Բաժիններ՝

«Սփյուռքահայերն ու հայերն իբրև թե նույն լեզվով են խոսում, չէ՞, բայց չեն լսում իրար, հետևաբար՝ չեն հասկանում իրար». Սերժ Ավեդիքյան

Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանի «Նա, ում սպասում էին» լիրիկական կատակերգությունը՝ դերասաններ Արսինե Խանջյանի, Պատրիկ Շենեի և այլոց մասնակցությամբ, սահմանամերձ Խաչիկ գյուղում կազմակերպված բացօթյա պրեմիերայից հետո երևանյան մեծ էկրաններ բարձրացավ և շարունակում է այնտեղ մնալ արդեն ավելի քան երկու ամիս:

1 ժամ 30 րոպե տևողությամբ ֆիլմի սյուժեն ծավալվում է հայ-ադրբեջանական սահմանին: Սքեչներ նկարահանելու նպատակով Ադրբեջան ժամանած դերասան Ժան-Պոլ Բոլզեկին տեղափոխող տաքսին խափանվում է սահմանամերձ մի տարածքում՝ ստիպելով դերասանին ոտքով անցնել որոշակի տարածություն: Ֆիլմի հերոսն անտեղյակորեն հատում է Հայաստանի սահմանն ու հայտնվում սահմանամերձ Խաչիկ գյուղում։ Ժան-Պոլ Բոլզեկի մոտ հայտնաբերելով ադրբեջանական փոխարժեք, բնակիչները դերասանին ընկալում են՝ որպես հարևան թշնամի երկրի գործակալ, ապա ընդունում և պատվում նրան՝ կարծելով, թե վերջապես իրենց գյուղ է ժամանել առասպելներից ծնված ու վաղուց սպասված՝ գրեթե համահունչ ազգանունով ֆրանսահայ բարերար՝ Բոլզաքյանը, ով, Եղեռնից մազապուրծ հայի զավակ լինելով, իբրև թե վերադարձել է հայրենիք՝ այն շենացնելու նպատակով։

Ֆիլմի մասին 168.am-ը զրուցել է բեմադրող ռեժիսոր և համասցենարիստ  (համատեղությամբ՝ Ժան-Ֆրանսուա Դերեքի) Սերժ Ավեդիքյանի հետ և պարզել՝ ամիսներ շարունակ ֆիլմի ողջ անձնակազմն ապրել է Խաչիկում՝ գյուղացիների տանը, նախաճաշել նրանց հետ, կիսել ամենօրյա կենցաղը։ Ֆիլմի մեծ մասը նկարահանվել է հյուրընկալ խաչիկցիներից մեկի՝ Վահանի տանը, ում ընտանիքը՝ մեկի պես համախումբ, ամեն հարցում աջակցել և օգնել է ֆիլմի ստեղծագործական խմբին ողջ նկարահանումների ընթացքում:

Ֆիլմում առանցքային մի քանի կետեր կան՝ կոռուպցիա, Ղարաբաղյան հիմնախնդիր, ինչպես նաև՝ տնտեսական բնույթի խնդիրներ շոշափող թեմաներ: Այնուամենայնի,վ սա քաղաքական ենթատեքստ ունեցող ֆիլմ է: 168.am-ի հետ զրույցում ֆիլմի հեղինակ-ռեժիսորը մասամբ համաձայնում է.

Կարդացեք նաև

– Առանց վրդովվելու՝ ես գիտեմ մեր պատկերացումները նման ֆիլմերի պարագայում: Առաջին հարցը, որ ծագում է՝ իսկ ինչպե՞ս մեզ կընկալեն դրսում, այն զուգարանը՝ պարտեզի խորքում, կամ կոռումպացված հերոսը՝ ֆիլմի ողջ ընթացքում… Դա մեր վատ պատկերի մասին չէ՞ խոսում արդյոք դրսերում, արժե՞ր, թե՞ չարժեր: Իրականում սա հայկական սահմանամերձ գյուղի սոցիալական պատկերը վեր հանող դոկումենտալ պատում է, որը բացարձակ չի քննադատում որևէ մեկին՝ ո՛չ ֆիլմի հերոս Սաքոյին, ո՛չ ոստիկանին, որ երկու կողմից էլ կաշառք է ստանում, որովհետը սա գոնե ինձ համար համամարդկային պատկեր է: Ես՝ որպես ռեժիսոր, իմ ֆիլմերի հերոսներից որևէ մեկին երբեք չեմ դատում, ավելին՝ հաճախ հենց իրենք իրենց են դատում:

