Բաժիններ՝

Իրանի հետ գործարքից Թրամփի դուրս գալը կուժեղացնի ՌԴ-ի և ՉԺՀ-ի դիրքերը. փորձագետ

Իրանը կատարում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), իսկ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից դա գիտակցել չցանկանալը հղի է Եվրոպայի հետ ԱՄՆ-ի դաշինքի թուլացմամբ եւ Թեհրանի, Մոսկվայի եւ Պեկինի դիրքերի ուժեղացմամբ:

Այս կարծիքը հայտնել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ քաղաքական գործերով նախկին տեղակալ Ուենդի Շերմանը The New York Times թերթում հրապարակված իր հեղինակային հոդվածում։

«Ճշմարտությունն այն է, որ միջուկային գործարքն աշխատում է՝ Իրանին հետ պահելով միջուկային զենք ստանալուց, ուստի համապատասխանում է Ամերիկայի ազգային շահերին: Նախագահի կողմից դա գիտակցել չցանկանալը հեռու գնացող հետեւանքներ կունենա»,-նախազգուշացրել է Շերմանը:

«Նախեւառաջ համաձայնագրից դուրս գալու հնարավոր որոշումը կխախտի վստահությունն Ամերիկայի նկատմամբ եւ կմեկուսացնի մեր երկիրը»,-ասել է նա: «Դա սեպ կխրի Միացյալ Նաահանգների ու Եվրոպայի միջեւ՝ թուլացնելով անդրատլանտյան գործընկերությունը, եւ կուժեղացնի Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի ազդեցությունը»,- հավելել է Շերմանը:

Ավելի վաղ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման օգտին հանդես է եկել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը:

«Իրանի կապակցությամբ հարկավոր է հիշել ԳՀՀԾ-ն, որն այժմ ակտիվորեն քննադատվում է ԱՄՆ-ի կողմից»,-ասել է նա՝ հոկտեմբերի 9-ին ելույթ ունենալով միջուկային աղետների կանխմանը նվիրված Լյուքսեմբուրգի միջազգային համաժողովի 10-րդ հոբելյանական խորհրդաժողովում: «Կարելի է վիճել բուն գործարքի եւ նրա առանձին դրույթների իմաստնության շուրջ, բայց այն իրականացվում է, դրանում նախատեսված է ստուգումների գործընթաց, իսկ դա նշանակում է, որ Իրանի միջուկային ծրագրի զարգացումը կարող է կասեցվել,-նշել է Բլերը:-Նշանակում է, անհրաժեշտ է պահպանել այդ գործարքը»:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս