«Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ն չեն համաձայնել ֆինանսավորել այդ նախագիծը՝ նշելով, որ Հայաստանը շրջանցվում է». Գևորգ Մելիքյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցիացված փորձագետ Գևորգ Մելիքյանի կարծիքով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Հայաստանում փորձում են դիտարկել մեր երկիրը մեկուսացնելու կամ չմեկուսացնելու տեսանկյունից, ինչը, ըստ նրա՝ նախագծի ածանցյալ նպատակներից է։

«Պարզապես բիզնես միջավայրն է, որտեղ յուրաքանչյուրը փորձում է քայլեր անել։ Ադրբեջանը՝ քայլ առ քայլ իրականացնում է այն նախագծերը, որոնք նա նախանշել է 10-15 տարի առաջ։ Հայաստանը ոչ թե մեկուսանում է, այլ հայտնվում է մի իրավիճակում, որտեղ անընդհատ այս կամ այն նախագիծը քննադատողի դերում է, կամ վերլուծում է, թե այս կամ այն երկրի համար այն ինչ վնասներ կարող է ունենալ»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց նա։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանն առաջիկայում  նույնիսկ դիմելու է վրացական կողմին՝ իր ապրանքներն այդ երկաթուղով փոխադրելու համար. «Այլ հարց է, որ Ադրբեջանը շատ լավ հասկանալով Հայաստանի խոցելիությունը՝ կարող է և համաձայնել, իսկ հետո նշել, թե օգնում է Հայաստանին՝ իր տնտեսական խնդիրները լուծելու հարցում։ Կարող է նաև հակառակը լինել։ Փաստացի ականատես ենք լինում մի գործընթացի, որը հնարավորություն է տալիս իրականացնել «Մետաքսի ճանապարհը».  Չինաստանը մեծ հետաքրքրություն ունի այս նախագծի հանդեպ»։

Մելիքյանը նկատեց՝ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ն չեն համաձայնել ֆինանսավորել այդ նախագիծը, նրանք նշել են, որ Հայաստանը շրջանցվում է. «Իսկ ՌԴ-ն, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, շարունակում է որևէ քայլ չանել, ճնշում չգործադրել այս կամ այն կողմի վրա, որ Հայաստանը չմեկուսանա։ Բայց խնդիրը ոչ թե ՌԴ-ի, այլ Հայաստանի մեջ է: Ասում էին, թե Հայաստանը դառնում է եվրասիական կամուրջ, բայց Վրաստանն է դառնում եվրասիական կամուրջ»։

Կարդացեք նաև

Քննարկման մասնակից քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ նախագիծն առաջին հերթին՝ քաղաքական է, թեև դրանում առկա է կոմերցիոն չափաբաժին. «Մեր տարածաշրջանում կա և մնում է կոմունիկացիաների որոշակի քաղց։ Այդ իմաստով՝ այս երկաթգիծը որոշ չափով այդ քաղցը լրացնում է։ Ադրբեջանն արդյո՞ք կմերժի ՌԴ-ին, եթե նա ուզենա դեպի Թուրքիա տեղափոխել իր բեռներն  այս երկաթգծով.  Դե, իհա՛րկե ոչ։ Ոչ էլ Վրաստանը կմերժի Հայաստանին, եթե մեր բեռներն այս երկաթգծով արտահանենք»։

Մեհրաբյանի խոսքով՝ հայկական կողմը չպետք է փնթփնթա, ֆոբիաներ տարածի և ստիպի, որ ուրիշները ծիծաղեն մեզ վրա. «Եթե Հայաստանը ոչինչ չի անում, Հայաստանի շուրջ ինչ տեղի է ունենում, վնաս է Հայաստանին.  դուրսն ուժեղ քամի փչի՝ այո, մենք կարող ենք մրսել-մեռնել, եթե ոչինչ չանենք։ Հետևաբար՝ սա լուրջ խթան է Հայաստանի համար, որպեսզի վարի ադեկվատ քաղաքականություն»։

Տեսանյութեր

Լրահոս