Բաժիններ՝

«Կկարգավորի այն բացը, որ մենք ունենք մեր մասնագիտության մեջ». Լևոն Վարդանյանը՝ Ճարտարապետների պալատի մասին

«Հին Երևան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանը դրական է գնահատում, որ ստեղծվում է Ճարտարապետների պալատ: Հիշեցնենք, որ պալատը լիազորված է լինելու արտոնագիր տալ ճարտարապետներին, ինչպես նաև զրկել նրանց այդ արտոնագրերից:

Բացի արտոնագիր տալու և արտոնագրից զրկելու լիազորություններից, պալատը մշակելու է նաև ճարտարապետների մասնագիտական էթիկայի և վարվեցողության կանոնները, հսկելու է, որ անդամներն այդ կանոնները պահպանեն, ներկայացնելու և պաշտպանելու է իր անդամների իրավունքները թե՛ պետության, թե՛ մասնավորի հետ փոխհարաբերություններում:

168.am-ի հետ զրույցում Լ. Վարդանյանն ասաց, որ ուրախ է, որ այդ պալատը կիրականանա, և իրենց մասնագիտական դաշտում պարզություն, կոնկրետություն, ֆունկցիաների ճիշտ բաշխում կլինի, «ամեն ինչ կընկնի իր տեղը»:

«Մինչև այսօր այսպիսի կառույց չկար, որ այդ հարցերը կարգավորեր: Ամբողջ աշխարհում այդ պալատները գոյություն ունեն, մենք Ամերիկա չենք հորինում, Ճարտարապետների միությունն ինքը՝ լինելով հասարակական կազմակերպություն,  որևէ բան անել չէր կարող, և, ճիշտն ասած, չէին էլ ուզում անել, այս պալատը ստեղծվել է, որ կկարգավորի այն բացը, որ մենք ունենք մեր մասնագիտության մեջ»:

Մենք Լ. Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ինքը նախագծին ծանո՞թ է և ի՞նչ կարող է ասել դրա մասին՝ հաշվի առնելով, որ որոշ ճարտարապետներ անորոշություններ են տեսնում՝ կապված պալատի՝ արտոնագրեր տալու լիազորության հետ: Ի պատասխան՝ ճարտարապետն ասաց. «Որ ասում եք՝ որոշ մարդիկ կան, այդ որոշ մարդիկ մի հատ թող գան, տեսնենք՝ ովքեր են, որովհետև արտոնագրերն այսօր են խնդիր: Այսօր արտոնագիր ստանում է ցանկացած մարդ, համալսարանն ավարտեց, դեղնակտուցը, որն իրավունք չունի նույնիսկ նախագիծ անելու, անմիջապես արտոնագիր է  վերցնում: Այսինքն՝ մենք այդ վիճակից ենք ուզում դուրս գալ, ինչպես ամբողջ աշխարհում է, որովհետև ճարտարապետությունը կարևոր մասնագիտություն է, իսկ այսօր բարձիթողի վիճակ էր»:

Մեր ճշտող հարցին, թե՝ այդ նախագծում Դուք որևէ բաց, խնդիր չե՞ք տեսնում, Լ. Վարդանյանն այսպես պատասխանեց. «Հիմնականում՝ չէ, ես չեմ տեսնում: Եթե մարդիկ կան, որ տեսնում են, համագումար պետք է լինի, դա անընդհատ քննարկումների է ենթարկվել, եթե կարծիք ունեին, ժամանակին կարող էին այդ կարծիքները հայտնել, սպասում են, երբ արդեն դա ռեալ կարող է իրականանալ, նոր սկսում են անհանգստանալ: Լիքը մարդ կա, որ ոչինչ չի անում, բայց խոսելու առիթ կա, թեմա կա երևալու, սկսում են խոսել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս