1 քայլ առաջ, 2 քայլ ետ

Նոյեմբերի 5-ին Հայաստանի բոլոր մարզերի թվով 49 համայնքներում քաղաքացիները՝ հերթական անգամ, իսկ Արտաշատ, Շիրակամուտ և Գորիս համայնքներում՝ արտահերթ կարգով կընտրեն տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ: Այս ընտրություններով, ըստ էության, ավարտվում է համայնքների խոշորացումը։

Հաշվի առնելով, որ քաղաքական դերակատարումը «սաղմնավորվում» է հենց համայնքներում, պետք էր ակնկալել, որ կուսակցություններն ակտիվ պայքար կտանեն այս լծակների համար։ Սակայն, ինչպես և նախորդ ընտրություններում, այս անգամ էլ ՏԻՄ ընտրությունների հանդեպ հետաքրքրությունը մեծ չէ։

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, ավարտվեց թեկնածուների առաջադրման ժամկետը։ Համայնքի ղեկավարի պաշտոնների հավակնորդների գերակշիռ մասն իշխող ուժի՝ Հանրապետական կուսակցության, ներկայացուցիչներ են, որոշ համայնքներում նրանց հետ կմրցեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ՀՅԴ անդամները։ «Ելք» դաշինքը համայնքի ղեկավարի թեկնածու չի առաջադրել։

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «168 Ժամի» հետ զրույցում  հայտարարեց, որ իրենք թեկնածուներ են առաջադրել 40-ից ավելի խոշորացված համայնքներում, ընդամենը 8 համայնքում ՀՀԿ տեղական կառույցների որոշումներ չկան, մի քանի ՀՀԿ-ական է ինքնառաջադրվել, և ազատ մրցակցություն է լինելու. «Մենք ներքին ժողովրդավարությունն ապահովել ենք և հնարավորություն ենք տալիս, որ ոչ թե Երևանում որոշվի՝ Մեղրիում կամ Ալավերդիում ով առաջադրվի, այլ հաշվի ենք առնում Ալավերդու և Մեղրիի կառույցի դիրքորոշումը»։ ՀՀԿ-ում մտավախություն չունեն, որ դրա հետևանքով «տունը կռիվ կընկնի», այսինքն՝ մրցապայքարն այլ հարթություն կտեղափոխվի։

Ըստ Է.Շարմազանովի՝ ժողովրդավարությունը նախ և առաջ՝ մրցակցություն է, իսկ մրցակցությունը պետք է լինի ոչ միայն միջկուսակցական, այլ նաև ներկուսակցական։ ՀՀԿ խոսնակի կարծիքով՝ մյուս ուժերի պասիվությունը մտահոգիչ է.

«Ընդդիմությունից միայն «Ծառուկյան» դաշինքն է ակտիվ։ Սա խոսում է ոչ թե նրա մասին, որ հետաքրքրված չեն, այլ՝ որ նրանք տեղերում ռեսուրս չունեն։ Համենայն դեպս, որտեղ ռեսուրս, ունեցել են, և՛ Գյումրիի, և՛ Վանաձորի, և՛ Երևանի ընտրությունների ժամանակ առաջադրվել էին։ Փաստորեն, այժմ հաշվարկել են, որ չունեն այդքան ռեսուրս, և չեն առաջադրվել»։ Մեր դիտարկմանը, որ Հանրապետականը բոլոր լծակներն այնպես է կառավարում, որ մրցակցության տեղ չի մնում, և դա է թևաթափ անում, Է.Շարմազանովը հակադարձեց. «Եթե այդպես լիներ, դժվար թե տարբեր կուսակցություններ խոսեին ջախջախիչ հաղթանակների մասին կամ հիանային Վանաձորի կամ Գյումրիի իրենց հաղթանակով։ Նշանակում է՝ այդ կուսակցությունների կուսակցական կառույցների ամրությունը դեռևս խնդիր է։ Իսկ ՀՀԿ-ն չպետք է գնա մարզերում իրենց համար կառույցներ ստեղծի։ Մենք դուստր ձեռնարկություններ չենք ստեղծում»։

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խմբակցությունում և ԲՀԿ-ում ՏԻՄ ընտրությունների խնդիրը կարևորված է և քննարկվել է.

«Որևիցե տեղ ՏԻՄ ընտրություններին մասնակցելը մեզ համար ինքնանպատակ չի կարող լինել, և մեզ համար առանցքային են, թե մենք ինչ հստակ ծրագրային փոփոխությունների փաթեթներ ենք առաջարկելու տեղի բնակչությանը ՏԻՄ ընտրություններին իրագործելու համար և ինչ անձերով ենք փորձում այս մրցակցությանը մասնակցել»։ Ըստ նրա՝ ընտրությունն ինքնին մրցակցություն է, իսկ իրենց թեկնածուները հասարակության կողմից «ընկալված, սիրված, հարգված և, ամենակարևորը, գործունակ մարդիկ» են. «Թե մեր ժողովուրդն ինչ վերաբերմունք կունենա քաղաքական գործընթացին, ինչ դրդապատճառներից ելնելով կգնա-կմասնակցի քվեարկությանը և իր վերջնական որոշումն ինչ ձևով կձևակերպի, ինքս ապագայի կանխատեսումներ չեմ անի, առաջիկայում կտեսնենք»։

ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը տեղեկացրեց, որ թեպետ դաշինքը որևէ համայնքի թեկնածու չի առաջադրել, սակայն մի քանի վայրում ավագանու թեկնածուներ ունի։

Ըստ նրա՝ դա ետքայլ չէ. «Մեր քաղաքական դաշտը մի քիչ բարդ է, մարդիկ շատ հաճախ վախենում են։ Օրինակ՝ նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ «Ելքը» դեռ չկար, և «Լուսավոր Հայաստանը» միայնակ էր մասնակցում, դեպքեր եղան, երբ թեկնածուն ընտրություններից մոտ 1 ամիս առաջ հրաժարվեց առաջադրվել, որովհետև կոնկրետ սպառնալիքներ էր ստացել իշխանության կամ Հարկայինի կողմից։ Մարդիկ պարզապես վախենում են այդ ռիսկին գնալ։ Մենք չենք ուզում նաև մասնակցել օլիմպիական սկզբունքով՝ ուղղակի մասնակցելու համար։

Պետք է հստակ տեղերում ունենալ ուժեղ թիմ, հզոր թեկնածու, որ մասնակցությունն իմաստ ունենա»։ Ի պատասխան մեր դիտարկմանը, որ 1 տարի առաջ դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիրը» Նոր Կյանք համայնքում դրական արդյունք ունեցավ, և խոսում էին այդ փորձը տարածելու մասին, Գ.Գորգիսյանը հիշեցրեց, որ Վանաձորում իրենց փորձն ավելի մեծ և ավելի ազդեցիկ էր, բայց հիմա Վանաձորը չկա.

«Մենք գիտակցում ենք ՏԻՄ-երի կարևորությունը և ամեն օր զբաղված ենք տարածքային կառույցներն ուժեղացնելով, նոր մարդիկ ներգրավելով, հաճախ մարզեր ենք գնում, հանդիպումներ ենք ունենում։ Մենք դա գիտակցում ենք, որ առանց ՏԻՄ-երում լուրջ փոփոխության՝ հնարավոր չէ հասնել համապետական լուրջ փոփոխության։ Ուղղակի կան իրողություններ, որոնք պետք է հաշվի առնել և այդ ուղղությամբ աշխատել։ Իսկ աշխատանքի համար պետք է ժամանակ, և մենք ուղղակի պարապ նստած չենք, կոնկրետ քայլեր ենք անում»։

Տեսանյութեր

Լրահոս