«Հիվանդին բուժելու համար հիվանդին սպանում են». Արարատ Միրզոյանը՝ Զինծառայության մասին նոր օրենսդրական կարգավորումների մասին
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի մոտ ժպիտ են առաջացնում այն հիմնավորումները, որոնք իշխանությունները բերում են Զինծառայության մասին նոր օրենսդրական կարգավորումներով ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխություններն իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ նոր օրենքով 18 տարեկան բոլոր տղաները պարտավոր են բանակ զորակոչվել։ Տարկետում կտան նրան, ով կորոշի, որ բակալավրիատն ավարտելուց հետո պատրաստ է 2-ի փոխարեն՝ 3 տարի ծառայել՝ որպես սպա: Դրա համար նա ստանալու է աշխատավարձ և պետությունից լիովին փոխհատուցում թե՛ իր բակալավրիատի ուսուցման, թե՛ հետագայում նաև մագիստրատուրայի համար:
Նախագծով նպատակային ուսումնառությունը սահմանվում է այսպես՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետին կամ ինտեգրացված կրթական ծրագրով սովորող քաղաքացուն՝ եթե նա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին:
Սույն կետի համաձայն՝ քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 26 տարին լրանալու օրը։ Այսինքն՝ եթե ուսանողը ցանկանում է տարկետման իրավունքից օգտվելով՝ ավարտին հասցնել ուսուցումը, ընդունվել ասպիրանտուրա, ու 27 տարին լրանալուց հետո ընդհանրապես ազատվել զինծառայությունից, այս օրենքով չի կարող։
«Իրենք ասում են, որ սա բանակի թվի հետ կապ չունի, այլ կապ ունի սոցիալական արդարության հետ, որովհետև բուհերում կա կոռուպցիա, և իրենք այս կոռուպցիան վերացնելու համար, որպեսզի ծանոթով կամ փողով չկարողանան անցնել հետագա փուլերը, վերացնում են այդ ինստիտուտն ընդհանրապես: Այսինքն՝ հիվանդին բուժելու համար հիվանդին սպանում են, որ այդ խնդիրը չլինի: Սա պարզապես ժպիտ կարող է առաջացնել»,- նշեց Ա. Միրզոյանը:
Նրա խոսքով՝ հիմնական հայեցակարգային, խորքային խնդիրն այն է, թե ի՞նչ պետություն ենք մենք ուզում. «Մենք կարծում ենք, որ 21-րդ դարում Հայաստանն ունի մեծ պոտենցիալ՝ զարգացնելու գիտությունը, գիտության արդյունքները ներդնելու տնտեսության մեջ, որ զարգանա և դառնա աշխարհի առաջատար երկրներից մեկը: Դրանից ելենլով՝ կարծում եմ՝ այս օրինագիծը լավը չէ, իսկ իշխանության ղեկին հայտնված մարդիկ չեն տեսնում այսպիսին, իրենք տեսնում են զինվորների հասարակություն, կրոնականացված հասարակություն, և մի հասարակություն, որ պետք է շարունակի պահպանել իրենց իշխանությունը»: