«Ընտանեկան բռնությունը մեր մշակույթը չէ. տղամարդու կողմից կնոջ վրա ձեռք բարձրացնելը ոչ տղամարդկային արարք է». Լարիսա Ալավերդյան
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանն այն կարծիքին է, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծում կան բանաձևեր, եզրույթներ, որոնք պետք է մշակվեն և հստակեցվեն։ «Զուտ իրավաբանական տեսակետից ես համաձայն եմ, որ կան այնպիսի խրթին տեղեր, որոնք օրենքի նման չեն, այլ՝ ցանկությունների։ Ի դեպ, դա միշտ վնաս է տալու հենց այդ խավին, որի համար մենք դա անում ենք, դա է խնդիրը։ Ոչ թե նրա համար, որ իշխանության այս կամ այն ներկայացուցիչը չի ուզում, այլ՝ որովհետև իրոք այնտեղ կան խնդիրներ, որոնք իրավական հստակության կարիք ունեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա։
Մարդու իրավունքների առաջին պաշտպանի խոսքով՝ մի քանի եզրույթներ պետք է հստակեցվեն. «Տնտեսական բռնություն եզրույթը պետք է հստակեցվի։ Եթե խոսում ենք հոգեբանական բռնության մասին, ապա անմիջապես պետք է անցնենք միջազգային կոնվենցիաներին, որովհետև Եվրոպական դատարանը վաղուց այդպիսի դեպքերը դիտարկել է, տարբերակել ու տվել այդ եզրույթների կոնկրետացումը։ Նախանցած տարի ՄԱԿ-ն ընդունել է որոշում, որով ընտանեկան բռնության զոհը հավասարեցվում է խոշտանգումների զոհերին, այսինքն՝ նրանք գտնվում են այդ կոնվենցիայի ներքո։ Ես կոչ եմ անում, որ մենք չխորշենք այս համեմատություններից, օգտվենք այդ օրենքներից ու նորմերից»։
Լարիսա Ալավերդյանն ընդգծեց. «Երբ ասում են, որ Ոստիկանության վրա է դրվում, իսկ Ոստիկանությունն անուշադիր է, անում է՝ ինչ ուզում է, եկեք աշխատենք Ոստիկանության հետ։ Հիմա ի՞նչ՝ թողնենք Ոստիկանությունն այդպես շարունակի՞։ Ոչ թե այդ օրենքը պետք է չլինի, որովհետև Ոստիկանությունը չի համապատասխանում այն չափանիշերին, որոնք կան, վստահություն չունի ժողովրդի մոտ, այլ հակառակը՝ պետք է աշխատենք դրա հետ։ Թե չէ այդպես կհասնենք նրան, որ մեզ ընդհանրապես օրենք պետք չէ»։
Նրա խոսքով՝ չի կարելի այդ օրենքին դեմ դուրս գալ. «Չգիտես ինչու, մեջբերում են անում մեր ավանդույթներից. կներեք, մեր ավանդույթներում, ղարաբաղցիների ասած՝ ռեխին տալ կա՞, նման բան չկա։ Ես ավանդական ընտանիքից եմ վերջապես։ Պապս ասում էր՝ տղամարդու ձայն բարձրացնելը ո՞րն է, էլ չեմ ասում՝ ձեռք բարձրացնելը։ Տղամարդը պետք է կնոջն աչքով-հոնքով իմաց տա՝ ինչ պետք է արվի։ Կինը պետք է տրամադրությունից հասկանա, թե ինչով կարող է ինքը թեթևացնել տղամարդու բեռը։ Մեր մշակույթը դա է։ Տղամարդու կողմից կնոջ վրա ձեռք բարձրացնելը ոչ տղամարդկային արարք է»։
Մարդու իրավունքների առաջին պաշտպանը հիշեց, որ տարիներ առաջ մի միջազգային կազմակերպություն զեկույց էր գրել, որում ասվում էր, որ ամեն հինգերորդ կինը ծեծվում է Հայաստանում. «Ես ապշեցի, մտածեցի՝ դա սուտ է։ Եվ այդ ժամանակ, երբ մի առիթով Գավառում էինք, ես մի շատ գրագետ տղամարդուց հարցրի, թե նման զեկույց կա, նա էլ պատասխանեց, թե՝ ի՞նչ անենք, կին է, սխալվել է, բա մի հատ չզարկե՞ս։ Հիմա դա՝ մի կողմից, մյուս կողմից էլ՝ կանայք են ասում, թե՝ տղամարդ է, ջղայնացել է, իր սթրեսն այդպես հանում է։ Չեն ասում, որ դա բռնություն է, ասում են՝ նեղված է, բա ո՞ւմ հարվածի։ Ես դա համարում եմ բռնություն, ես դա համարում եմ մշակույթի ամենացածր մակարդակը։ Ընտանեկան բռնությունը մեր մշակույթը չէ։ Քանի որ չկա այդ ընկալումը հասարակության մեջ, սա է պատճառը, որ մեզ անհրաժեշտ է օրենքը»։