«Եթե մեկն ինչ-որ բան անել չի կարողանում ու լաց է լինում, թույլ տվեք՝ լինեմ անտարբեր». Վահրամ Սահակյան
«Մեա Կուլպա 2» կամ «Սիրով՝ ապագայից» ներկայացման ավարտից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները ստեղծագործական խմբից հետաքրքրվեցին, թե ո՞ւր էին այն ժամանակ, երբ մտավորականության համար պետության կողմից խնդիրներ էին ստեղծվում, երբ Վահան Արծրունին բարձրաձայնում էր, որ իր ստեղծագործական ճանապարհին խոչընդոտներ են ստեղծվում, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանին արգելում են ստեղծագործել, և այլն։
Ի պատասխան՝ դերասան Հրանտ Թոխատյանն ասաց, որ ինքն իր տեղում էր. «Ես բեմի վրա եմ, անում եմ իմ գործը։ Չի կարող որևէ նախարարություն վաղը խոչընդոտել, որ մենք խաղանք մեր ներկայացումը։ Կփակե՞ն մեզ համար թատրոնի դռները, որովհետև մենք այստեղ հյուր ենք, ուրեմն՝ կխաղանք իմ տանը, ինչ-որ մի տեղ կգտնենք։ Դուք գիտեք՝ ինձ համար ռիսկային չէ՞, երբ ասում եմ, որ մեր ներկայացումներն անցկացնենք Կանազում։ Չի գա հանդիսատես, ինձ հաճախ են ասում՝ հեռու է, ո՞վ պետք է գա այնտեղ։ Թող ես անեմ, թող չգան, հետո նոր կմտածեմ»։
Դիտարկմանը՝ այսինքն՝ եթե հարևանի տանը կրակ է, չե՞ն ցանկանում դա մարել։ «Ես նկատի ունեմ, որ, եթե ուզում ես մի բան անել, ուրեմն պետք է անես։ Եթե ես հիմա ասեմ, որ ինձ խոչընդոտում են, ոչինչ չի ստացվի։ Մենք միշտ գտնում ենք մի բան, որը մեզ խանգարում է։ Եթե այսօր ինձ 100 հազար դոլար տային, ես կնկարեի հրաշք կինո։ Ես շատ լավ գաղափար ունեմ ու լավագույն ֆիլմը կնկարեմ։ Եթե ես դա ամեն օր կրկնեմ, դուք էլ կգրեք՝ մեր լավագույն ռեժիսորը շատ լավ մտահղացում ունի, բայց տեսեք՝ փող չեն տալիս։ Ու ի՞նչ։ Այդպես էլ ես ասելով մնա՞մ, ոչ»,- արձագանքեց Թոխատյանը։
«Մեա Կուլպա» ներկայացման սցենարի հեղինակ Վահրամ Սահակյանն էլ ասաց, որ մտավորականները տարբեր մարդիկ են. «Նրանց մեջ կան կարիերիստներ, շնորհքով մարդիկ, անշնորհքներ, սկսնակներ, ինքնուսներ և կան լացողներ։ Եթե ես ուզենամ ներկայացում անել, դիմեմ ինչ-որ մեկին, ու չստացվի, ես ինձ թույլ չեմ տա լաց լինել, ասել՝ ինձ այս արեցին, այն արեցին. եթե չի ստացվել, ուրեմն՝ մեղքն իմն է, ես չեմ կարողացել կազմակերպել իմ ներկայացումը։ Եթե մեկն ինչ-որ բան անել չի կարողանում ու լաց է լինում, թույլ տվեք՝ լինեմ անտարբեր։ Ոչ մի երկրում մտավորականների համախմբում չկա ու չի կարող լինել։ Ամեն արվեստագետի ցանկությունն է՝ խառնվել այս կամ այն հասարակական իրադարձությանը, թե ոչ»։
Հրանտ Թոխատյանն էլ հավելեց, որ Արծրունու համերգը չի կայացել կազմակերպչական սխալների պատճառով, այլ ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկն ուզում էր նրա ոտքը տրորել. «Մեջտեղում տուժեց արվեստագետն ու իր հանդիսատեսը։ Իր մտքերն արտահայտելու համար մեզ մոտ որևէ մեկին որևէ բան չի արգելվել, եթե դանակը ոսկորին չի հասել։ Վահանը եթե վաղն ուզենա երգել, ուրեմն՝ կերգի։ Ավելի դժվար է Աշոտի խնդիրը. մենք պետք է փորձենք նրան օգտակար լինել։ Ինչ-որ մեկին՝ հաստավիզ կամ բարակագլուխ, բացատրես, որ՝ եղբայր, թող նկարի, ինչո՞վ է քեզ դա վնասում»։