Բաժիններ՝

«18 միլիարդի 3 տոկոսանոց վարկ ենք տրամադրելու մթերող ընկերություններին». Իգնատի Առաքելյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2018 թվականի պետական բյուջեի նախագծով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տրամադրվելու է 10.8 միլիարդ դրամ, որը 3.9 միլիարդ դրամով ավելի է նախորդ տարվա հատկացումներից:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ մյուս տարի աշխատանքներ են տարվելու բարձրորակ սերմերով ապահովման, բույսերի պաշտպանության, անասնապահության հակահամաճարակային միջոցառումների իրականացման, գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրսների՝ հանքային պարարտանյութերի մատչելի դարձելու ուղղությամբ:

«Կարևոր տեղ կհատկացվի՝ գյուղատնտեսության արդյունաբերականացմանը նպաստող, մասնավորապես՝ տեխնիկական վերազինման, արդիական տեխնոլոգիաների խթանմանն ուղղված ծրագրերին»:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը նկատեց, որ մինչև 2017 թվականի վերջ գյուղատնտեսությունում կանխատեսվում է 3 տոկոս անկում, իսկ մյուս տարի կանխատեսվում է 4 տոկոս աճ: Նա նախարարից հետաքրքրվեց՝ կարելի՞ է ասել, որ աճը կկազմի 7 տոկոս՝ այսինքն՝ 3 տոկոս անկումը կհավասարեցվի 0-ի, և կունենանք 4 տոկոս աճ, և ինչի՞ հաշվին է լինելու այդ 7 տոկոս աճը:

Ի պատասխան՝ Ի. Առաքելյանն ասաց, որ այս տարին բարենպաստ չի եղել գյուղատնտեսության համար՝ և՛ երաշտ է եղել, և՛ ցրտահարություն, ու շատ համայնքներ բերքի մեծ կորուստներ են ունեցել.

«Մենք, բնական է, չենք կարող կանխատեսել, որ բնակլիմակայական պայմանները վատն են լինելու, մենք ելնում ենք նրանից, որ պայմանները լինելու են բավարար, և այն ծրագրերը, որոնք նախատեսել ենք, ակտիվություն պետք է բերեն գյուղատնտեսության մեջ: Մթերման ծրագրի համար մենք 18 միլիարդի 3 տոկոսանոց վարկ ենք տրամադրելու մթերող ընկերություններին, որն իր ակտիվությունը չի կարող չթողնել տնտեսության վրա: Այս տարի նաև պահածոների ակտիվության աճ կա, որը որոշ տնտեսվարողների մոտ արդեն իսկ 20-30 տոկոս աճ է ապահովել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս