Գյուղացիները գրավադրած տներն ու հողամասերը կորցնելու վտանգի տակ են. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կարկուտի պատճառով Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի բնակչության 80%-ը վարկերի բեռի տակ է մնացել: Բերքը տուժել է, գյուղացին շահույթ չի ստացել: Այգեշատցի Արմեն Մուրադյանը 5000 մետր կաղամբի ցանքատարածություն է կորցրել:
«Կաղամբ ունեի, սաղ կարկուտը փչացրեց, սաղ նեխել էր: Մի քիչ էլ սերմի մեջ խաբվեցինք»,- թերթի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց հողի մշակը:
Այգեշատի բնակիչը 5000 մետր կաղամբ մշակելու համար 200000 դրամից ավելի գումար է ներդրել, սակայն նրան հաջողվել է դաշտից տուն հասցնել միայն 200 կիլոգրամ կաղամբ:
«Սերմին 90000 դրամ գումար եմ տվել: 60000 դրամ էլ տրակտորիստներին ենք փող տվել ու լիքը մանր-մունր այլ ծախսեր, բայց ոչ մի կոպեկ չեմ ստացել»,– հաշվարկեց Արմեն Մուրադյանը:
Նախորդ տարվա վերցրած վարկն Արմեն Մուրադյանն արդեն երկրորդ տարին չի կարողանում փակել: Երկու տարի անընդմեջ Այգեշատը տուժում է կարկուտից:
«9000 դոլար վարկ ունեմ ու ժամկետանցի տակ եմ հայտնվել: Բանկերը մի քիչ աջակցեցին, ասացին՝ տոկոսները տուր, իսկ մայր գումարի վճարման ժամկետն էլ հետաձգեցին, բայց տոկոսներն անգամ չեմ կարող վճարել»,- սրտնեղեց Այգեշատի բնակիչը:
Միայն նա չէ այս վիճակում: Այգեշատցիների վարկառուների 80%–ը բանկերի «սեւ» ցուցակում է հայտնվել:
Պատկերը նույնն է գյուղատնտեսությամբ զբաղվող Արմավիրի մարզի բոլոր համայնքներում: Դաշտ համայնքում վարկառուներին 3 մասի են բաժանում՝ «սեւ» ցուցակում հայտնվածներ, կրկնակի պարքատերեր եւ գրավադրած իրերը կորցնելու վտանգի առաջ կանգնածներ:
«Ամբողջ բնակավայրը կարկտահարվեց, մարդիկ այդքան ներդրած գումարները կորցրեցին ու աղետալի վիճակում հայտնվեցին»,– ասաց Դաշտի բնակիչ Հրանտ Պետրոսյանը:
Տեղացիների խոսքով՝ գյուղտարին անհաջող էր: Առանց եկամտի միջոցի հայտնված գյուղացիները չգիտեն` ինչպե՞ս են պարտքերը վճարելու:
«Սենց մի խոսք կա, ասում է` ով վարկ չունի, նա գերեզմանոցում է: Սաղ ստեղ վարկերի տակ են: Գյուղացին հազիվ կարողանում է հասցնի մի բանկից պարտք վերցնի, մյուս բանկի պարտքը փակի»,- պատմեց նա:
Մրգաստանի բնակիչների հետ էլ խոսել չի լինում: Բոլորը զայրացած են ու մտազբաղ: Ամեն օր նրանց տան դռները բանկի աշխատողներն են թակում՝ վարկերը մարելու ժամանակն է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: