«Սպասման հիվանդ դարձրեց բոլորիս, ամբողջ կյանքում սպասելու ենք, որ գա…». Արցախում զոհված Տիգրանն Աբգարյանն այսօր կդառնար 21 տարեկան

Հոկտեմբերի 14-ն Արցախում հերոսաբար զոհված գյումրեցի Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է։ Տիգրանն այսօր կդառնար 21 տարեկան։ Գյումրեցի Տիգրան Աբգարյանը Ջեբրաիլի հատվածում պայքար էր մղել թշնամու 8 տանկերի դեմ՝ խոցելով 3-ը, և նահատակվել: Տիգրանը շատ է սիրել իր ծննդյան օրը և ամեն տարի պարտադիր նշել է այն։ Այսօր էլ հարազատները մեծ շուքով են նշում իրենց հերոսի ծննդյան տոնը, և ավանդույթի համաձայն՝ նրա սիրելի ընկուզենին «թափ տալիս»։

168.am-ի հետ զրույցում Տիգրանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանը, ասաց, որ ամեն տարի իր ծննդյան օրը Տիգրանն առաջինը իր ընկուզենին է «թափ տվել»։ Ժորան պատմեց, որ փոքր ժամանակ Տիգրանը միշտ պապին հարցրել է, թե երբ պետք է ընկուզենին «թափ տան», պապն էլ պատասխանել է, թե նրա ծննդյան օրը։ «Նա այդպես մեծացել էր՝ իմանալով, որ ամեն տարի իր ծննդյան օրը պոպոք թափ տալու օրն է։ Ամեն տարի նույն օրն առավոտյան 8։30 րոպեին՝ իր ծնված ժամին, նա պոպոքի ծառն էր թափ տալիս»։

Ժորայի խոսքով՝ Տիգրանը միշտ ընկերների հետ է անցկացրել ծննդյան տոնը. «Ամեն տարի նշում էր ու այնպես էր կազմակերպում, որ ամեն տարի իր ծննդյան տոնը տարբերվեր նախորդից»։

Կարդացեք նաև

Ժորա Աբգարյանը եղբորը ժպիտով է հիշում, քանի որ Տիգրանը միշտ բողոքել է եղբոր լուրջ դեմքից: Տիգրանը չի սիրել նաև, երբ շուրջը լուռ է եղել. նա իր ներկայությամբ բոլորին ժպիտ ու ուրախություն է պարգևել: Հարազատները հիշում են՝ երբ Տիգրանը գալիս էր տուն, բակից արդեն նրա ձայնը լսվում էր, ու այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե մի քանի հոգի է տուն մտնում:

Տիգրանի հայրը՝ Արամ Աբգարյանը, պատմեց, որ որդին մինչև երեք տարեկան հասակը չի խոսել, հետո սկսել է քիչ-քիչ խոսել. «Դպրոցական վերջին տարիներին բացվեց, ու այդքան տարիներին որ չէր խոսել, սկսեց արագ-արագ խոսել, որ հասցներ, ու հասցրեց…»:

Մայրը՝ Գոհար Աբգարյանը, վառ դրվագներ է հիշում որդու մանկությունից. «Ձմեռ էր, առատ ձյուն էր եկել, Տիգրանս փոքր էր, ամբողջ փողոցի ձյունը հավաքեց, բերեց-լցրեց մեր բակը, հետո ասացի՝ էս ի՞նչ ես անում, ասաց՝ դու չգիտես: Փոքր բահ ուներ, ձյան մեջ փորեց, անցում բացեց ու պառկեց մեջը: Չէր մրսում ընդհանրապես: Խաղող քամելու ժամանակ մտնում-լողանում էր, ոտքերը մաքուր լվանում ու մտնում էր խաղող ճմռելու: Շատ համեղ գինի էր ստացվում»:

Հարազատները Տիգրանի մասին պատմում էին այնպես, ասես հերոսը դեռ ծառայության մեջ է ու շուտով վերադառնալու է: «Սպասման հիվանդ դարձրեց բոլորիս, որովհետև ամբողջ կյանքում սպասելու ենք, որ գա…»,- ասում էին Տիգրանի հարազատները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս