ կարծիք չունեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` խոսելով հաջորդ տարվա բյուջեի մասին:
Թե ե՞րբ հնարավոր կլինեն փոփոխությունները, նախարարը նշեց, որ դա շարունակական աշխատանք է, պետք է անդրադառնալ յուրաքանչյուր ծրագրին, ծրագրի կատարողականին, առողջ քննադատությունը, թե որ մասով դրված թիրախներին չեն հասել, կամ որոշակի աշխատանքներում թերացել են. «Բնականաբար, այդ խնդիրներն էլ կան և այս ուղղությամբ շարունակվող աշխատանքների տիրույթում են գտնվում»:
Ա.Ասատրյանը չհամաձայնեց, որ սոցիալական ոլորտի ծախսը կրճատվում է, բայց գործուղումների, պետապարատի աշխատակիցների, մեքենաների սպասարկման ծախսերն են ավելացել. «Ես նման տվյալների չեմ տիրապետում»:
Անդրադառնալով հաջորդ տարվանից ԵԱՏՄ մաքսային կարգավորումներին անցում կատարելու պատճառով առաջին անհրաժեշտության ապրանքների սպասվող գնաճին և մարդկանց կենսամակարդակի փոփոխությանը` Ա.Ասատրյանը նշեց, որ գնաճային կանխատեսումները բյուջեի նախագծում արտացոլված են. «Մեր հիմնական խնդիրը սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի շարունակականության ապահովումն է: Բնականաբար, ցանկությունները շատ են, որպեսզի այդ ծրագրերին հատկացվող միջոցներն ավելացվեն, և հատկապես՝ սոցիալական խոցելի խմբերի համար նախատեսված գումարներն ավելացվեն, բայց, ցավոք սրտի, այսօրվա հնարավորություններն այն են, ինչ ներկայացված է պետբյուջեի նախագծի շրջանակներում»:
Ա.Ասատրյանը նշեց, որ կենսաթոշակի չափի յուրաքանչյուր 1000 դրամ ավելացումը ենթադրում է շուրջ 5 մլրդ դրամի ծախս, և երբ տարբեր ցուցանիշներ համադրվում են կամ տարբեր բյուջետային ծախսեր իրար հետ համադրվում են, նշելով, որ այս ծրագրում միջոցներն ավելացված են, փոխարենը՝ սոցպաշտպանության ոլորտի բյուջեն ավելացրեք, սա ևս պետք է հաշվի առնել. «Այլ կարգի ծրագրերի հետ համեմատելու դեպքում նման գումարի մասին խոսք լինել չի կարող, և համեմատությունը պետք է կոռեկտ անել»:
Հարցին` մարդկանց կյանքը հաջորդ տարի լավանալո՞ւ է, թե՞ վատանալու, Ա.Ասատրյանը պատասխանեց. «Մեր հիմնական նպատակը, որ դրված է բյուջեի նախագծում և կառավարության գործունեության ծրագրում, մեր քաղաքացիների կյանքը բարելավելն է, որին հասնելու ենք»: