«Հերոսները մենակ կռվի դաշտում չէ, որ լինում են»
Արցախյան ազատամարտի մասնակից Մկրտիչ Մկրտչյանը, ում մարտակից ընկերները Մարշալ անունով են կնքել, չի սիրում պատմել պատերազմի տարիների մասին` նշելով, որ այժմ կարևոր չէ, թե ինչպես են կռվել, կարևորն այն է, որ հաղթել են: Երբ խնդրեցի նրան պատմել պատերազմի տարիների, մարտակից ընկերների մասին, նա ասաց.
– Իմ տեսակը միշտ խուսափում է մեր ընկերների մասին խոսելուց, քանի որ մեր պետության մեջ ղարաբաղյան պատերազմի էնպիսի հերոսներ են քարոզվում, որոնք սրիկաներ են: Ես վախենում եմ Պետոյի մասին խոսելուց, որովհետև նրան չճանաչողները կարող են մտածել, որ ինչպես էն կեղծ հերոսին են գովում, էդպես էլ ես եմ իմ ընկերոջը գովում:
Դիտարկմանը, թե պետությունը չի հոգում ազատամարտիկների պահանջները, նա պատասխանեց.
-Պետությունից դժգոհելու պատճառ չունեմ,-ասում է նա,-դժգոհում են նրանք, ովքեր իրենց կամքով չեն գնացել, այլ նրանց բռնի են տարել մարտի դաշտ, դրա համար էլ հիմա փոխարենը ինչ որ բան են պահանջում պետությունից: Կամավոր գնացածները ոչինչ չունեն պահանջելու: Ինքս ինձ միշտ ասում եմ` ո՞վ էր ինձ ստիպում գնալ պատերազմ, ոչ մեկը, հետևաբար պահանջելիք ոչինչ չունեմ պետությունից:
Երկար ու ձիգ, բայց միաժամանակ ակնթարթներ թվացող զրույցի ընթացքում Մարշալի հետ քննարկեցինք տարաբնույթ հարցեր: Այդ ընթացքում պարզ դարձավ նրա ազգային, հայրենանվեր կերպարը: Մարդ, ով մտահոգ է ազգի առջև ծառացած խնդիրների շուրջ:
-Մենք մեր ձեռքով ենք մեր տունը քանդում, իսկ եթե թշնամին է մեր տունը քանդում, մենք շատ արագ համախմբվում ենք: Այն, որ երիտասարդության մեջ «դուխ» կոչվածը մարած է, ես չեմ ընդունում, այդ առումով ես հանգիստ եմ: Անհանգիստ եմ այլ առումով. շարունակ խեղաթյուրում են մեր ազգային նկարագիրը, շարունակ եվրոպական արժեքներ են քարոզվում. ո՛չ քրիստոնեկան հավատքին է հատուկ, ո՛չ քո հայ նկարագրին:
Զրույցին միացավ Մարշալի կինը` պատմ. գիտ. թեկն., դասախոս Լիլիթ Մատինյանը` բերելով Մարշալի` խնամքով պահված բանաստեղծությունները: Բանաստեղծություններում բացահայտվում է մարտական ընկերների կորստից տառապող Մարշալի կերպարը, ինչպես նաև նրա հուզական ներաշխարհը այն տողերում, որոնք ուղղված են Լիլիթի խոսքով` «տարբեր տարիների սերերին»: Այդ տողերի հիման վրա տարիներ առաջ նաև երգեր են գրվել: Հարցին, թե կա՞ն տողեր` ուղղված կնոջը, Մարշալը պատասխանում է.
– Ես իրեն ամեն վայրկյանն եմ ձոնում, թուղթը չի հասցնում ֆիքսել դրանք:
Ես գնացել էի բացահայտելու արցախյան հերոսամարտի ազատամարտիկ Մարշալի կերպարը, բայց ինձ համար բացահայտեցի բոլորովին այլ Մարշալի: Մարդ, ով, լինելով երկրաբանության ֆակուլտետի ուսանող, գնացել է կռիվ` մասնկացելով Մարտունաշենի, Գետաշենի, Շահումյանի կռիվներին և մարտի ժամանակ վիրավորվել է այնպես ծանր, որ նրան օգնողները տարակուսել են, թե նրան, որպես տղամարդու, օգնելով` ավելի շատ օգուտ, թե վնաս են հասցնում:
Վիրահատվելով ԱՄՆ-ում` կրկին դառնում է մարտի դաշտ: Շահումյանի անկումից հետո մասնակցում է Շուշիի առանձնակի գումարտակի ստեղծմանը, որի կազմում եղել է մինչև զինադադարը: Եվ այս մարտիկի հերոսությունը միայն մարտի դաշտով չի սահմանափակվել. նա իր հերոսությունը շարունակում է նաև այսօր` հասարակության կարևորագույն օղակներից մեկի` ընտանիքի հրաշալի մոդել առաջարկելով իր սիրառատ ու հայ ընտանիքի օրինակով:
Երբ ոտք ես դնում նրանց տուն, քեզ թվում է, թե մտել ես սիրո և երջանկության ապաստանը, քանի որ սիրով են շնչում ոչ միայն ընտանիքի բոլոր անդամները, այլև բնակարանն ամբողջությամբ: Այս զարմանալի երևույթի համար նրանք իրենց բացատրությունն ունեն.
-Մենք երբ փորձում էինք ամուսնանալ, Լիլիթին ասում էին` չե՞ս վախենում Մարշալի հետ ամուսնանալուց: Ես խստապահանջ եմ, բայց ունեմ հետաքրքիր սկզբունքներ. գիտակից մարդու ազատությունը սահմանափակում եմ անսահման ազատություն տալով: Մենք իրար շատ-շատ սիրում ենք: Ինձ համար շատ ավելի գնահատելի զգացմունքներից է հարգանքը, որը քո ես-ի վաստակն է: Եթե սերը կա, իսկ հարգանքը չկա, էդ սերը շատ շուտ մարում է: Իսկ եթե 2-ն էլ միաժամանակ կան, դա չեմ կարող բացատրել` ինչ զգացմունք է: Շատ եմ սիրում իմ կնոջ հետ ընկերություն անել: 2-ս էլ էությամբ բարի ենք: Իմ բարությունը պահվել է նրա բարության շնորհիվ: Երջակության գագաթնակետը ներդաշնակությունն է: Իսկ ներդաշնակությունը փոխզիջումով է լինում: Մեկս մյուսիս շատ ենք խնայում, բարձրացնում, զիջում: Եկել ենք մի վիճակի, որ անգամ կես խոսքից չէ, կես հայացքից հասկանում ենք իրար: Աշխատում ենք Աստծո օրհնությունը մեր տնից չպակասեցնել:
Աստված ասում է` 365 օրն էլ ուրախ ապրեք. աշխատում ենք այդ պատվիրանին հետևել, իհարկե փորձում ենք նաև մյուս պատվիրաններին էլ հետևել` փորձելով քրիստոնյա լինել: Երևի Աստծո աչքը մեր ընտանիքի վրա հաճո է: Աստծո կամքով մենք հանդիպեցինք, Աստծո օրհնությամբ էլ ապրում ենք:
Ընտանիքը հայրենիքի փոքր մոդելն է: Պիտի լինի սեր, համերաշխություն, հարգանք: Մեր ընտանիքի զրույցներին երեխեքն էլ են մասնակցում` արտահայտելով իրենց կարծիքը: Ամենայն անկեղծությամբ` իմ էսպիսին լինելու գործում Լիլիթը շատ մեծ դեր է ունեցել: Քչով բավարարվում ենք, քիչ սիրով չենք բավարարվում: Ժամանակը չի բավարարում, որ իրար սիրելուց հագենանք, ես` կնոջս, կինս` ինձ, մենք` երեխեքին, երեխեքը` մեզ: Մեծամտություն թող չհնչի, բայց կարող եմ որպես լավագույն հայ ընտանիքի մոդել առաջարկել իմ ընտանիքը:
Ընտանիքը կարող է լինել շատ առաջադեմ, շատ լիբերալ և շատ ազգային-պահպանողական: 3 աբսուրդ իրար հետ: Էդ աբսուրդները հնարավոր է մեկտեղել:
«Ո՞վ է Ձեզ համար Մարշալը»՝ հարցին, Լիլիթը ցանկացավ առանց Մարշալի ներկայության պատասխանել:
– Մի անգամ Զվարթնոցում դասական երաժշտության համերգի էինք: Ավերակներում լույսերով հետաքրքիր վերերկրային պատկեր էին ստացել: Մարշալը նայեց ինձ ու ասաց`«գիտես չէ, որ դու ու երեխեքս հոգուս ավերակները այ սենց հեքիաթ աշխարհի վերածեցիք»: Ինձ համար անսպասելի էր իր պոռթկումը. Մարշալը երբեք հաճոյախոսություններ նվիրելիս առատաձեռն չի: Զվարթնոցի ավերակները նա համեմատեց իր հոգու ավերակների հետ: Նույնը կարող եմ ասել ես իր մասին: Ինքը իսկապես հրաշքի պես բան էր իմ կյանքում: Նա հայտնվեց իմ կյանքում էն ժամանակ, երբ ես ազնիվ, առաքինի, բարոյական տղամարդու կերպարին չէի հավատում: Հերոսները մենակ կռվի դաշտում չէ, որ լինում են:
Եթե Մարշալը կյանքը սկսեց նոր, մաքուր էջից, բայց ոչ իհարկե գրածները ջնջելով, իմ դեպքում կարելի է ասել, որ ես իմ կյանքի օրագրի նախորդ էջերը ուղղակի պատռեցի ոչնչացնելու աստիճան, չայրեցի, որովհետև նախորդ կայնքից 2 հրաշք հիշողություն ունեի իմ կողքին քայլող (որդին` Թաթուլը, դուստրը` Նարեն- Ա. Հ.): Իմ կյանքի մատյանը սկսվեց պատռված, բայց նոր էջից, որ վերնագրվեց Մարշալ: Եվ դա ընդհանրապես կապ չուներ այն կյանքի հետ, որը ես ապրել էի: Նա ինձ ուղղակի փրկեց:
Լիլիթը պատմեց, թե ինչպես է Մարշալը կարողացել փրկել իրեն` համալսարանի ուսանողուհուն` հետապնդող մի խումբ մարդկանցից ազատելով և տուն ուղեկցելով, որտեղ իրեն էին սպասում իր 2 բալիկները: Լիլիթի խոսքով` դա Մարշալին հաջողվել է շնորհիվ այն բանի, որ նա «ուժեղ հետախույզ է, հզոր ռազմագետ և ստրատեգ, և նրա կազմած գծագրերով են նաև պատերազմական գործողություններ կազմակերպվել»: Տուն հասնելով` Մարշալը զարմացել է` տեսնելով նրա երեխաներին, և մինչ Լիլիթը սենյակ կվերադառնար, բալիկներն արդեն ննջել էին Մարշալի գրկում:
– Այդ պահին նա նման էր հեքիաթների արքայազնի,- հիշում է Լիլիթը:- Երեխեքին պառկեցնելուց հետո ասաց` զանգի ծնողներիդ, ասա, որ այսօրվանից դու իմ կինն ես:
Ինձ միշտ հարցնում են` դժվար չի՞ Մարշալի հետ ապրելը. ինքը շատ խորն է, ծավալուն է: Մարշալի հետ ապրելու համար ուղղակի պիտի ազնիվ լինել, օրը գեղեցիկ ապրել, պիտի նրան չծանրաբեռնել առօրեական ճղճիմ խոսակցություններով: Նա իր բարձրություններից երբեք չի իջնում: Նրա կողակիցը առաջին հերթին պիտի կարողանա նրա գաղափարական ընկերը լինել:
Այս հրաշք ընտանիքը Երևանում, ցավոք, վարձակալությամբ է ապրում: Պատերազմում ծանր վիրավորված Մարշալը պարբերաբար վիրահատության կարիք ունի, որն արվում է ԱՄՆ-ում: Այսքանով հանդերձ` կինն ասում է.
– Մարշալը երբեք թույլ չի տվել իր կողքին ապրելով` որևէ խնդիր ունենալ:
Մարշալի կերպարն ամբողջանում է երեխաների խոսքերում.
-Թե հնար լիներ լույս աշխարհ գալ նորից, կուզեի ծնվել նույն հորից ու մորից:
-Մեր կյանքն ա, մեր գանձն ա, մեր շնչառությունն ա, մեր հոգին ա, մեր արևնա, մեր լույսն ա, մեր ամեն ինչն ա: (Նարե)։
qahana.am
Սկզբնաղբյուրը՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