«Այս բյուջեն բավականին ռիսկային փաստաթուղթ է». Ատոմ Մարգարյանը՝ 2018-ի բյուջեի նախագծի մասին
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը համաձայն է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի այն կարծիքի հետ, որ 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը զարգացման համար հիմքեր ստեղծող է:
168.am-ի հետ զրույցում տնտեսագետը կարծիք հայտնեց, թե սա կայունացումից զարգացում տանող բյուջեի նախագիծ է: Նրա գնահատմամբ՝ այս կառավարությանը հաջողվել է 1.5 տարվա ընթացքում կայունացնել բյուջետային իրավիճակը ու կրճատել դեֆիցիտը, որը 256 միլիարդ դրամ էր, ինչը 5.8 տոկոս է՝ ՀՆԱ-ի նկատմամբ: Ա. Մարգարյանի խոսքով՝ հաջորդ տարվա բյուջեն կարծես այս տարվա բյուջեի սցենարի շարունակությունն է:
Անդրադառնալով 2018-ի բյուջեի նախագծով կանխատեսվող 4.5 տոկոս տնտեսական աճին՝ տնտեսագետը նկատեց, որ անցյալ տարի տնտեսական աճը գրեթե զրոյական էր՝ 0.2 տոկոս. «Ծայրահեղ անբարենպաստ իրավիճակ էր, այդտեղ հատկապես մեծ կշիռ ունեին գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում անկումները, և այս տարի ևս այդ ոլորտները շարունակում են այդ միտումները դրսևորել՝ թեկուզ ավելի պակաս չափով: Այնուամենայնիվ, այս տարվա տնտեսական աճը պլանավորված կամ կանխատեսված 3.2 տոկոսը կգերազանցի, որը հիմք է տալիս հաջորդ տարվա համար 4.5 տոկոս տնտեսական աճ կանխատեսել, ինչը ռեալ է»:
Հիշեցնենք, որ նախարար Վ. Արամյանը նաև ասել էր, որ 2018 թվականին ժողովրդի համընդհանուր կենսամակարդակը բարձրանալու է: Խոսելով նախարարի այս հայտարարության մասին՝ Ա. Մարգարյանն ասաց, որ այս կառավարությունը զուսպ է սոցիալական ծախսերի առումով, և հաջորդ տարի ևս, կարծես թե, այդպիսի աճ չի նախատեսում.
«Այնուամենայնիվ, տնտեսական աճը բերելու է բնակչության եկամուտների աճին: Եթե կառավարությունը շարունակի այն հարկային քաղաքականությունը՝ ստվերից դուրս բերելու տնտեսությունը, ինչպես նաև հակակոռուպցիոն այն քայլերը, որոնք արդեն օրենքների մակարդակով ընդունել են, նաև այն ինստիտուցիոնալ ռեֆորմները, որ այս կառավարությունը խոստացել է, հնարավոր է՝ շատ ավելի մեծ լինեն տնտեսական հիմքերը՝ կենսամակարդակը մեծացնելու»:
Ա. Մարգարյանը նկատեց, որ եկամուտների և ծախսերի մասով, այս տարվա համեմատ, կառավարությունն աճ է նախատեսում, ինչը տնտեսագետը միանգամայն իրատեսական է համարում:
Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը, խոսելով այն մասին, թե որքանո՞վ են ռիսկային եկամուտները, ասել էր, որ այն տեսակետից, որ դրա դիմաց ծախսեր են նախատեսված, ու եթե դրանք տեղի չունենան, մենք կընկնենք բյուջետային պարտքերի շղթայի մեջ, ապա, այո, այդ ռիսկը կա:
Մենք տնտեսագետից հետաքրքրվեցինք, թե ինչքանո՞վ են բյուջեի նախագծում նշված թվերը ռիսկային: Ի պատասխան՝ Ա. Մարգարյանն ասաց.
«Ոչ միայն եկամուտների մասով, այլև ընդհանրապես այդ բյուջեն բավականին ռիսկային փաստաթուղթ է այն իմաստով, որ ծախսային հատվածում կան հոդվածներ, որոնք բավական ծախսեր են պահանջելու կառավարությունից, առաջին հերթին՝ արտաքին պարտքի սպասարկման ծախսերն են, այդ նպատակին ուղղվելու է ծախսերի մոտավորապես 9.6 տոկոսը, որն առաջիկա տարիներին լուրջ բեռ է դառնալու և մեծացնելու է բյուջեի կատարման ռիսկը, ինչպես նաև դեֆիցիտի մասով:
Հարկային քաղաքականությունը, իհարկե, բավական խնդրահարույց է: Խոշոր բիզնեսի ոլորտում տեսնում ենք տեղաշարժեր, որոշ տարօրինակություններ, որոշ ընկերությունների, որոնք, թվում է՝ շատ մեծ շրջանառություններ ունեն, և այլն: Այսինքն՝ այո, կան ռիսկեր, բայց մյուս կողմից՝ պետք է այս կառավարությունը քաղաքական կամք դրսևորի և հարկային դաշտում չնայի՝ ինչ դիրք է զբաղեցնում այդ բիզնեսի տերը, այդ սեփականատերերն ովքեր են, և իրականացնի նաև արդար հարկային քաղաքականություն և վարչարարություն»:
Ա. Մարգարյանը Հարկային օրենսգրքի առումով նույնպես խնդիրներ է տեսնում. «Այդ օրենսգիրքը հապճեպ ընդունվեց անցյալ տարվա վերջին, ինչո՞ւ չէ, նաև միջազգային դոնորների, հատկապես՝ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջի ներքո, բայց այդ օրենսգրքի կիրառումն արդեն 2018 թվականից իր հիմնական մասով կարող է որոշ խնդիրներ ստեղծել ոչ միայն բյուջեի, այլև բնակչության համար, որովհետև կարող է նաև գնաճի լրացուցիչ խնդիր առաջանալ: Այնպես որ, այո, ռիսկայնություն կա, բայց այդ ռիսկերի գնահատումը պետք է լինի մաքսիմալ պրոֆեսիոնալ, և դրանց կառավարումը՝ լինի արդյունավետ»: