Վաղ տարիքից ձևավորվող վատ սովորություններ

Երբ խոսում ենք երեխաների վատ սովորությունների մասին, նկատի ենք ունենում վարքային կախվածությունները, որոնք ձևավորվում են երեխայի դեռ վաղ զարգացման փուլերում:  Դրանք հիմնականում դրսևորվում են՝ մատը բերանում քնելով կամ ծծելով, եղունգների կրծելով, և այլն: Սակայն խնդիրը շատ ավեի լայն է:

Վատ սովորությունը բացասական հակում է, որն աստիճանաբար վերածվում է պահանջմունքի՝ արտահայտվելով գործողություններում, հետագայում՝ նաև վերածվելով բնավորության: Նման դիտարկմամբ վատ սովորությունների շարքին կարելի է դասել նաև մազերի, դեմքի մասերի ագրեսիվ քաշելը, հատակին նստած քայլելը, աթոռին կանգնել և այն թափահարելը, շատ բարձր խոսելը, ակտիվ ժեստիկուլյացիան, և այլն:

Սովորությունները կրում են դաստիարակության արդյունքի կամ իրավիճակային ձևավորման բնույթ: Նույն կերպ կարող են ի հայտ գալ դրական սովորությունները, որոնք երեխային վերածում են առավել կազմակերպված, նորմերին համապատասխան մարդուկի, ով ամեն ինչ անում է կատարյալ և արժանի է ընդօրինակման:

Սակայն այս՝ թե՛ դրական, թե՛ բացասական գնահատականները  տալիս են ծնողները և շրջապատի այլ մեծահասակները, և շատ հավանական է, որ այդ դրական, ծնողի սպասելիքներին համապատասախան կատարվող վարքի հիմքում լինի այնպիսի հոգեբանական խնդիր, որը քողարկված կա նաև վատ սովորությունների դրսևորման մեջ: Այնուամենայնիվ, մենք կդիտարկենք այն հիմնական խնդիրները, որոնք ծնողներին անհարմարություն են պատճառում և ուղղորդում են մասնագետի մոտ:

Երբ երեխան անընդհատ բերանն է տանում մատը, ինչ-որ առարկաներ, և ծծում է դրանք, եթե երեխան քնելու ընթացքում գլուխն այս ու այն կողմ է շարժում, կամ երազում գլուխը հարվածում է բարձին, կրծում եղունգները և այլ դրսևորումներ է ունենում, ապա նա ունի մեծահասակի կողմից վաղ մանկությունից եկող փոխհարաբերությունների ոչ ճիշտ ձևավորում:

Ի՞նչ է դա նշանակում:

Երեխան կամ դաստիարակվել է շատ սուղ, հստակ կանոններ թելադրող միջավայրում (այնպիսի կանոններ, որոնք միայն խելամիտ են տվյալ ծնողի համար, ով մեծացում է այդ փոքրիկին և, իհարկե, ստեղծում է բավականաչապ հարմարավետություն՝ երեխային դնելով այդ կանոնների վանդակի մեջ), կամ ունի մոր հետ հուզական կապի ոչ բավականաչափ բավարարում: Ինչպես նաև նման սովորությունները կարող են առաջանալ հուզական լարված հարաբերություններով լեցուն ընտանիքներում, որտեղ անընդհատ բղավոցներ են, լարված և ոչ ներդաշնակ մթնոլորտ, և երեխան իր համար գտնում է մի գործողություն, որն ինչ-որ չափով լիցքաթափում և ապահովության զգացողություն է տալիս, քանի որ ծնողներն իրեն մղել են ուշադրության և կարևորության  սահմաններից դուրս:

Օրինակ, օրորոցում մոռացված փոքրիկը, ով չի ստանում քնքշանք, խնամք, տպավորությունների բավարար պաշար, սկսում է ապրել վախ և ձանձրույթ, որի հետևանքով առաջ են գալիս այդ ամենը մեղմացնող հատկանիշներ. մայրիկի ներկայությանը փոխարինող  մատիկը, որը ծծելով՝ նա զուգորդություն է տանում մայրական կրծքի հետ և զգում այն երևակայելի ապահովությունը, որն իրական մայրական հպման ժամանակ է առաջանում:

Մատին կարող են փոխարինել ծածկոցի կտորը, սեփական լեզուն, և այլն: Նման դրսևորումները ծնողներից շատերի կողմից ընկալվում են՝ որպես զավեշտալի երևույթներ, կամ շատ սուր արտահայտվող զայրույթի պատճառ են դառնում, որը ևս նման երևույթների առավել խորացմանն է տանում, քան հաղթահարմանը:

Սիրելի ծնողներ, նման դրսևորումները երեխաների մոտ կարող են չհաղթահարվել, և, նույնիսկ, փոխանցվել դեռահասության տարիք: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել և վաղ տարիքում նման հոգեբանական խնդիր առաջացնող երևույթը լուծել մասնագետի հետ համագործակցելով՝ մի կողմ դնելով սեփական անձի կատարելության շեշտումը:

Ցանկացած ծնող, լինելով բազմազբաղ, հնարավոր է՝ տեղի տա նման վրիպումների, սակայն առավել խելամիտ է դրան ընդառաջ գնալ, գիտակցել և ընդունել ձեր իսկ կողմից թույլ տված սխալը, շտկել այն, քան տանջել և՛ երեխային, և՛ ձեզ:

Ինչպես արդեն նշեցինք, վատ սովորությունները շատ կարող են լինել՝ ըստ իրենց դրսևորման ձևերի: Սակայն հիմքում հիմնականում նույն հոգեբանական մեխանիզմն է գործում: Դա մի աշխարհ է, որտեղ երեխան իրեն զգում է իր տիրույթում: Նման հոգեբանական իրավիճակում կարող է նաև օբյեկտային կապվածություն դրսևորվել: Ի՞նչ է դա:

Երեխան իր համար առանձնացնում է որևէ օբյեկտ, որը շատ հարազատ է դառնում, որը երբեք չի դավաճանում, ինչն ամեն պահի իր կողքին է: Դա կարող է լինել որևէ փափուկ խաղալիք, ինչը կոմպենսացնում է մայրական քնքշանքն ու փափկությունը, ինչը երեխան ստանում է նրան հպվելով, որը երեխային տալիս է ապահովության զգացում:

Կարող է լինել իր վերմակը, բարձը, որն ամեն գիշեր իրեն հպվում և տաքացնում է:

Որպես արդյունք՝ երեխայի հոգեկան աշխարհում կատարվում են լուրջ վերափոխումներ: Ըստ բնության օրենքների, երեխան հակված է անընդհատ տպավորությունների հոսք ընդունելու, որոնք ակտիվացնում են ներքին ազդակները և ապահովում երեխայի զարգացումը:

Եթե մայրը կողքին է, երեխան բավարարված է, հանգիստ և ստանում է այն ամենը, ինչ անհարժեշտ է՝ սփոփում, հանգստացում, քնքշանք, զարգացնող ստիմուլներ, և այլն:

Սակայն, հանգամանքների բերումով, ծնողը կարող է հաճախ բացակայել, իսկ փոքրիկի կյանքը շարունակվում է: Եվ ինքնապաշտպանական  ու ինքնապահպանման բնազդի շնորհիվ՝ երեխան կարծես թե վերադառնում է ներարգանդային կարգավիճակի:

Նա սփոփում և հանգստացնում է ինքն իրեն, փնտրում  տպավորություններ ստանալու իր աղբյուրները՝ աստիճանաբար դառնալով ավելի հանգիստ և ներամփոփ:

Իրականությունն այն է, որ երեխան սովորում և կապվում է իր միայնակության հետ, և հետագայում մոր ներկայությունն արդեն ոչ թե հաճելի, այլ խանգարող հանգամանքի է վերածվում:

Եթե որոշել եք ծնող դառնալ, ապա հիշեք, որ աշխարհում ոչ մի անձնային աճ, ոչ մի անձնային դրսևորում չպետք է փոխարինի երեխայի ձևավորման այն երեք տարիներին, որոնք ձեր փոքրիկի ֆունդամենտալ մարդկային հատկանիշների կայացման հիմքն ու աղբյուրն են:

Եղեք նրանց կողքին, սիրեք, ջերմացրեք, վստահություն ներշնչող հայացքով նայեք, որ այդ փոքրիկ ծաղիկը կայուն արմատներ գցի հողի մեջ և ինքնուրույն աճելու ուժ ունենա: Եվ, ամենակարևորը, մինչ քննադատելը՝ փորձեք հասկանալ երեխայի վարքը:

Տեսանյութեր

Լրահոս