Բաժիններ՝

«Այո, այդ ռիսկը կա». Ատոմ Ջանջուղազյանը՝ 2018թ. բյուջեի եկամուտների ռիսկայնության մասին

Այսօր Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ 2018 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ մակարդակ, որի գերակշիռ մասը՝ ավելի քան 97 տոկոսը, ակնկալվում է ստանալ ներքին աղբյուրներից, իսկ 3 տոկոսը՝ դրամաշնորհներով:

Հայաստանի Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարություննյանն ասաց, թե փաստ է, որ ունենք 4.5 տոկսանոց ՀՆԱ-ի աճ, որը գեներացնում է ընդամենը 0.3 տոկոս եկամուտներ ՀՆԱ-ի համեմատ.

«Հարկային եկամուտների մասով նախորդ տարվա համեմատ նախատեսված է մոտ 9.9 տոկոս աճ, ընդ որում, հիմնավորվում է, որ հաշվի է առնվել նախորդ տարիների հավաքագրման և մակրոտնտեսական ցուցանիշների միտումները: Անկեղծ ասած, եթե նայում ենք նախորդ միտումներին, 9.9 տոկոս աճի հիմքեր չեն տալիս: Ինձ հետաքրքիր է՝ ո՞րն է այդ 9.9 տոկոս աճի հիմնավորումը»:

Նա նաև նկատեց, որ այս եկամուտներով նախատեսվում են նաև ծախսեր, եթե այս եկամուտները ռիսկային են, ծախսերը դառնում են առավել քան ռիսկային:

Ի պատասխան՝ Ա. Ջանջուղազյանը նախ ասաց, որ 4.5 տոկոսը իրական աճի մասին է խոսքը. «Երբ գնահատվում են հարկերը, գնահատվում են ՀՆԱ-ի անվանական մեծությունից գոյացող հարկերը, այդ դեպքում պետք է նկատենք, որ անվանական ՀՆԱ-ն աճում է մոտ 8.2 տոկոսով, իսկ հարկերը՝ գրեթե 10 տոկոսով»:

Խոսելով այն մասին, թե որքանո՞վ են ռիսկային եկամուտները,  Ա. Ջանջուղազյանն ասաց. «Այն տեսակետից, որ դրա դիմաց ծախսեր են նախատեսված, ու եթե  դրանք տեղի չունենան, մենք կընկնենք բյուջետային պարտքերի շղթայի մեջ, ապա, այո, այդ ռիսկը կա, բայց առանձին նախագծով մենք ներկայացրել ենք բոլոր ռիսկերը, որոնք նշանակալի ենք համարել:

Մենք նշել ենք և՛ ռիսկերը, և՛ դրանց տեղի ունենալու հավանականությունը, մենք ամեն ինչ անելու ենք, որ դրանք տեղի չունենան: Եթե էլի իրավիճակ ստեղծվի, որ չես կարողանում ծախսերն ապահովել, կա՛մ կրճատում ես ծախսերը, կա՛մ գնում ես պարտք վերցնելու ճանապարհով, բայց մենք լավատես ենք, ու համոզված ենք, որ այն, ինչ ներկայացրել ենք, տեղի է ունենալու ու նույնիսկ ավելին է լինելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս