«Աղքատության դեմ պետք է կռվես այն մարդկանցով, որոնք աղքատ են»
Հարցազրույց ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Հակոբ Հակոբյանի հետ
– Պարոն Հակոբյան, 2018թ. բյուջեի նախագծով առողջապահության ծախսերը կրճատվում են մոտ 7%-ով, իսկ սոցիալական ոլորտի ծախսերը մնում են նույնը, թեև կյանքն օր օրի բարդանում է: Ինչո՞ւ ավելացումներ չկան:
– Գումարներ կան, որ մենք ծախսում ենք և արդյունք չենք ստանում, նաև գումարներ կան, որտեղ կառավարչական ծախսերը շատ են, և գումարներ կան, որոնք պետք է արդյունավետ օգտագործվեն: Օրինակ` եթե նախկինում պետպատվերը 52 հազար դրամ արժեր, ապա նույն ծառայությունը հիմա մատուցվում է 38 հազար դրամով: Ինչո՞ւ: Որովհետև, եթե նախկինում փողը տալիս էինք հիվանդանոցին, քաղաքացին գնում էր այդ փողի դիմաց բուժվելու, հիմա փողը տալիս ենք ապահովագրական ընկերությանը, որը քաղաքացուն ուղարկում է բուժվելու` փողն ունենալով հանդերձ, և ապահովագրականը վերահսկում է ծախսված գումարները: Այսինքն` կառավարման համակարգը փոխելով, մենք կարողանում ենք 52 հազարի փոխարեն՝ ծախսել 38 հազար և ծառայությունների որակը բարձրացնել:
– Վստա՞հ եք, որ քաղաքացիները նոր խնդիրների առջև չեն կանգնի:
– Ռեֆորմը շատ ժամանակ է ուզում, այնպես չէ, որ մենք 100 հազար սոցփաթեթով աշխատողներին ապահովագրեցինք, և վերջ: Սա ռեֆորմ է և պետք է հեռու գնա, ամբողջ ազգաբնակչության վրա տարածվի: Այլ կերպ հնարավոր չէ, բայց պետք է ամբողջ բնակչության առողջության ապահովագրությունն անես: Որտեղի՞ց պետք է վերցնես գումարները, սա քաղաքական խնդիր է և պետք է ժամանակի մեջ լուծվի, առավել ևս, որ այսօր մենք նման գումարներ չունենք բյուջեում, որ ամբողջովին կատարենք առողջության պարտադիր ապահովագրություն: Դրան պետք է մասնակցի և՛ գործատուն, և՛ քաղաքացին: Մենք պետք է գտնենք ճանապարհը: Սա կլինի, կարծում եմ, պարտադիր ռեֆորմ, եթե մենք այդ քաղաքական նպատակն ունենանք: Սա շատ կարևոր խնդիր է:
– Սոցիալական ոլորտում աշխատավարձերի և թոշակների բարձրացում հաջորդ տարի, ինչպես արդեն տարիներ շարունակ, չի նախատեսվում, թեև իշխանությունը խոսում է տնտեսական աճի մասին: Ի՞նչն է խնդիրը:
– Այո, այս տարի թոշակների բարձրացում չունենք: Սա լա՞վ է, թե՞ վատ: Իհա՛րկե վատ է, որովհետև անցած տարի մենք ունեցել ենք գոնե 1% գնաճ, և քաղաքացին գոնե այդ 1%-ի չափով վատ կապրի:
– Վերջին մեկ ամսվա համար գնաճը շատ ավելի շատ կլինի:
– Գնաճը չի կարելի մեկ ամսով հաշվարկել, գնաճը պետք է միշտ բաժանել 12 ամիսների վրա: Վերջին 1 ամսում թանկացել են ընդամենը մի քանի անուն ապրանքներ:
– Բայց առաջին անհրաժեշտության ապրանքներ:
– Իհարկե, դրանք հանրության կողմից օգտագործվում են: Սոցիալական ոլորտում կա ռեֆորմի խնդիր: Քաղաքական լուրջ խնդիր է, որ հանրության մեջ կան չաշխատող մարդիկ: Որպեսզի հանրությունը լավ ապրի, և պետությունն էլ քիչ փող ծախսի, պետք է պետությունը մի անգամ շատ փող ծախսի քաղաքացուն մշտական աշխատանքի տեղավորելու վրա: Ես կարծում եմ, որ լուծումը պետք է սկսել այս խնդրից:
– Դա ինչպե՞ս եք պատկերացնում:
– Հնարավոր տարբերակները կան, քննարկվում են: Եթե մարդն ընդունակ է աշխատելու, նա պետք է աշխատի: Եթե մարդն ընդունակ չէ աշխատելու, որպես սոցիալական խավ, պետությունը պետք է նրա մասին մտածի: Բայց մենք ունենք մի քանի հարյուր հազար ազգաբնակչություն, որը կարող է աշխատել, բայց չի աշխատում: Մենք այս խնդիրը պետք է լուծենք:
– Պարոն Հակոբյան, այդ չաշխատելու խնդիրը պայմանավորված չէ՞ արդյունաբերական ձեռնարկությունների քիչ լինելով կամ չլինելով, թեև մոլերի պակաս չունենք:
– Ես չէի ասի, որ միայն արդյունաբերական ձեռնարկությունների, կասեի` այդ թվում՝ արդյունաբերական ձեռնարկությունների հետ է կապված, որովհետև աշխատելու տեղը ոչ միայն արդյունաբերությունն է, այլև գյուղատնտեսությունը, թեթև արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, տարբեր կարգի ծառայությունների ոլորտները:
– Այսինքն` աշխատուժի պահանջարկը կա, մարդիկ չե՞ն գնում աշխատելու:
– Այսօր շատ տեղերում կա որակյալ աշխատուժի պակաս, կա աշխատուժ, բայց չկա որակյալ աշխատուժ: Սա՝ մեկ խնդիր: Երկրորդը` ես համոզված եմ, որ մոտ ժամանակներում պետությունը կսկսի աշխատատեղեր ստեղծել, որ ունենանք համապատասխան ծառայություններ ոչ մասնագետ աշխատուժին մասնագետ աշխատուժ դարձնելու, և կարողանանք նրան ապահովել մշտական աշխատանքով: Մենք միայն այսպես կարող ենք աղքատության դեմ կռվել: Այսինքն` աղքատության դեմ պետք է կռվես այն մարդկանցով, որոնք աղքատ են, նրանց պետք է համապատասխան կրթություն տաս, մեկին` գյուղատնտեսական, մեկին` ծառայությունների մատուցման, մյուսին` արդյունաբերական ձեռնարկությունում մասնագետ դարձնելով: Դու աղքատություն չես ունենա, եթե մարդիկ աշխատեն: Հետևաբար` մեր նպատակը պետք է լինի բոլորին աշխատանք գտնելը: Սա կլինի ճիշտ և վերջնական լուծում:
– ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ուսումնասիրության տվյալներով` ներկայիս տնտեսական ու դեմոգրաֆիական միտումների պահպանման պարագայում Հայաստանում 2035 թ. բնակչությունը կնվազի մինչև 2.5 մլն մարդ՝ այսօրվա պաշտոնական շուրջ 3 մլն-ի դիմաց: Սա հակադրվում է ՀՀԿ-ի թիրախին:
– Ե՛վ նախագահի, և՛ մեր կուսակցության դիրքորոշումը հայտնի է: Մենք մեր առջև թիրախային խնդիր ենք դրել ավելացնելու ազգաբնակչությունը` հաշվի առնելով այդ գործոնը, որ նման ծնելիության, նման արտագաղթի պայմաններում 2050 թ.-ին ՀՀ բնակչությունը կդառնա 2.5 մլն: Մենք մեր առաջ թիրախ ենք դրել 2040թ.-ին բնակչությունը դարձնել 4 մլն:
– Այդ թիրախավորումից հետո կյանքի դրական փոփոխությունների փոխարեն՝ ականատես ենք բացասական փոփոխությունների` թանկացումներն ավելացնում են մարդկանց դժգոհությունը:
– Չի կարող թանկացումը որևէ մեկին բավարարել: Երբ էժանացում է, մարդիկ չեն արտահայտվում, ասում են` լավ է, երբ թանկացում է լինում՝ մարդիկ միանգամից արտահայտվում են: Ինչո՞ւ: Որովհետև մեր հասարակության հիմնական մասը, առավել ևս՝ սոցիալապես կարիքավորները, ունեն սահմանափակ բյուջե, և ցանկացած թանկացում նրանց համար ուղղակի անակնկալ է: Դա չլինելու համար մեր պետությունը պետք է կարողանա ապահովել հասարակությանն աշխատանքով և ունենա ֆինանսական ռեզերվ` սոցիալական խավին, որ չի կարող աշխատել, ժամանակին օգնելու: Մենք դրանից բավականին հեռու ենք:
– Հնարավո՞ր է, որ այս թանկացումները նախորդ ընտրությունների ժամանակ ծախսված գումարները ետ բերելու միջոց է:
– Գիտեք, որպեսզի նման հարցի պատասխան տամ, ես պետք է ասեմ` ինչն է թանկացել` ներկրվո՞ղ, թե՞ տեղում արտադրվող ապրանքը:
– Մասնավորապես` կարագը հիմնականում ներկրվում է, միսը` տեղում արտադրվում:
– Կարագը թանկացել է, որովհետև միջազգային շուկայում 25%-ով բարձրացել է գինը: Միսը թանկացել է, որովհետև գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ զբաղվող մարդիկ չեն զբաղվում: Ի՞նչ պետք է անել: Այն սոցիալական խավին, որ այսօր նպաստ է ստանում, պետք է կրթենք համապատասխան չափով, օգնենք, որ կարողանան արտադրել միս: Սա պետական քաղաքականություն է: Կստացվի, որ մարդիկ կարտադրեն միս, կստանան վարձատրություն, աղքատ չեն լինի, մսի գինն էլ կիջնի:
– Իսկ մտավախություն չունե՞ք, որ որքան էլ պետական պաշտոնյաները շատ լավ բացատրեն ցանկացած փոփոխություն, բնակչությունը դա այդ կերպ չի ընկալում և բացասական փոփոխություններին արձագանքում է բացասականով` արտագաղթով:
– Ես չգիտեմ՝ ո՞ւմ նկատի ունեք, բայց ես հասարակության հետ ունեմ իմ կապը` որպես ընտրատարածքից ընտրված պատգամավոր, և կարողանում եմ մարդկանց հետ խոսել միշտ շիտակ և բացատրել եղելությունը: