«2018 թվականին ժողովրդի համընդհանուր կենսամակարդակը բարձրանալու է». Վարդան Արամյան
«Ուշադիր հետևում եմ այս գծապատկերներին, շատ գեղեցիկ պատկերներ են՝ կլոր, ութանկյուն, ձվաձև, և այդպես շարունակ. հավատացեք, ժողովուրդը հոգնել է այս պատկերազարդ նկարներից»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայատարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նա հայտարարեց, որ ինքը՝ որպես ժողովրդի կողմից ընտրված քաղաքական ուժի ներկայացուցիչ, ուզում է կոնկրետ հարցադրում անել ու ակնկալում է հստակ պատասխան՝ առանց մանևրելու. «Այս գծապատկերները, այս հավաստիացումները, ի վերջո, պետք է հանգեն արդյունքի: Դուք՝ որպես ՀՀ վարչապետից հետո թիվ մեկ պատասխանատու, երաշխավորո՞ւմ եք, որ այս նախագիծը տեսանելի, խելամիտ ժամկետներում ազդելու է ժողովրդի կենսամակարդակի վրա, կյանքի փոփոխություն կլինի՞ ժողովրդի համար, թե՞ ոչ: Կոնկրետ ի՞նչ ժամկետում ժողովուրդը կզգա այդ փոփոխությունը»:
Ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց. «Մենք երբեք չենք փորձում մանևրել, դա ամենավտանգավոր բանն է: Եթե դուք ինձ ասեք՝ ի՞նչ եք հասկանում՝ կյանքի որակի փոփոխություն ասելով, ես ձեզ կասեմ: Մենք երաշխավորում ենք այն, ինչ գրված է բյուջեի նախագծում»:
Գ. Պետրոսյանը հստակեցրեց՝ ասելով՝ աղքատության շեմի ինչպիսի՞ շարժ է սպասվում, արտագաղթի ինչպիսի՞ տեմպեր են սպասվում, կենսամակարդակի փոփոխություն լինելո՞ւ է, թե՞ ոչ:
«Պարոն Պետրոսյան, ես ձեզ հավաստիացնում եմ, որ միայն դուք չեք մտածում ժողովրդի մասին: Այն, ինչ անում ենք, ժողովրդի համար է: 2016 թվականին մեզ մոտ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 3532.9 դոլար է, 2017-ին՝ 3698, 2018-ին լինելու է 3984, ինչը նշանակում է՝ համընդհանուր կենսամակարդակը բարձրանում է»: