«Թուրքիայի կողմից C-400 հրթիռային համակարգերի գնման խնդիրը շատ լուրջ է». Էմմանուել Դյուպուի

Հարցազրույց Եվրոպայի հեռանկարների և  անվտանգության ինստիտուտի նախագահ Էմմանուել Դյուպուիի հետ

– Պարոն Դյուպուի, Անկարայում Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ քննարկվեցին երկկողմ հարաբերությունները և 2 հարց՝ քրդական և սիրիական, իսկ հայ-թուրքական հարաբերությունների քննարկման մասին պաշտոնական տեղեկատվություն չեղավ։ Նշվեց, որ Ռուսաստանը Թուրքիայից կանխավճար է ստացել C-400 հրթիռային համակարգերի համար։ Ձեր կարծիքով՝ ներկայումս ինչպիսի՞ն են ռուս-թուրքական հարաբերությունները, և մտավախություն չկա՞, որ C-400-ը կփոխանցվի Ադրբեջանին կամ կտեղակայվի հայ-թուրքական սահմանին։

– Նախ, պետք է նշենք, որ Վլադիմիր Պուտինը փորձում է լրացնել Միջին Արևելքում այն վակուումը, որ Դոնալդ Թրամփը չի ցանկանում, կամ էլ չի արժևորում: Թվում է, թե ռուսական նախագահը մի նոր «շեյխ» է դարձել, որը հաստատում է այն փաստը, որ յուրաքանչյուրը նրան ընդունում է՝ որպես «խաղաղության կերտող» և «անվտանգության կնքահայր» Հարավային Կովկասում, ինչպես նաև՝ MENA տարածաշրջանում (Լիբանան, Սիրիա, Իրաք և, հետևաբար, սեպտեմբերի 25-ի հանրաքվեից հետո, որ ենթադրում է անկախության գործընթացի նախապատրաստում Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության նախագահ Մասուդ Բարզանիի գլխավորությամբ, քրդական հարցի հանդեպ):

Մերձավոր Արևելքում Մոսկվայի այս նոր դիվանագիտական ռազմավարության ամենաակնառու օրինակը Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև 3 մլրդ դոլար արժողությամբ գործարքն է, որ տեղի ունեցավ վերջերս սաուդյան թագավոր Սալմանի Մոսկվա կատարած պատմական այցի ժամանակ: Սա հաստատում է այս նոր աշխարհաքաղաքական և տեղական իրողությունը:

Երկրորդ` չնայած 2015թ. սիրիական սահմանին թուրք զինվորականների կողմից ռուսական

SU-24M ինքնաթիռի խոցելու փաստին, Պուտին-Էրդողան հարաբերությունները, կարծես, բավականին լավն են: Նրանց վերջին հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Սիրիայում իրավիճակի կայունացումը, քանի որ նրանք երկուսն էլ մասնակցում են Աստանայում Իրանի հետ սկսված խաղաղ գործընթացին` հակամարտության կարգավորման նպատակով: Այդպիսով, Թուրքիայի կողմից C-400 հրթիռային համակարգերի գնման խնդիրը շատ լուրջ է, քանի որ դա հակադրվում է ՆԱՏՕ-ին: Անկարան այդ կերպ ազդակ է հղում, որ չի ցանկանում համագործակցել ԵՄ անդամ պետությունների հետ իրաքաքրդական օրակարգի շրջանակներում:

Ավելին, նախագահ Էրդողանը ցանկանում է խաղալ սեփական խաղը, երբ խոսքը վերաբերում է Սիրիայում իր դաշնակիցներին և վստահված անձանց (թուրքմեններ, ինչպես նաև այլ զինված ապստամբներ, որոնք դեռևս պայքարում են Ասադի ռեժիմի դեմ): Գրեթե փաստագրված է, որ 2015թ. սկզբից քրդական զինյալների հետ միասին ԻԼԻՊ-ի դեմ պայքարում ներգրավված են թուրքական 150 հատուկ ուժեր և 20 զինված տրանսպորտային միջոցներ: Այդ իսկ պատճառով C-400 հրթիռային համակարգերը ցանկացած պարագայում չեն օգտագործվի այլ վայրերում, որտեղ որ դրանք պետք է կիրառվեին, բացի թուրք-սիրիական և թուրք-իրաքյան սահմաններից:

Այս փուլում այդ համակարգերը չեն տեղակայվի հայ-թուրքական սահմանին: Այնուամենայնիվ, որևէ սպառնալիք չկա այդ C-400 համակարգերից, քանի որ Հայաստանում են գտնվում բալիստիկ համակարգ Իսկանդեր M-ը և Իսկանդեր E-ն (հաշվի առնելով Հայաստանում հրթիռային համակարգը տեղակայող ռուսական զորքերի հաստատումը), ինչը կարող է հակազդել թուրքական համակարգերին:

– Ձեր կարծիքով` Թուրքիան կպատասխանի՞ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների համար սահմանված վերջնաժամկետին և, հնարավո՞ր է, որ այդ հարցը քննարկվել է Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ: ՄԱԿ ԳԱ-ում Սերժ Սարգսյանը խոսել է նաև ԼՂ խնդրի կարգավորման մասին, իսկ Իլհամ Ալիևը փորձեց արդարացնել «պատերազմելու իր իրավունքը», նաև խոստովանեց, որ տարածքների վերադարձման հարց միջազգային օրակարգում չկա: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:

– Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 72-րդ նստաշրջանում ՀՀ նախագահն իր ելույթը, ըստ էության, կենտրոնացրել էր ոչ միայն Երևանի և Անկարայի մշուշոտ հարաբերությունների վրա, այլև, ակնհայտ է, Ղարաբաղյան խնդրի վրա: Հայաստանի նախագահի բարդ հարաբերությունները թուրք և ադրբեջանցի իր գործընկերների հետ քննարկվել է ոչ միայն Նյու Յորքում, այլ նաև հոկտեմբերի 11-ին Սոչիում ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ: Սերժ Սարգսյանը պնդեց, որ պատասխանատվության բեռը միայն Իլհամ Ալիևի վրա է: ՄԱԿ-ին անդամակցող 193 պետություններից շատերը համաձայն են, որ որևէ ռազմական լուծում ընդունելի չէ 25-ամյա հակամարտության համար: Ակնհայտ է, որ շատ բարդ քաղաքական ներգրավվածություն է անհրաժեշտ ոչ միայն պատերազմում հաղթանակի, այլև խաղաղության ձեռքբերման համար:

Սառեցվածից մինչև թեժացող հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարծես թե միջազգային հանրության մտքում այնքան էլ երկար չէ: 1992թ. սկսված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացն այլևս տեղին չի թվում, քանի որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ֆրանսիան հակված են համարելու, որ այդ ձևաչափը չի աշխատում, երբ փորձում է կանխել բախումները, ինչպես, օրինակ, 2016թ. ապրիլի 2-5-ը տեղի ունեցած պատերազմի ժամանակ:

Մի շարք պետություններ, այդ թվում` այնպիսի հարևան երկրներ, ինչպիսիք են Իրանը, Իրաքը, Թուրքիան և Վրաստանը, կարծում են, որ ապակենտրոնացնող տարածքային պահանջների հարցը չպետք է ծանրաբեռնի տարածաշրջանային օրակարգը, որովհետև Սիրիայի և Իրաքի սահմաններից դուրս եկող ԻԼԻՊ-ի և հայրենիք վերադարձող օտարերկրացի զինյալների սպառնալիքը համընդհանուր մտահոգության առարկա են դարձել: Այդ պատճառով որևէ այլ օրակարգ երկրորդային է, որովհետև ահաբեկչության դեմ գլոբալ պայքարը նոր մարտահրավեր է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի (հիմնականում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի) դիվանագիտական ջանքերի համար: Անգամ Ռուսաստանը կարծես այդքան էլ հաճույքով չի աջակցում 2008թ. Վրաստանից օկուպացված Հարավային Օսիայի և Աբխազիայի կոշտ գծին, նաև հաշվի առնելով, որ 2014-ից ի վեր ուկրաինական խնդիրը զգալիորեն թուլացրել է իր դիվանագիտական դիրքերը:

Ի վերջո, պետք է նաև հաշվի առնել, որ Քուրդիստանում և Կատալոնիայում հանրաքվեները, անխոս, գրավել են միջազգային հանրության ուշադրությունը (ՄԱԿ-ն առաջարկել է իր միջնորդությունը Քուրդիստանի հարցում, իսկ ԵՄ-ն` չեզոք մասնակցություն Կատալոնիայի ինքնավարության, ինքնորոշման և անկախության հարցում), և ամենայն հավանականությամբ, առաջին պլանում է լինելու վստահության ամրապնդման տարածաշրջանային մեխանիզմների խնդիրը:

Այսինքն, իմ կարծիքով, մեծ անհրաժեշտություն կա թարմացնելու դիվանագիտական և անվտանգության օրակարգը, որը թույլ կտար բոլոր պետություններին մասնակցել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում, այսինքն` Հայաստան և Ադրբեջան` հավելած «ռազմավարական» հարևաններ, օրինակ` Ռուսաստան, Իրան և Թուրքիա, և միջազգային «ուղղորդողներ», ինչպես Եվրոպական միությունը, ԱՄՆ-ը, որին ես կավելացնեի Չինաստանին, որը գուցե կարող է նոր մոտեցում առաջարկել` ելնելով իր «Մետաքսե ուղի» և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծերից:

Մտքերի այս նոր ձևաչափը կարելի է և պետք է համեմատել P5+1 ձևաչափի հետ (ՄԱԿ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներ+Գերմանիան և ԵՄ-ն), որը կհանգեցնի համընդհանուր գործողությունների ծրագրի, նաև Իրանի միջուկային խնդրով 2015թ. Վիեննայի համաձայնագրի հետ:

– Միջազգային նոր քաղաքաիրավական սկանդալ է զարգանում Բաքվի դեմ: Իսրայելը հետաքննում է անօդաչու սարքերի հայտնի պատմությունը, ԵԽ-ում բացահայտումներ են լինում «խավիարային դիվանագիտությունը» սպասարկած պատգամավորների հարցով, ԵԽ ԽՎ-ում շրջանառվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանման նախաձեռնություն, Բուլղարիայում բացահայտել են Ադրբեջանի ռազմատեխնիկական կապն ԻԼԻՊ-ի հետ: Իսկ վերջերս ԱՄՆ Սենատ է ներկայացվել Ադրբեջանի դեմ Մագնիտսկու ակտի կիրառման մասին բանաձև: Ձեր կարծիքով` Ադրբեջանը մոտեցել է արտաքսված պետության կարգավիճակի՞ն:

– Մագնիտսկու ակտը, որ հայտնի է նաև՝ որպես «Օրենքի իրավունքի հաշվետվողականության մասին ակտ», առաջնային է ասել, որ այն 2 կուսակցությունների կողմից ընդունվեց ՌԴ պաշտոնյաներին պատժելու համար, հիմնականում նրանց, որոնք մեղավոր են համարվում 2009թ. ռուս հարկային հաշվապահ Սերգեյ Մագնիտսկու մահվան համար: Ճիշտ է, որոշ հանրապետական սենատորներ ներկայումս պատրաստ են այն տարածել Ադրբեջանի վրա` հենվելով «Washington Post» և «USA today» թերթերում տեղեկատվական արտահոսքի վրա, որոնք վերջին ամիսներին ստացել էին «Խավիարային դիվանագիտություն» գլխագրերը: Սակայն այդ մեղադրանքները պետք է ամբողջովին ընկալելի լինեն դիվանագիտական կողմնորոշման առումով: Ռուսաստանի կոռուպցիոն սովորույթների վրա ուշադրության սևեռման պատճառով ռուս-ամերիկյան հարաբերությունները կայունությունից թևակոխել են դեպի հակամարտության փուլ:

ԱՊՀ որևէ այլ պետության, օրինակ` Ադրբեջանի վրա ուշադրություն կենտրոնացնելը ոչ մի դեպքում չի կարող համարվել ակտուալ, ամեն դեպքում` Մագնիտսկու ակտի առումով, քանի որ այն չի քվեարկվել տվյալ նպատակի համար:

– Միչիգանը ԱՄՆ 8-րդ նահանգն է, որ ճանաչեց Արցախի անկախությունը: Ինչի՞ կարող է հանգեցնել ճանաչման այս գործընթացը, դա ինչպե՞ս կանդրադառնա Ղարաբաղի շուրջ քաղաքական գործընթացների վրա:

– Ես հակված չեմ հավատալու, որ պետք է հաշվի առնել ճանաչումը ոչ պետական սուբյեկտների կողմից, դա ճիշտ չէ: Այնուամենայնիվ, անկեղծությունը պետք է առաջնահերթ լինի: Ուստի, երբ Միչիգանի Սենատն անում է նման հայտարարություն, թույլ տվեք չմոռանալ, որ դրան զուգահեռ՝ 20 այլ ամերիկյան նահանգներ ընթացել են բոլորովին այլ ուղղությամբ` դիտարկելով 1992թ. ՄԱԿ-ի 822/853/874 և 884 բանաձևերը, որ վերաբերում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, այդ թվում` Ղարաբաղի ճանաչումը:

– Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Քուրդիստանում անցկացված հանրաքվեն, իսկ պաշտոնական Երևանը ձեռնպահ է մնացել: Ի՞նչ կարող է փոխվել Քուրդիստանի անկախությունից հետո տարածաշրջանում:

– Առաջին հերթին մենք պետք է սպասենք և տեսնենք` արդյո՞ք հանրաքվեի այս ողջ գործընթացը կհանգեցնի Իրաքի Քրդստանի անկախությանը, թե՞ ոչ: Եթե ընտրողները խորապես այդ հեռանկարի կողմնակիցներն են, դեռ պարզ չէ՝ արդյո՞ք նախագահ Բարզանին կհռչակի անկախություն, կամ ամենաքիչը՝ ոչ անմիջապես: Այնուամենայնիվ, ինչպես քաղաքական, այնպես էլ ընտրական օրակարգը մոտենում է այնպես, ինչպես նախագահական ընտրությունները, որոնք չեն անցկացվել սկսած 2013 թվականից, ուստի պետք է կայանան հաջորդ տարի:

Երբ խոսքը տարածաշրջանային, տարածքային կամ ավելի լայն ինքնիշխանության ու անկախության պահանջների վրա այս իրադարձության ազդեցությանն է վերաբերում, պետք է զգույշ լինել: Անձնապես չեմ հավատում, որ Քրդստանի օրինակը կանդրադառնա Ղարաբաղյան խնդրի վրա:

Առաջին՝ չասենք՝ գլխավոր պատճառը, դրա համար գլոբալ օրակարգն է, որը, երբ խոսք է գնում փոքրամասնությունների քաղաքականության մասին, միտում ունի շեշտը դնել փոխզիջման և համագործակցային դիվանագիտության վրա, որոնք ուղղորդում են տարածքային պահանջների դուրսմղմանը՝ ավելի լայն ինքնիշխանության և խորը ապակենտրոնացման փոխարեն, սա ավելի տեղին է: Սրա փորձը կա Եվրոպայում, նախորդ դարավերջին՝ Ֆինլանդիայում, Ավստրիայում, և ներկայումս կայունացման լուծում է ահաբեկչության և ապստամբության մեջ խորասուզված երկրների համար, օրինակ` Մալիի հյուսիսային հատվածը: Ես հավատում եմ, որ այն, ինչը հնարավոր է եղել երկրագնդի ցանկացած տեղում, հնարավոր է Հարավային Կովկասում ևս:

Տեսանյութեր

Լրահոս