«Փարաջանով» ֆիլմում նույն բանն էր՝ ես КГБ-իստին չէի դատում, նա լրջորեն իր գործն էր անում: Գռեհկությունը, կարիկատուրան կամ նմանօրինակ մոտեցումն ինձ երբեք չի հետաքրքրել կինոյում: Ինձ ավելի հետաքրքրում է մարդու ներքին ձգտումը՝ թե ինչո՞ւ է նա այս կամ այն բանն անում: Իհա՛րկե այս ֆիլմը նկարահանված է Հայաստանում, իհա՛րկե ֆիլմի լեզուն հայերենն է, իհա՛րկե մենք այնտեղ խոսում ենք Ղարաբաղյան հիմնախնդրի մասին, և այս ամենը հաղորդագրություններ են, որպեսզի արտասահմանում հասկանան, թե ի՞նչ է կատարվում քարտեզի վրա երկրագնդի այս կետում:

Այս ֆիլմը, օրինակ, շատ օգնեց ֆրանսիացի հանդիսատեսին՝ հասկանալ, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում, իհարկե, ոչ՝ պատմական, սոցիալական վերլուծություններ անելու մակարդակում, այլ՝ ջերմ երկխոսություն ծավալելու կինոյի և հումորի լեզվով: Այստեղ ես տեսնում եմ միայն կոմպլեքսավորված մարդկանց, ում, չգիտես ինչու, շատ է հետաքրքրում հայերի մասին օտարների կարծիքը:

– Իսկ անհատ ստեղծագործողի դիրքորոշումն այս հարցերում ո՞ր կողմի օգտին է ծառայում, պարոն Ավեդիքյան՝ հասարակական կարծիքի ուղղորդմանը, որովհետև ինչ-որ առումով արվեստագետը նաև հասարակության տրամադրությունների կրողն է, մյուս կողմից՝ արվեստն է՝ առավել հաճախ կոմպրոմիսների չգնալու իր պահանջներով:

– Կարծում եմ, որ արվեստագետի մոտ քաղաքական հարցերը պետք է մնան որպես հարցեր, թե ինչպե՞ս կարելի է այդ հարցերին այլ ձևակերպումներ տալ և այլ պատասխաններ ստանալ: Այս ասելով՝ նկատի ունեմ՝ ես ոչ թե նման իրավունք չունեմ, այլ գոնե չգիտեմ՝ ինչպե՞ս կարող եմ լուծել հարցեր, որոնց դեմ ես միայն քաղաքացի եմ, ինչպես մնացյալ այլ քաղաքացիները: Ի վերջո, պետությունը կազմված է ամեն մեկիցս՝ առանձին-առանձին վերցված, պետությունը մենք ենք, որ ապրում ենք այս երկրում, հարկեր ենք վճարում, այս կամ այն կերպ մասնակցում ենք մեր պետության կայացման աշխատանքին:

Հետևաբար՝ մենք իրավունք ունենք խոսելու, ինչպես Արսինեն (Արսինե Խանջյան) է ասում, մենք իրավունք ունենք և պարտավոր ենք հայտնելու մեր կարծիքն այս կամ այն խնդիրների շուրջ, որոնք կապված են մեր երկրի զարգացման հետ: Ես, իհարկե, հասկանում եմ նաև, որ ինքս իրավունք չունեմ ուրիշ մեկի տեղը գրավելու Հայաստանում, որովհետև ես այստեղ չեմ բնակվում, ես այստեղ չեմ ընտրում իմ իշխանությանը: Այստեղ երկու տարբեր մոտեցումներ կան ՝ մորալ և կենսական նշանակության:

Ես այս երկրի ներքին կյանքով չեմ ապրում, այլ գալիս եմ այստեղ, աշխատում և վերադառնում եմ: Հետևաբար՝ ես չեմ կարող և իրավունք չունեմ որևե մեկի տեղը գրավել և իր անունից խոսել: Ղարաբաղի հարցին անդրադառնալով՝ այն, իմ կարծիքով՝ շատ սուր է դրված: Բոլորս էլ գիտենք՝ դարեր շարունակ մենք չէինք ունեցել հետ վերադարձրած հող: Ղարաբաղը չպետք է բաց թողնել, բայց պետք է գտնել կենսական մի ձև, թե այս տեսակի հարևանի հետ, որը մեզ է բաժին ընկել, ինչպես պետք է ապրենք:

Ֆիլմում ներկայացրած իմ դիրքորոշումն այս հարցում հետևյալն է՝ բանկի աշխատակցի բերանով ես ասում եմ, որ մենք պաշտպանվող կողմն ենք, երբ նրանք որոշում են ագրեսորի դիրքից խոսել մեզ հետ, բայց, ցանկացած պարագայում, միևնույն է՝ նրանք ոչնչի հասնել չեն կարող, որովհետև Ղարաբաղը մեր մի մասնիկն է, այն մեզ սնող մեր երակն է, մինչդեռ նրանց համար՝ օտար և կենսական նշանակությունից զատ հողային տարածք, որ իրենց համար զուտ քաղաքական նվաճում պետք է դիտարկվի:

– Ինչպե՞ս ստեղծվեց ֆիլմի գաղափարը: Արդյո՞ք սա լիրիկական կատակերգություն է:

– Ինձ հետաքրքրում էր մի հարց՝ ինչպե՞ս մի մարդ, ով հանգամանքների բերումով հայտնվել է իրեն բոլորովին օտար մի երկրի տարածքում և չի հասկանում ու չի կարող խոսել մյուսի լեզվով՝ պետք է լեզու գտնի տեղաբնակների հետ, կամ պարզ կենցաղային բնույթի հարաբերությունների մեջ մտնի նրանց հետ: Սա է եղել ի սկզբանե ֆիլմի սյուժեն: Համասցենարիստ Ժան-Ֆրանսուա Դերեքի հետ զրույցների արդյունքում՝ ես սկսեցի բերել սյուժեն դեպի Հայաստան, մասնավորապես՝ դեպի Խաչիկ գյուղ:

Հարցը նաև նրանում էր, որ այս բոլոր թեմաները շոշափելու համար մենք մտադիր էինք ոչ թե պարզապես կոմիկ մի ֆիլմ նկարահանել, այլ, այսպես ասած՝ «շեղված» մի բան, որովհետև ստեղծված իրավիճակն աբսուրդ էր՝ ի սկզբանե: Այդ աբսուրդ իրավիճակը ստեղծելու և մագնիսական դաշտ տեղափոխելու համար հարկավոր էր որոշ ներքին լոգիկա, սակայն առանց ակնհայտ բացատրությունների, թե ինչո՞ւ է, օրինակ, մեր հերոսը ֆրանսիական ֆիրմայում իր սկեչները նկարելու համար հասել Ադրբեջան, ինչո՞ւ է ինքը դերասան, և այլն:

Իհարկե, այս և նմանօրինակ բոլոր հարցերը ֆիլմի ընթացքում աստիճանաբար ստանում են իրենց պատասխանները: Այս պարագայում գնալ- գալու, ներսի և դրսի հայացք էր հարկավոր ունենալ, որպեսզի կարողանաս տրամաբանական կամուրջ կառուցել՝ ֆրանսիացու սուբյեկտիվ հայացքի և նաև հայի, որովհետև ֆիլմում ներկայացված են այդ երկու՝ իրարից շատ տարբեր հայացքների նրբությունները: Իմ պարագայում՝ որպես սցենարի համահեղինակի և ռեժիսորի, այս բոլորը համատեղվեցին: Այս ֆիլմը ժամանակակից հեքիաթի ոճ ունի, որ նույնիսկ հենց այդպես էլ սկսվում է՝ «Կար-չկար, մի գյուղ կար ու մի կորած մարդ, որի տաքսին խափանվեց, իրեն բերեց Հայաստան…»: Սա թվում է ոչ ռեալ, օդից կախված մի բան, որ հետո, իհարկե, մեզ տանում է ռեալ իրականություն:

Ժամանակակից հեքիաթի հարցը կինոլեզվի առանձնահատկություն է: Կինոն, իհարկե, ժամանակակից արվեստ է, գոնե այսպես է համարվում, բայց չէ՞ որ այն պատմում է հեքիաթներ, երևակայություններ, պատումներ, որոնք ստեղծագործողի նոտաներն են, որով ինքը կարողանում է շարադրել:

– Իսկ հեռավոր Խաչիկ գյուղի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

– Առաջին հերթին՝ մեզ պետք էր այնպիսի տարածք, որտեղ սահման կար, զինվորներ կային: Ինձ համար ֆիլմի առաջին կամերտոնը մարդկային հարաբերություններն են, ինչպես որ ֆիլմում է նկարագրված, որովհետև դա է ֆիլմի սնունդը: Եթե հենց նկարահանման հրապարակում չկա այն մթնոլորտը, որտեղ դու կարող ես ջերմորեն աշխատել, ոչինչ չի ստացվի: Խաչիկ գյուղին և այնտեղ ապրող մարդկանց ես ծանոթ էի տղայիս շնորհիվ:

Հենց իրենք՝ գյուղի բնակիչները, ինձ օրինակ ծառայեցին, որ կարող է լինել մի ժողովուրդ՝ այնքան խելացի, որ կարողանա ինքն իր վրա ծիծաղել: Մի ազգ, որ ընդունակ է նայել սեփական կարիկատուրային և ծիծաղել, ինչ-որ տեղ հումորով նայել իր պաթոլոգիկ հարաբերություններին՝ սեփական հողի հետ, արդեն մեծագույն ձեռքբերում էր այս ֆիլմի ստեղծման համար: Եվ իրականում, այս ֆիլմը կատակերգություն չէ, այն շատ հուզիչ և խորը պահեր ունի, և ավարտն էլ անչափ հուզում է հանդիսատեսին:

– Ինչո՞ւ չցանկացաք, որ ֆիլմի պրեմիերան տեղի ունենա Երևանում:

– Որովհետև ես ուզում էի սիմվոլիկ առումով ցույց տալ, որ պրովինցիաներում էլ մշակութային հանդիպումների ծարավ հանդիսատես կա: Այստեղ ոչ միայն կարելի է բացօթյա կինոցուցադրումներ անել, այլև շատ այլ տեսակի մշակութային միջոցառումներ՝ փառատոներ և այլն, որովհետև այստեղ ապրող մարդն էլ, ինչպես քաղաքաբնակները, ապրում և սնվում է մշակույթով:

– Եթե ամփոփենք՝ ո՞րն էր այս ոչ սովորական ֆիլմի գլխավոր հաղորդագրությունը:

– Դժվար էր երկլեզու ֆիլմ անել, որը կոնկրետ այս ֆիլմի թեմաներից մեկն է՝ հերոսներն իրար չեն հասկանում, բայց ողջ ֆիլմի ընթացքում խոսում են իրար հետ: Նրանք, իհարկե, չեն հասկանում իրար, բայց լսում են, շատ ուշադիր լսում են իրար: Ես դա եմ ուզում փոխանցել հադիսատեսին՝ լսեք իրար, եթե անգամ մյուսի լեզուն չեք էլ հասկանում, միևնույն է, լսեք իրար: Տեսեք, սփյուռքահայերն ու հայերն իբրև թե նույն լեզվով են խոսում չէ՞, բայց չեն լսում իրար, հետևաբար՝ չեն հասկանում իրար: Ֆրանսիացիներն այս ֆիլմից հետո իրենց շատ թեթև էին զգում: «Film good movie». այսպես էին արտահայտվում նրանք այս ֆիլմի մասին, իսկ ֆիլմի դիտումներից հետո հաճախ հարցնում էին ինձ՝ կարո՞ղ են արդյոք այդ գյուղ գնալ, հեռո՞ւ է այն արդյոք Երևանից, և այլն:

Օրինակ, դրսերում էս ֆիլմը ցուցադրելիս՝ միայն սփյուռքահայերն էին, որ ինձ մոտենում ու ասում էին՝ ինչո՞ւ եք կոռուպցիայի մասին խոսում այս ֆիլմում և ցույց տալիս այն ամբողջ աշխարհին, արդյո՞ք դա վատ ազդեցություն չի ունենա Հայաստանի համար: Պատասխանում էի՝ ինչո՞ւ եք նման բաներ մտածում, իսկ Ֆրանսիայում կոռուպցիա չկա՞, կամ ֆրանսիական կոռուպցիայի չափերն արդյո՞ք գոնե համեմատելի են այդ փոքրիկ գյուղում առկա կոռուպցիայի չափերին…

Խոսքը սիստեմի մասին է՝ թե ի՞նչ սիստեմում է ապրում մարդն առհասարակ ողջ աշխարհում, այդ թվում նաև՝ հեռավոր սահմանամերձ Խաչիկ գյուղում, կամ մարդն ինչքանո՞վ է գերի այն սիստեմին, որի մեջ ապրում է: Ֆրանսիացու կերպարով ես ցույց տվեցի, որ այդ նույն սիստեմն ընդունակ է որոշակի փոփոխություններ կրելու, եթե, իհարկե, նման ցանկություն և ձգտում կա ժողովրդի ներսում: Ժողովուրդ, եկեք փորձենք անկեղծ նայել աշխարհին, այլևս դա անհրաժեշտություն է, կենսական անհրաժեշտություն՝ մի կողմ թողնել ամեն տեսակի կեղծ բարեպաշտական ձգտումներն ու առաջ շարժվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս