
Սխալ հասկանալու հետևանքները, կամ երբ փոթորիկն այդպես էլ չի գալիս. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ մայրաքաղաքի որոշ դպրոցների եւ բուհերի սաներ մի քանի ժամ դասերին ներկա գտնվելուց հետո ուղարկվեցին տներ: Պատճառը՝ սպասվող քամին էր, որն, ըստ էության, բնավ Երեւանի համար չէր կանխատեսվել: Այսպես, հոկտեմբերի 15-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` երեկ օրվա երկրորդ կեսին սպասվում էր քամու ուժգնացում, եւ հնարավոր էր ծառերի կոտրվելու եւ տանիքների վնասման վտանգ, մասնավորապես Լոռու, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում:
Սակայն ինչպես «Փաստին» հայտնեցին երեւանաբնակ աշակերտների ու ուսանողների ծնողներ, իրենց երեխաներին դպրոցներից տուն են ուղարկել՝ նշելով, թե Երեւանում մեծ փոթորիկ է սպասվում: Հասկանում եք, մարդկանց առանց որեւէ հիմնավոր պատճառի ասում են, թե փոթորիկ է լինելու: Փոթորիկ, որն իրականում պարզապես ուժեղ քամի, անձրեւ ու ամպրոպ պիտի լիներ:
Կրթության եւ գիտության նախարարությունը նման ահազանգերից ու լրագրողների զանգերից հետո իր կայքում հաղորդագրություն տարածեց, որով զգուշացնում էր հանրապետության ուսումնական հաստատությունների բոլոր ղեկավարներին` այդ մասին իրազեկել ծնողներին եւ շահառուներին` պահպանել նման իրավիճակների համար նախատեսված անվտանգության համապատասխան կանոնները` բացառելով տվյալ ժամանակահատվածում երեխաների դրսում գտնվելու հանգամանքը:
Արդյունքում, դպրոցների տնօրինությունները որոշել են երեխաներին տուն ուղարկել՝ բաց թողած ժամերը հետագայում լրացնելու վստահեցմամբ: Ասել է թե՝ պահը լավագույնս օգտագործել են: Ի՞նչ կա ավելի լավ, քան թե «ահագնացող» փոթորիկի պատճառով աշխատանքից խուսափելը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: