«ՀՀ-ԵՄ վիզաների դյուրացման հարցում առաջընթացը կախված կլինի Հայաստանի կատարած տնային աշխատանքից». Եվրոպացի փորձագետ

«Հայաստանն ու Եվրոպական միությունը վերջապես կստորագրեն ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը Բրյուսելում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց լեհ փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ գնահատելով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի այցը Հայաստան:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ՀՀ-ում էր ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, ում այցի ընթացքում հստակեցվեց, որ կողմերը պատրաստ են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է նոյեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովի շրջանակում: Համաձայնագրի ստորագրման նախապատրաստություններին զուգահեռ՝ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել էր ՀՀ-ԵՄ երկխոսությունը վիզաների  դյուրացման հարցի շուրջ, որի վերաբերյալ Յոհաննես Հանը որևէ հստակություն չհայտնեց:

Կոնրադ Զաշտովտը կարևորեց, որ  կողմերը համաձայնագրի ստորագրման վերաբերյալ համաձայնության եկան: Ի վերջո, նրա կարծիքով, չստորագրման պատճառներ չկան, թեև անվստահություն առկա է միշտ հայ-ռուսական ռազմավարական խորը հարաբերությունների առկայության պայմաններում: «Ուշադրություն դարձրեք ԵՄ հանձնակատարի հռետորաբանությանը: Նա նշում է, որ համաձայնագրի ստորագրումն ուղենիշային գուցե դառնա ԵՏՄ մյուս անդամ երկրների համար, քանի որ այս համաձայնագրի ստորագրմամբ հարաբերությունների նոր մոդել է ստեղծվում: ԵՄ-ն, բացի սրանից, համաձայնագիրն էապես փոխեց՝ պահպանելու համար ՀՀ-ԵՄ հարաբերությունների բովանդակությունը:

Հետագա բովանդակությունը և ծավալը կախված կլինի այս համաձայնագրի կետերի իրականացումից, քանի որ համաձայնագիրը նախատեսում է ժողովրդավարական գործընթացներ, կառավարման ողջ համակարգի արդիականացում»,- ասաց Զաշտովտը՝ ակնարկելով, որ վիզաների դյուրացման բանակցություններում առաջընթացը կախված կլինի Հայաստանի կատարած տնային աշխատանքից:

Անդրադառնալով Արևելյան գործընկերության հեռանկարներին, լեհ փորձագետն ասաց, որ ԱլԳ-ն ծառայեց իր նպատակին և աշխատեց հօգուտ ԵՄ հարևանների, զարգացնելով և մոտեցնելով նրանց ԵՄ-ին, ընդլայնելով նաև ԵՄ ներկայությունն այս երկրներում, մեծացնելով նաև ԵՄ ազդեցությունը:

Զաշտովտը հիշեցրեց, որ երեք երկրների հետ ԵՄ-ն Ասոցացման համաձայնագրեր է ստորագրել, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ ինդիվիդուալ փաստաթղթեր, որոնք համապատասխանում են այդ երկրների ցանկություններին և հավակնություններին:

Նրա խոսքով, ուկրաինական ճգնաժամից հետո Եվրոպան զգույշ է վերաբերվում այս պրոյեկտին, և ԵՄ որոշ պաշտոնյաներ միայն մեծ վստահության դեպքում են հավանություն տալիս ԱլԳ երկրների հետ հարաբերությունների առաջընթացին:

Սա, հաշվի առնելով, ըստ Զաշտովտի, կարելի է մոտ ապագայում վիզաների դյուրացման ուղղությամբ քայլեր չակնկալել: Սակայն նա նաև նշեց, որ, եթե Հայաստանն ակտիվորեն իրագործի ԵՄ պահանջները, բանակցությունների մեծ թափ կառնեն:

Տեսանյութեր

Լրահոս