«Եթե 1 դոլար էլ լիներ մեր բյուջեն, և մենք դա կարողանայինք ճիշտ ծախսել, մեր գյուղատնտեսությունն այս վիճակում չէր լինի». Հրաչ Բերբերյան
2018 թվականի պետական բյուջեի նախագծով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տրամադրվելու է 10.8 միլիարդ դրամ, որը 3.9 միլիարդ դրամով ավելի է նախորդ տարվա հատկացումներից:
168.am-ի հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը ողջունեց կառավարության՝ 3.9 միլիարդ դրամով ավելացնել գյուղատնտեսության տրամադրվող գումարի չափի մասին որոշումը, բայց միևնույն ժամանակ՝ նկատեց, որ ոլորտը ոչ մասնագետների ձեռքում է.
«Մեկը գարի է ցանում, մյուսը՝ ոսպ, հետո գալիս են մարդիկ, որոնք ասում են, որ ամենաճիշտ արտադրությունն էկոլոգիապես մաքուր արտադրությունն է, բնամթերքն է, և այդ գումարներն այդպես ծախսվում են։ Հետո բերում են վրացական անորակ պարարտանյութը, ժողովրդին խաբում են, թե լավն է, սուբսիդավորում են։
Կառավարությունը սխալ է անում, որ պարարտանյութի հարցը վերցնում է իր վրա. այդ շուկան պետք է ազատականացնել, որովհետև, երբ կառավարությունը սուբսիդավորում է, մրցակցությունը վերանում է, քանի որ կառավարությունն ինչ-որ մի կառույցի հովանավորում է, որը կհաղթի այդ տենդերը։ Եթե մենք ուզում ենք՝ հանրապետություն մտնի որակյալ պարարտանյութ, պետք է այդ շուկան ազատականացնենք։ Ճիշտ է՝ գյուղացու վրա դա թանկ կնստի, բայց եթե մենք սուբսիդավորենք ուղղությունները, դա կկոմպենսացվի»։
Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ մյուս տարի աշխատանքներ են տարվելու բարձրորակ սերմերով ապահովման, բույսերի պաշտպանության, անասնապահության հակահամաճարակային միջոցառումների իրականացման, գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրսների՝ հանքային պարարտանյութերի մատչելի դարձելու ուղղությամբ:
Բերբերյանն ընդգծում է՝ նախարարությունն ի՞նչ գիտի՝ ինչ սերմ է հարկավոր, որ ցանկանում են ներկրել. «Այսօր այնտեղ նստած են թույլ մասնագետներ։ Եթե 1 դոլար էլ լիներ մեր բյուջեն, և մենք դա կարողանայինք ճիշտ ծախսել, մեր գյուղատնտեսությունն այս վիճակում չէր լինի»։
Հետաքրքրվեցինք, թե գյուղատնտեսության զարգացման համար ո՞ր ուղղությունների վրա պետք է կենտրոնանալ։ Ի պատասխան՝ Բերբերյանը հետևյալն ասաց.
«Լոլիկի արտադրության վերաբերյալ հանրապետության նախագահը շատ հիմնավորված բան ասաց, որ մենք մշտապես կարող ենք դեպի Ռուսաստան արտահանել լոլիկ, վարունգ, բանջարեղեն։ Խոսքը փակ գրունտի մասին էր։ Իհարկե, եթե Ռուսաստանում ջեռուցումը տևում է մոտ 6 ամիս, և այսօր մեր կառավարությունը ջերմոցատերերի հանդեպ մեղմ քաղաքականություն է վարում գազի և հոսանքի գնի առումով, ապա իհարկե, մենք այդ շուկայում տեղ ունենք։ Այսինքն՝ սա հիմնավորված ուղղություն է։
Ծիրանի մշտական բերք ունենալու համար պետք է հակակարկտային ցանցային համակարգ ներդնել։ Ծիրանը պետք է կարողանաս պաշտպանել, որ կայուն արտահանում ունենաս, իսկ մենք լուրջ երկիր ենք այդ առումով»։
Բերբերյանը նկատեց՝ Հայաստանը ժամանակին տոմատի մածուկ էր արտահանում, իսկ հիմա այն ներկրում ենք։ Նա կարևորեց նաև անասնապահության զարգացմանն ուղղված ծրագրերը.
«Նախարարությունը չկարողացավ կերով ապահովել։ Նախարարը հայտարարում է, որ մսի գինը թանկացել է 5%-ով, իրականում այն 25%-ով է թանկացել։ Թանկացել է նաև կաթը, պանիրը մոտ 200 դրամով է թանկացել, էլի կթանկանա։ Կունենանք անասունների գլխաքանակի լուրջ անկում, և այդ ցիկլը վերականգնելու համար մեզ 2-3 տարի պետք կլինի»։