«Ղարաբաղյան բանակցությունների հետընթացը վտանգավոր է». Նիկոլաս Հայոս
«Ժնևում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում հետընթաց գրանցվեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր, շվեյցարացի վերլուծաբան Նիկոլաս Հայոսը՝ անդրադառնալով Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում նախօրեին կայացան Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Հանդիպումից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի առաջմղման հնարավորությունները: Բանակցությունների արդյունքում նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու և հավելյալ քայլեր կատարելու՝ շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով:
Նիկոլաս Հայոսն ասաց, որ հանդիպման փաստն ինքնին ոգևորող հանգամանք է նման զինված հակամարտությունների դեպքում: Ըստ նրա՝ սա ապրիլյան պատերազմից հետո նախագահների երրորդ հանդիպումն է, որը միանշանակորեն մի փոքր կմեղմի իրավիճակը շփման գծում: Սակայն, նրա համոզմամբ՝ բանակցային գործընթացում ոչ միայն առաջընթաց, այլև հետընթաց նկատվեց, ինչը վտանգավոր է շփման գծի ապագայի համար:
«Ապրիլյան պատերազմից հետո միջնորդներին հաջողվել էր հակամարտող կողմերի հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների գալ, վերահսկողական մեխանիզմներ ներդնել ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Սակայն, չգիտես, թե ինչ կերպ, այդ պայմանավորվածություններն անակնկալ կերպով դուրս եկան ԵԱՀԿ ՄԽ-ի բառապաշարից, թեև ՀՀ նախագահը պնդեց, որ այդ պայմանավորվածություններն օրակարգում են հանդիպումից առաջ, սակայն հանդիպումից հետո պարզ դարձավ, որ այդ մեխանիզմների ներդրումից կարծես Հայաստանը ևս հրաժարվում է՝ դրանում ապագա չտեսնելով, քանի որ ՀՀ նախագահը խոսում է հակամարտության ոչ այնքան պարզ լուծման մասին:
Չի բացառվում, որ դրանում ապագա չեն տեսնում հենց իրենք՝ համանախագահները, կամ ապագա չի տեսնում հենց այս պայմանավորվածությունների նախաձեռնող ամերիկյան կողմը:
Չէ՞ որ վիեննական և պետերբուրգյան հանդիպումներից հետո ԱՄՆ-ում վարչակազմ է փոխվել, այդ վարչակազմը Ղարաբաղի հարցում դեռևս չի կողմնորոշվել, ինչպես երևում է. Թրամփը ցանկանում է ավելի «հանգիստ» արտաքին քաղաքականություն, սակայն ԼՂ հակամարտությունն ամերիկյան ներգրավվածության առանցքային օջախներից է եղել Հարավային Կովկասում վերջին երկու տասնամյակի ընթացքում: Ուստի բավականին բարդ է դարձել այս հարցում նոր դիրքորոշում որդեգրելը:
Ամենայն հավանականությամբ, Թրամփը չի փոխի ամերիկյան քաղաքականությունն այս հարցում»,- ասաց Հայոսը:
Անդրադառնալով Ղարաբաղում ռուսական շահերին՝ փորձագետն ասաց, որ Ռուսաստանը հետաքրքրված է ներկայիս փակուղու պահպանմամբ, քանի որ այն չի տանում լուծման, բայց և չի տանում դեպի պատերազմ:
«Պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանն այն կկարողանա զսպել, ինչպես դա արեց 2016թ. բռնկված գործողությունների դեպքում: Այդ գործողությունների հետքերը դեռևս իրենց մասին զգացնել են տալիս, և Ռուսաստանը վստահ է, որ գործընթացը հեռու է կարգավորումից, ուստի հեշտությամբ զբաղվում է տարածաշրջանային և ներքին այլ խնդիրներով»,- ասաց վերլուծաբանը:
Նա նշեց, որ ուրախ կլիներ, եթե ժնևյան հանդիպումն անակնկալ դրական ելք ունենար, քանի որ հանդիպումը տեղի էր ունենում Շվեյցարիայում, սակայն ՄԱԿ-ը, այլ միջազգային կառույցները, բացի աջակցելուց, այլ գործառույթներ չեն կարող իրականացնել՝ պարտադրելով կողմերին լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել: «Ամենայն հավանականությամբ, նախագահների դիրքորոշումներն այնքան կտրուկ են, որ համանախագահներն այս հանդիպումը և այն, որ նախագահները սահմանին իրավիճակի մեղմման պայմանավորվածություն են ձեռք բերել, կառուցողական են որակում: Իհարկե, միջնորդները մեծ անելիք ունեն, որպեսզի այդ դիրքորոշումները փոքր-ինչ փոփոխվեն»,- նկատեց Նիկոլաս Հայոսը: