
«Ժնևյան հանդիպումից հետո, այն ջղաձիգ հայտարարությունները, որոնք եղան Բաքվում, խոսում են այն մասին, որ այդ հանդիպումն ամենևին էլ Ադրբեջանի նախագահին ձեռ չի տվել». Շավարշ Քոչարյան

Նորություն չէ, որ Թուրքիան միշտ էլ Ադրբեջանի մեջքին կանգնած է և միշտ էլ հայտարարել է այն մոտեցման մասին, որը կա Բաքվում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը, թե պատրաստվում է Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ղարաբաղյան հիմնախնդրի հարցը:
«Նախատեսված է, որ պետք է լինի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, բայց հստակություն դեռ չկա ժամկետների առումով: Ժնևյան հանդիպումից հետո այն ջղաձիգ հայտարարությունները, որոնք եղան Բաքվում, խոսում են այն մասին, որ այդ հանդիպումն ամենևին էլ Ադրբեջանի նախագահին ձեռ չի տվել»,- ասաց Շ.Քոչարյանը:
Ըստ նրա` Հայաստանը ետ չի կանգնում Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածություններից. «Նախապայմանը ո՞րն է: Ես ձեզ հիշեցնեմ՝ 1995 թվականի եռակողմ համաձայնագիր կա՝ Ադրբեջանի, Հայաստանի ու Ղարաբաղի միջև, որը խոսում է կրակի դարադեցման ռեժիմի ամրապնդման մասին և, մասնավորապես, հենց հետաքննող մեխանիզմի մասին: Այսինքն ՝ 1995 թվականից դա Ադրբեջանի միջազգային պարատավորությունն է: Այդ նույն հետաքննող մեխանիզմի մասին մի քանի անգամ հարցը բարձրացվել է, նույնիսկ պայմանավորվածություն է եղել, որ վերջապես պետք է ներդրվի, բայց Ադրբեջանը խոչընդոտել է: Վերջինը եղել է Վիեննայում»:
Շ.Քոչարյանը նշեց, որ դրա համար, երբ խոսքը վերաբերում է պետության միջազգային պարտավորությանը, դրան ճիշտ չէ ասել՝ նախապայման. «Մենք պնդելու ենք, որ Ադրբեջանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունը»:
ԼՂ հիմնախնդրի լուծման ցավոտ կողմի մասին Շ.Քոչարյանն ասաց, որ ակնհայտ է, որ ցանկացած նմանատիպ խնդրի դեպքում, եթե գնում ես լուծման, ապա պահանջվում է փոխադարձ քայլ, փոխզիջումներ: Փոխնախարարի խոսքով` Սերժ Սարգսյանի հայտարարության ակնարկը հետևյալն է՝ եթե Ադրբեջանը խելքի գա, և իրոք լուծումը լինի փոխզիջումային, ապա բնական է, որ դա կողմերի համար ցավալի կլինի. «Այսօր, սակայն, դրա որևէ նշան չկա: Ես հիմա հրաժարվում եմ խոսել փոխզիջման մասին, որովհետև, եթե մի կողմը ոչ թե՝ խոսում է զիջումների մասին, այլ՝ հակառակը, բարձրացնում է նշաձողը, ապա խոսել հայկական կողմից զիջումների մասին՝ կոպիտ սխալ է: Դա կլինի զիջում, ոչ թե փոխզիջում: Դրա համար այն պահին, երբ Ադրբեջանը հայտարարի, որ ինքը պատրաստ է ինչ-որ զիջման, ես ձեր հարցերին կպատասխանեմ: Այսօր դուք չեք գտնի Բաքվի կողմից արված որևէ հայտարարություն, որ ինքն ինչ-որ հարցում պատրաստ է զիջման»:
Շ.Քոչարյանի խոսքով՝ կան հարցեր, որոնք վերաբերում են բացառապես ԼՂՀ բնակչությանը, մասնավորապես` տարածքային ամբողջականության հարցն ու կարգավիճակը, և առանց ԼՂՀ մասնակցության՝ նմանատիպ հարցեր ոչ ոք չի կարող քննարկել. «Դա շատ լավ հասկանում են նաև միջնորդները, դրա համար էլ ասում են, որ կոնկրետ բանակցային փուլը, առանց Ղարաբաղի, անհնար է»:
Թե ինչո՞ւ Հայաստանը նախապայման չի դնում, որ քանի դեռ սահմանին զոհեր կան, ինքը չի մասնակցելու որևէ հանդիպման, Շ. Քոչարյանը պատասխանեց.
«Բանակցային ֆորմատը քանդելը դա Ադրբեջանի երազանքն ու նպատակն է: Միջնորդները հանդիսանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 3 մշտական անդամ պետություններ, որոնց առաքելության մեջ է նաև խաղաղության պահպանումը: Հասկանալի է, թե դա ինչ զսպաշապիկ է նույն Ադրբեջանի համար, որը ձգտում է ուժային լուծումների: Ինքն ուզում է ամեն կերպ ազատվել այդ ֆորմատից, մենք իրենց ջրաղացին ջուր չլցնենք: Եթե հարցը չի լուծվում, միջնորդները չեն մեղավոր, այլ Ադրբեջանն է: Եթե կրակում են, ո՞նց կարելի է դրա համար մեղադրել միջնորդներին»:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ փաստաթղթի ստորագրման նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցին` փոխնախարարը նշեց, որ նպատակը Մոսկվայում Հայաստանի մշակույթի օրերի բացմանը մասնակցելն է: